Սիրիայում հոկտեմբերի 25-ին տեղի հայկական կազմակերպությունները բողոքի հզոր ակցիա են անցկացրել: «Գանձասար» պարբերականը տեղեկացնում է, որ այն ուղղված էր Արցախի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ոտնձգություններին: Հալեպի Ազիզիե շրջանում ակցիայի մասնակիցները երթ են անցկացրել «Արցախը Հայաստան է» , «Վերջ ցեղասպանությանը» , «Հաղթելու ենք» և այլ վանկարկումներով։
Բացման խոսքով, ելույթ են ունեցել Բերիո Թեմի ազգային վարչության անդամ, փաստաբան Պայքար Թովմասյանը, Հալեպի նահանգային խորհրդի անդամ, փաստաբան Մարիա Գաբրիելյանը, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը և այլք:
Ավելի քան 3000 հալեպահայեր, պետական, կրոնական, կուսակցական ներկայացուցիչներ արտահայտել են Արցախի հայության արդար պայքարին իրենց զորակցությունը։