ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ հայ դատի եւ քաղաքական հարցերի  հայաստանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը երեկ, առանց կոնկրետ անունների, նշել էր, որ ՀՅԴ-ն հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ, որի մասին առաջիկայում կտեղեկացնեն պաշտոնապես` հայտարարությամբ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՅԴ-ն վերջին շրջանում հանդիպումներ է ունենում ԱԺՄ-ի, «Ժառանգության», Սեդրակ Աճեմյանի «Հնչակյան» կուսակցության հետ` քննարկելով առաջիկա խորհրդարանական ու դրան հաջորդող նախագահական ընտրությունների հարցերը: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց լուրը ճշտել ՀՅԴ-ից: Սակայն շարքային անդամները պատասխանում էին, որ տեղյակ չէին, իսկ ՀՅԴ Բյուրոյի եւ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչներն էլ ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում էին: Պատգամավոր Արծվիկ Մինասյանն, օրինակ, տեղյակ չէր, Վահան Հովհաննիսյանն էլ չցանկացավ պատասխանել: «Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այս ընթացքում իրենք միշտ էլ բոլորի հետ հանդիպումներ ունենում են: Զանգահարեցինք նաեւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին` պարզելու` հնարավոր է ՀՅԴ-ի հետ միասնական ճակատով մասնակցեն ընտրություններին: «Հետո՞: Շատ շնորհակալ եմ, որ հարցրիք, բայց ոչ մի բան (հավանաբար պատասխանը նկատի ուներ-Ա.Դ.)»,-հարցը լսելուց հետո ասաց Վազգեն Մանուկյանը եւ կախեց լսափողը:




Լրահոս