ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են մինչև այժմ արժանացել «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը. անուններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հոկտեմբերի 22-ի որոշմամբ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանն ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար Գարեգին Պողոսյանն արժանացան Ազգային հերոսի կոչման։

Այսպիսով, Հայաստանի ազգային քանի հերոս ունենք մինչ այս պահը։

Նախ նշենք, որ  Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության նախագահը եւ այս  պահի դրությամբ «Հայաստանի ազգային հերոսի» կոչման է արժանացել 20 անձ․

1994 թվականին այդ կոչմանն են արժանացել  Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա կաթողիկոսը (Ազգային և հոգևոր արժեքների պահպանման և բազմապատկման գործում բացառիկ ծառայությունների համար), Վիկտոր Համբարձումյանը (Համաշխարհային նշանակության գիտական արժեքների ստեղծման, գիտության կազմակերպման բնագավառում մատուցած բացառիկ ծառայությունների և ազգանպաստ հասարակական գործունեության համար) և Ալեք Մանուկյանը (Համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, բազմամյա ազգանվեր ու հայրենանվեր գործունեության համար)։

1996 թվականին հետմահու Ազգային հերոսի կոչմանն են արժանացել Մոնթե Մելքոնյան, Ջիվան Աբրահամյան, Վիտյա Այվազյան, Մովսես Գորգիսյան, Թաթուլ Կրպեյան, Գեղազնիկ Միքայելյան, Յուրա Պողոսյան- Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։

1999 թվականին կրկին հետմահու՝ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը։

2004 թվականին այդ պարգևին արժանացան Շառլ Ազնավուրը (Աշխարհին Հայաստանի ներկայացման գործում և երկրի առջև ունեցած բացառիկ ծառայությունների համար, ինչպես նաև ծննդյան 80-ամյակի առթիվ) և Քըրք Քրքորյանը (Համազգային նշանակության բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար)։

2008 թվականին  1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, դժվարին պահերին հայ ժողովրդին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար այդ կոչմանն արժանացավ Նիկոլայ Ռիժկովը։

Դրանից հետո գրեթե տասը տարի Հայաստանը նոր Ազգային հերոս չուներ։ Սակայն 2017 թվականին 2 հոգի՝ Էդուարդո Էռնեկյանը (Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար) և Հովհաննես Չեքիջյանը (Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսևորած անմնացորդ նվիրումի, մշակույթի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, ինչպես նաեւ հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար արժանացան այդ կոչմանը։

Իսկ 2020 թվականին  մինչ Տիրան Խաչատրյանն ու Անդրանիկ Փիլոյանն արդեն Ռուբեն Սանամյանը (2020 թվականի հուլիսի տավուշյան մարտերում ցուցաբերած ռազմական կարևոր դերի համար), Հրայր Հովակիմյանը (Առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար) եւ Վահագն Ասատրյանն արժանացել էին բարձրագույն այդ կոչմանը:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս