Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին այն մասին, որ նա «հոգեկանը բուժելու կարիք ունի», անընդունելի է Եվրամիության համար։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։
«Ֆրանսիայի նախագահի հասցեին Թուրքիայի նախագահի հայտարարություններն անընդունելի են ։ Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել այդ վտանգավոր առճակատման շղթան», – գրել է Բորելը։
Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարը նաև գրել է, որ Եվրոպական խորհրդի եզրակացությունները իրական առաջարկ են պարունակում Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու համար, բայց այդ դրական օրակարգի համար պետք է թուրքական իշխանությունների քաղաքական կամքը։
«Հակառակ դեպքում Թուրքիան ավելի մեկուսացած կլինի»,- եզրափակել է Բորելը։