ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մտադիր է փոփոխել ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի անցկացման հետ կապված գործընթացը: Այս մասին որոշման նախագիծը նախարարությունը ներկայացրել է կառավարությանը՝ քննարկման:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ կձեւավորվի հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթային հանձնաժողով: Մրցույթը կանցկացվի երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի: Թափուր տեղ առաջանալու դեպքում դասաժամերը տրամադրվում են հաստատությունում աշխատող, համապատասխան որակավորում ունեցող, նույն հաստատությունում տվյալ առարկան դասավանդած կամ դասավանդող՝ մինչեւ 22 ժամ ծանրաբեռնվածություն ունեցող ուսուցչին:
Տեղեկացնենք նաեւ, որ մրցույթը հայտարարվում է թափուր տեղ առաջանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում: Յուրաքանչյուր փուլի համար կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից մշակվում է հարցաշար՝ կազմված 200 հարցից: Իսկ առաջադրանքի համար տրվում է 90 րոպե ժամանակ, յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր, սխալ պատասխանը` 0: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ մասնակիցը մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Ս.Հ.