Իսրայելի պաշտպանության ուժերը սկսել են «Մահացու նետ» լայնածավալ զորավարժությունները, որոնք «Հեզբոլլահի» դեմ մի քանի ճակատներում պատերազմի հնարավոր սցենար կարող են լինել, գրում է almasdarnews.com-ը։
Իսրայելական բանակի ներկայացուցիչ Ավիչայ Ադրային Twitter-ի իր էջում հայտարարել է, որ «Մահացու նետ» զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչև հաջորդ հինգշաբթի, այս տարի երկրի խոշորագույն ռազմական վարժանքներն են, ինչը շատերին առիթ է տվել ենթադրելու, որ դրանք մի քանի ճակատներում, մասնավորապես՝ հյուսիսային ճակատում (Սիրիա և Լիբիա) «Հեզբոլլահի» դեմ պատերազմի հնարավոր սցենար կարող են լինել։
Մամուլի քարտուղարը հայտարարել է, որ զորավարժությունների նպատակն է բարձրացնել մարտական պատրաստվածությունը և համալիր կերպով բարելավել իսրայելական բանակի հարձակողական հնարավորությունները բոլոր մակարդակներում։
Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն հրամանատարական կենտրոնը, ՌՕՈՒ-ի և ռազմածովային նավատորմի մասնակցությամբ կանոնավոր և պահուստային ուժերը, ինչպես նաև հետախուզական ուժերը, կիբեռանվտանգության ոլորտում տեխնոլոգիական ապահովման և կապի ու պաշտպանության մարմինները:
Ադրային ընդգծել է, որ զորավարժություններն ուղեկցվելու են երկրի ամբողջ տարածքում մարտական ինքնաթիռների, ուղղաթիռների ակտիվ տեղաշարժով, քանի որ անվտանգության ուժերի, ռազմական տեխնիկայի և նավերի ակտիվ տեղաշարժեր տեղի կունենան տարբեր տարածաշրջաններում, բացի Հայֆա և Աշդոդ նավահանգիստներից: