ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՊԱՏԺԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում ընթացող պատերազմին զուգահեռ Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիային այս կամ այն կառույցից հեռացնելու, նրա հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին հայտարարությունները չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման կոչով է հանդես եկել Եվրախորհրդարանում Շվեդիայի ներկայացուցիչ Չարլի Ուեյմերսը: Նա կարծիք հայտնեց, թե Ալիեւին աջակցում են Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները Սիրիայից:

 

«Էմանուել Մակրոնն արդեն հաստատել է, որ փաստեր ունի այն մասին, որ Ադբեջանին աջակցելու համար Թուրքիան իսլամիստներ է ուղարկում Սիրիա: Ես դիմել եւ դիմում եմ Եվրոպական Միությանը հարցով, թե արդյոք վերջինս դատապարտում է Թուրքիայի միջամտությունը եւ դիտարկում նրան ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու հարցը»,- նշեց նա:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Եվրախորհրդարանում Շվեդիայի ներկայացուցիչ Չարլի Ուեյմերսի հետ:

-Պարո՛ն Ուեյմերս, ո՞րն է Լեռնային Ղարաբաղում սեպտեմբեի 26-ից սկսված պատերազմի պատճառը:

-Ադրբեջանը նախապես վաղուց էր ծրագրել իրականացնել հարձակում եւ էսկալացիա: Սեպտեմբերի 26-ից մի քանի շաբաթ առաջ ադրբեջանական կողմը տարօրինակ զորավարժություններ ու մոբիլիզացիա սկսեց: Պարզ է, որ Ադրբեջանն ամեն ինչ ծրագրավորել է, որպեսզի պատերազմ սկսի եւ գրավի Արցախի տարածքի մեծ մասը:

-Այդ դեպքում, ըստ Ձեզ՝ որքա՞ն հեռուն կարող են գնալ Ադրեջանի ծրագրերը:

-Դժբախտաբար, շատ հեռուն: Մենք տեսնում ենք, թե ինչպես են Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային հատվածից իսլամիստ վարձկաններ ուղարկվել տարածաշրջան՝ Արցախի դեմ կռվելու, հայ զինվորականներին սպանելու համար, ընդ որում՝ նաեւ արգելված եղանակներով՝ արհամարհական կերպով գլխատելով հայ զինվորին:

-Այսինք՝ Թուրքիայի դերը կայանում է միայն վարձկաններ ուղարկելո՞ւ մեջ:

-Թուրքիայի դերը եւ մասնակցությունը պետք է խստորեն դատապարտվի: Վերջին ամիսների ընթացքում ավելի խորն է դարձել Թուրքիայի միջամտությունը կոնֆլիկտին եւ Ադրբեջանին ամեն կերպ պաշտպանելու ձգտումը:  Նա Սիրիայի հյուսիսային հատվածներից իսլամիստ ջիհադիստներ է ուղարկում կոնֆլիկտի վայր, որը կարող է բորբոքել հակամարտությունը նաեւ կրոնական հարթությունում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դրդող քայլերը Հայաստանի դեմ եւս պետք է դատապարտվեն ամենախիստ կերպով:

-Սակայն կարո՞ղ է միջազգային հանրությունը պատժել Թուրքիային եւ Ադրբեջանին:

-Այո, միջազգային հանրությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ: Բացի այդ, Թուրքիան պետք է հեռացվի ԵԱՀԿ Մինսկի խմբից:

-Իսկ ինչպե՞ս պետք է կարգավորվի հակամարտությունը, Մինսկի՞, թե՞ այլ դիվանագիտական խմբի մասնակցությամբ:

-ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին  ուրբաթ օրը ՝ հոկտեմբերի 23-ին, արդեն հրավիրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որպեսզի հանդիպում տեղի ունենա Վաշինգտոնում: Ես վճռականորեն սատարում եմ լարվածությունը թուլացնելու ԱՄՆ ձգտումները:

-Պատերազմի հենց առաջին օրվանից Արցախի եւ Հայաստանի ղեկավարությունը միջազգային հանրությանը կոչ են անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Նման հնարավորություն տեսնո՞ւմ եք: Օրինակ՝ Շվեդիան կարո՞ղ է ճանաչել Արցախի անկախությունը:

-Դժբախտաբար, ես չեմ տեսնում հնարավորություն, որ միջազգային հանրությունը կարող է առաջիկայում ճանաչել Արցախի անկախությունը, սակայն Դուք կարող եք իմ վրա հույս դնել որպես ընկեր: Ես շարունակելու եմ ելույթներ ունենալ եւ պաշտպանել Ձեզ անարդարության հանդեպ, որի պատճառով հայ ժողովուրդը տանջվում է արդեն երկար ժամանակ:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՀԵՏ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ պետք է այսուհետ դիվանագիտական հարթակներում ավելի կոշտ հայտարարություններով հանդես գալ, քանի որ ակնհայտ նկատվում է, որ եվրոպական կառույցները աչք են փակում այն իրավիճակի վրա, որն առկա է Արցախում: Իմքայլական պատգամավորի հետ խոսել ենք միջազգային հարթակներում մեր ունեցած թերացումների, ինչպես նաեւ հետագա անելիքների մասին:

 

-Պարո՛ն Հովհաննիսյան, պատերազմի 25-րդ օրն է: Խնդրում եմ անդրադառնալ միջազգային հանրության գնահատականին այն մասին, թե ինչ է կատարվում Արցախում: Արդյոք մենք միջազգային հանրությանը կարողացա՞նք ներկայացնել այն իրավիճակը, ինչն այսօր տեղի է ունենում:

-Ես կարծում եմ, որ միջազգային հարթությունում, համենայնդեպս, այն տեսանելի դաշտում մեր դիվանագիտության համար մեծ դաշտ է առաջացել դրական իմաստով, որպեսզի հետագայում  մեր գործունեությունները, այսինքն՝ արդեն փաստաթղթային մակարդակում այլ կերպ ընկալվեն: Երբ Ադրբեջանին ասում էին, որ ագրեսոր պետություն է, այսօր ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ինքը ոչ միայն ագրեսոր է, այլ ինքը պատրաստ է ցեղասպանության նոր, էթնիկ զտումների: Եթե միայն րնանց հրապարակային խոսքերը վերլուծելու լինենք, կարող ենք ասել, որ մեր դիվանագիտության համար մեծ դաշտ է: Բայց դեռ չեն ավարտվել ռազմական գործողությունները, եւ ռազմի դաշտում չի ջախջախվել թշնամին, իսկ փորձը ցույց է տալիս, որ ուժեղի հետ են հաշվի նստում, միայն այդ պարագայում կարող ենք ասել, որ  վերջնական դիվանագիտական թե ռազմական հաջողությունների զուգակցումը մեզ կբերի հաջողության:

-Ըստ Ձեզ՝ դիվանագիտական հարթակում Հայաստանը պարտվե՞լ է:

-Որոշ բանաձեւերի մեջ եղել են փոքր բաներ, բայց մեծ հաշվով մենք չենք պարտվել: Բայց հիմա կարող ենք աշխարհին ներկայացնել, որ գործ ունենք բարբարոս ագրեսորի հետ, որը ռմբակոծում է մեր եկեղեցիները, դպրոցները, մշակութային տները, մանկապարտեզները, բայց որոշ միջազգային կառույցներ, նույն ՄԱԿ-ի գրասենյակը, երբ նայում ենք, որ նրանք վազելով գնում են Գյանջա, բայց միայն օրեր անց ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում վիրավոր տղային տեսնելու են գնում: Կամ համեմատելու համար, երբ նայում ենք այն գումարային օգնությունները, որոնք տրվեցին Վրաստանին եւ Հայաստանին քառօրյայից հետո, ուղղակի ծիծաղելի են:

Մենք գործ ունենք երկակի ստանդարտների հետ, եւ պետք է որոշ իմաստով Եվրոպային եվրոպական արժեքների վրա կանգնեցնենք, որոնք իրենք քարոզում են, ոչ թե երկակի ստանդարտներին ու խավիարային մոտեցումներին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՓԱՍՏԵՐՈՎ

Confict Intelligence Team-ի ներկայացուցիչները հետաքննություն են անցկացրել եւ հաստատել սիրիացի վարձկանների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմին՝ չնայած նրան, որ ադրբեջանական ու թուրքական կողմերը պաշտոնապես հերքում էին այն: Հիմնական տեսանյութում, որը հրապարակված է սոցիալական ցանցում, երեւում է, որ սիրիացիները մասնակցում են ամենաքիչը գոնե հարավային ուղղությամբ մարտերին, որտեղ վերջին օրերին ծանր մարտեր էին ընթանում՝ Հադրութի համար: Ամենաքիչը հենց այդ հատվածում երեւում են ադրբեջանական սահմանապահների հագուստով սիրիացիներ: Այդ տեսանյութում սիրիացիները խոսում են արաբերեն: Մյուս տեսանյութում, որը եւս նկարահանված է Իրանի հետ սահմանային հատվածում, սիրիացին կրկին ադրբեջանական սահմանապահի հագուստով խոսում է արաբերեն եւ նկարահանում էր հայկական խրամատը: Մյուս տեսանյութում եւս ադրբեջանական սահմանապահի հագուստով սիրիացին խոսում է արաբերեն եւ նկարահանում է արդեն հայկական դիրքերը: Նա նաեւ պատմում է, որ Համզա դիվիզիայի անդամներից է: Թիմի հետաքննության համաձայն՝ սիրիացիները, որոնք եկել են Ղարաբաղ, ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ հավաքագրվել են Սիրիայի հյուսիսից: Այդ շրջանում, բացի տեղի բնակիչներից, ապրում են նաեւ մարդիկ երկրի այլ տարածքներից: Այդ տարածքները մասնակիորեն կամ ամբողջությամբ վերահսկվում են թուրքական ուժերի կողմից: Հաշվի առնելով եւ համադրելով այդ բոլոր փաստերը՝ կարելի է վստահաբար ասել, որ Լեռնային Ղարաբաղում ներկայումս ընթացող պատերազմին թուրք-ադրբեջանական ուժերը նախապես էին պատրաստվել, եւ սա ամենեւին էլ պատահական պատերազմ չէ:

 

 

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԻՐԱՆԻ ՄՈՒՏՔԸ ԿԱՐԳԵԼՎԻ

Հայաստանը Թուրքիայից մի քանի տասնյակի հասնող անուն ապրանք է ներկրում: ArmLur.am-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ Հայաստանը Թուրքիայից այս տարվա առաջին կիսամյակում ներկրել է անգամ ծիրան, կեռաս, բալ, դեղձ, նեկտարին: Պաշտոնական փաստաթղթերից տեղեկացանք, որ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ Թուրքիայից մտել է 895 տոննա դեղձ, նեկտարին, ծիրան՝ նախորդ տարվա 353 տոննայի դիմաց: Պատկերացնո՞ւմ եք, ծիրանի երկիր Հայաստան ծիրան է ներմուծվել Թուրքիայից: Բացի այս, Թուրքիայից Հայաստան ներմուծվել է նաեւ լոլիկ 1089 տոննայի չափով, ավելի քան 36 տոննա կաղամբ, 48 տոննա վարունգ: ArmLur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ Թուրքիայից մեր հանրապետություն թեկուզ չնչին քանակությամբ, բայց ներմուծվել է նաեւ խաղող 252 կգ չափով: Թուրքիայից Հայաստան 8377 տոննայի չափով այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ցիտրուսային միրգ է ներմուծվել: Տեղեկացնենք, որ այս թվերը առաջին կիսամյակի տվյալներն են: Ի դեպ, արձանագրենք, որ ՀՀ կառավարության՝ թուրքական ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ որոշումը ուժի մեջ կմտնի այս տարվա դեկտեմբերի 31-ից:

 

 




Լրահոս