Արտախորհրդարանական ուժերի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 20-ի հանդիպումից հետո տարատեսակ տեղեկություններ տարածվեցին, որոնք կրքեր բորբոքեցին։ Բանն այն է, որ, մամուլի հրապարակումների համաձայն, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ողջ իրավիճակը, որն այնքան էլ հուսադրող չի եղել, եւ ներկաներին է մատուցել մի նամակ, որը կարեւոր ինֆորմացիա է պարունակել։ Ներկաներին հորդորել են որեւէ կերպ չգաղտնազերծել այդ նամակը. դա կվնասի Հայաստանին։ Ապա նաեւ տեղեկություն տարածվեց, թե այդ նամակը եղել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից, որում խոսք է գնացել 5+2 շրջանների հանձնման մասին։ Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Արայիկ Հարությունյանի կողմից ուղարկված որեւէ նամակ չկա ու չի եղել նաեւ այդ օրը, ավելին՝ վերջնական տեսքի բերված որեւէ պաշտոնական նամակ ուղղակի գոյություն չունի։ Մենք տեղեկացանք, որ պարզապես քննարկում է եղել, որ եթե որեւէ նամակ գրելու անհրաժեշտություն լինի, ապա պետք է բանակցությունների սեղանի շուրջ քննարկումների վերադարձի պատրաստակամության մասին մի նամակ գրվի, որը պետք է լինի Արցախի բոլոր նախկին նախագահների համաձայնությամբ, ստորագրությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման նամակ ունենալու անհրաժեշտության մասին առաջինը խոսել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Արցախում, հետո այդ հարցը քննարկել է նաեւ Արցախի ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ապա նաեւ Երեւանում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սակայն գործնականում հարցը քննարկումներից այն կողմ չի անցել եւ փաստաթղթի չի վերածվել։ Ամեն դեպքում, եթե անգամ ապագայում որեւէ նամակ լինի, ապա դրանում խոսք չի կարող լինել 5+2 շրջանների հանձման մասին, այլ լինելու է մի այնպիսի բովանդակություն, որը ցույց կտա, թե հավաքական Արցախն ինչ է ուզում բանակցություններում, ինչպես է տեսնում հարցի կարգավորումը եւ ինչ պայմաններով։ Նամակում նշվելու է միայն, որ պաշտոնական Արցախը կողմ է բանակցությունների սեղանին վերադառնալու գաղափարին։ Ընդամենը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ խափանման միջոց կալանքը փոխելու համար փաստաբանական խումբն առաջարկելու է 100 միլիոն դրամ: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ այս ժամանակահատվածում ուսումնասիրվում է այն ֆինանսական շարժերը, որն իրականացրել է Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունը, ինչպես նաեւ նրանց հիմնադրամը: Գագիկ Ծառուկյանի թիմը կարծիք է հայտնել, որ գրավի չափը բավականին մեծ է: Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերի 25-ին դատարանը որոշեց կալանավորել Գագիկ Ծառուկյանին: Վերջինս մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ, ինչպես նաեւ հարկեր թաքցնելու մեջ, սակայն Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում։ Այսօր դատական նիստի օրն է, եւ եթե այն կրկին չհետաձգվի, ապա պարզ կլինի՝ Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի, թե կմնա կալանքի տակ։ Ամենայն հվանականությամբ, նա գրավի դիմաց ազատ կարձակվի։ Հիշեցնենք նաեւ, որ նախորդ անգամ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ պաշտպանական կողմից դատարանը հավելյալ փաստաթղթեր էր պահանջել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Բարձրագույն դատական խորհուրդը դիմելու է Ազգային ժողովի խմբակցություններին՝ առաջարկելով նրանց հանդիպում կազմակերպել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների հետ: Դիմելով խմբակցություններին՝ ԲԴԽ-ն որոշել է պարզել՝ արդյոք այս իրավիճակում խմբակցությունները ցանկություն ունեն հանդիպել դատավորի թեկնածուներին: Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներն են Արսեն Մկրտչյանը, որն այժմ զբաղեցնում է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագայի պաշտոնը, ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցը եւ Սյունիքի մարզի դատախազ Սամվել Գրիգորյանը: Եվ, ահա, ըստ ընդունված կարգի՝ խորհրդարանական խմբակցությունները պետք է հերթով հանդիպումներ ունենան դատավորի թեկնածուների հետ, լսեն նրանց եւ ապա որոշում կայացնեն, թե ինչպես են քվեարկելու: Սակայն այս իրավիճակում չի բացառվում, որ խմբակցություններն անգամ ցանկություն չհայտնեն հանդիպելու նրանցից որեւէ մեկի հետ: Այդ դեպքում թերեւս նրանց ճակատագիրն անորոշ կմնա, եւ վերջնական որոշումն էլ կկայացվի հենց խորհրդարանում նրանց ելույթներից եւ հարցուպատասխանից հետո: Ինչեւէ, դատավորի թեկնածուները եւս անհամբեր սպասում են, թե ինչ կորոշվի:
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է համայնքների վարչական տարածքում ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրք սահմանել: Մեզ հայտնի դարձավ, որ տեխնիկական կանոնակարգման ոլորտը համակարգվում է էկոնոմիկայի նախարարության կողմից, եւ նշված ոլորտում խնդիրները լուծելու նպատակով այս գերատեսչությունը նախագիծ է մշակել, որն էլ ներկայացրել է կառավարությանը: Ավելին, մինչեւ նախագիծը մշակելը, պարզվում է, նախարարությունն ուսումնասիրել է հեղուկացված ածխաջրածնային գազերի մանրածախ իրացման վայրերը եւ պարզել, որ սպառողներին գազի տեսակի մասին տեղեկատվության ցուցադրման պահանջ չկա: Մինչդեռ առեւտրի այդ կետերում վաճառողը պարտավոր է սպառողին տրամադրել տեղեկատվություն վառելիքի անվանման, նպատակային նշանակության վերաբերյալ, որը պետք է տեղադրվի սպառողների համար տեսանելի վայրում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ տեղեկատվությունը վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա չտեղադրելու համար պաշտոնատար անձը կտուգանվի 200 հազար դրամի չափով: Եթե նույն արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարի, ապա կտուգանվի 500 հազար դրամի չափով: Իսկ մինչ այդ նախարարությունում մտահոգվում են՝ Հայաստանում շատ հաճախ վարորդները, տեղեկացված չլինելով, իրենց տրանսպորտային միջոցները լիցքավորում են կենցաղային հեղուկացված ածխաջրածնային գազով, ինչն իր բացասական հետեւանքն է ունենում ավտոմեքենայի աշխատանքի վրա: