ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՐՑԱԽԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգների Կոնգրեսում առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձեւ։ Նախօրեին նման նախաձեռնությամբ է հանդես եկել հայաշատ Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն:

 

«Արցախը շատ ամերիկյան պատմություն է՝ ազատ ժողովրդի հաղթանակը օտար կառավարման դեմ: Այդ հպարտ հանրապետության քաղաքացիները մարմնավորում են մեր իսկ Անկախության հռչակագրի բառերը»,- գրում է կոնգրեսականը:

«Առաջ գնալու ճանապարհը ազատության ճանապարհն է, այդ է պատճառը, որ ես Միացյալ Նահանգների կողմից Արցախի անկախության պաշտոնական ճանաչման կոչ եմ անում։ Ազատությունը Արցախի գոյատեւման համար մնացած միակ պատասխանն է՝ պատմականորեն հիմնավորված, օրենքի վրա հիմնված անջատումը որպես ապաքինում, – պնդել է Ներկայացուցիչների պալատի անդամը եւ եզրափակել։- Հետդարձի ճանապարհ չկա: Արցախը չպետք է վերադառնա Ադրբեջանին»:

Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցով Գրեյս Նապոլիտանոյի նախաձեռնությունը հաջորդում է ԱՄՆ Կոնգրեսի մեկ այլ՝ առավել ազդեցիկ ներկայացուցչի՝ Ադամ Շիֆի հայտարարությանը. «Եթե Ադրբեջանն ու Թուրքիան հետաքրքրված չեն Արցախի հարցի շուրջ բանակցություններով, ժամանակն է, որ ԱՄՆ-ն ճանաչի Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն»:

Անցած շաբաթ Լոս Անջելեսում հայ համայնքի բազմահազարանոց ցույցին ելույթ ունենալով՝ կոնգրեսական Շիֆը նաեւ ասել էր. «Միացյալ Նահանգները չափազանց շատ է կեղծ հավասարություն դրել Ադրբեջանի, Հայաստանի եւ Արցախի միջեւ, որոնցից առաջինն իրականացնում է հարձակում հարձակման հետեւից, իսկ երկրորդը՝ պաշտպանում իր կյանքն ու տունը։ Ամերիկան պետք է պաշտպանի Ստեփանակերտի ծաղկող ժողովրդավարությունը, այլ ոչ թե բռնապետական ռեժիմը»:

Անցած օրերին մի խումբ կոնգրեսականներ՝ Շիֆի գլխավորությամբ, նամակով դիմել էին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ հորդորելով վճռական քայլեր ձեռնարկել եւ դատապարտել Ադրբեջանի սադրիչ ագրեսիան ու Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման մեջ Թուրքիայի կործանարար դերակատարումը: Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսումից ի վեր Միացյալ Նահանգները տարբեր մակարդակներով, այդ թվում՝ Սպիտակ տան ղեկավարի, Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, եւ առանձին հանդես է եկել կրակի անհապաղ դադարեցման եւ երկխոսությունը վերականգնելու կոչերով, իսկ այս շաբաթվա վերջին էլ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին Վաշինգտոնում կհյուրընկալի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Այդ հանդիպման նախաշեմին սենատոր Էդուարդ Մարքին դիմել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարին՝ հորդորելով հասնել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ խաղաղ կարգավորման բանակցությունների միջոցով:

«Թուրքիայի լիակատար աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի դեմ պետք է անհապաղ դադարեցվեն։ Պետքարտուղար Փոմփեոն պետք է հստակեցնի, որ Միացյալ Նահանգներն աջակցում է այս հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ պատրաստ է նպաստել բանակցություններին», – հայտարարել է Մասաչուսեթսից ընտրված սենատորը՝ համոզմունք հայտնելով, որ խնդիրը Ադրբեջանի կողմից ռազմական ուժով լուծելու փորձերը «միջազգային հանրությանն այլընտրանք չեն թողնում, քան անցնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը կառուցողական բանակցությունների բացակայության պայմաններում»:

Սենատոր Մարքիի պնդմամբ՝ պետքարտուղար Փոմփեոն եւ նախագահ Թրամփը «սերտ կապեր են հաստատել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ» եւ «պետք է իրենց ավտորիտար ընկերոջը հասկացնեն, որ այս հակամարտությունում նրա հետագա մասնակցության գինը կլինի ԱՄՆ վարչակազմի հետ ջերմ հարաբերությունների եւ ռազմական օգնության դադարեցումը»:

Ն.Հ.

 

 

ՊԱՐՏԱԴՐԵԼՈՒ Է

Իմ ակնկալիքն այն է, որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը եւ մարդասիրական զինադադարը կայանան. այս մասին ասել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ կրկին Մոսկվա մեկնելուն: «Ռուսաստանի Դաշնությունն այստեղ ունի պոզիտիվ պատրականություն՝ պարտադրելու այդ պայմանավորվածության իրագործումը»,- ասել է նա։

Հարցին՝ ինչպես պետք է Ռուսաստանի Դաշնությունը պարտադրի հրադադար, Մարուքյանը նշել է.

«Ես պարտադրելու մեջ տեսնում եմ նաեւ ուժ կիրառելը, որովհետեւ ուժ կիրառելու իրավական բոլոր հիմքերը կան։

Խոսքը գնում է հակատեռորիստական որեւէ գործողությանը, տեռորիստներին հարվածելը համարվում է  լեգիտիմ թիրախ»։

 

 

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան առաջ երեկ բողոքի ակցիա է տեղի ունեցել: Մասնակիցները պահանջում են համարժեք արձագանք Ադրբեջանի ագրեսիային: «Ամեն կառույցի թեկուզ մեկ րոպե լռությունը մեր հերթական զոհն է սահմանում: 21-րդ դարում հերթական լռությունն ենք արձանագրում աշխարհի բոլոր պետությունների կողմից, ստացվում է այնպես, որ ով նավթ ունի, նա էլ թելադրողն է լինելու համաշխարհային ճակատում, սակայն մոռացել են, որ գործ ունեն հայի հետ. հայը կոտրվել, պարտվել չգիտի: Ոչ մի քաղաքակիրթ երկիր իրավունք չունի լռելու, սա համաշխարհային խայտառակության արդյունք է»,-նշել է ակցիայի մասնակիցներից մեկը: Ակցիայի մասնակիցները նշել են, որ Արցախում Ադրբեջանը արգելված զենքեր է կիրառում, իսկ միջազգային հանրությունը քաղաքացիական զոհերի, վիրավորների վրա աչք է փակում: Մասնակիցները վանկարկում էին՝ «Ամոթ», «Դո՛ւրս եկեք», «Լռում եք, ուրեմն հանցակից եք»:

 

 

ՈՂՋՈՒՆՈՒՄ Է

Ռուսաստանը ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Մոսկվայում հանդիպում ունենալու պատրաստակամությունը. այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Մենք տեսել ենք այդ տեղեկատվությունը։ Ողջունում ենք առաջնորդների հանդիպելու եւ խաղաղության հասնելու ցանկությունը»- ասել է Ռուդենկոն։ Ավելի վաղ Հայաստանի Հ վարչապետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել էր. «Ես պատրաստ եմ ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, խոսել: Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա, ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման»։

 

 

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՐՑԵՐ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ:

ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ քննարկվել են անհետաձգելի հարցեր, որոնք կապված են կրակի դադարեցման պայմանավորվածությունների կատարման եւ հարցի կարգավորման համար պայմաններ ստեղծելու հետ: Բացի այդ, հոկտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այժմ ընթանում են այդ այցի նախապատրաստական աշխատանքները: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը իր հերթին հայտնել էր, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը եւս նույն օրը հանդիպելու է Մայք Փոմփեոյի եւ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Սակայն այլ ֆորմատով հանդիպման նախապատրաստական աշխատանքներ այս պահին չեն տարվում, եւ հանդիպումը կայանալու է առանձին-առանձին, այլ ոչ թե եռակողմ ֆորմատով:

 

 

ԶՐՈՒՑԵԼ ԵՆ

ՀՀ Ազգային Ժողովի ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահ Արման Եղոյանը, կոմիտեի անդամներ Ռուբեն Ռուբինյանը, Արկադի Խաչատրյանը եւ Իվետա Տոնոյանը տեսակապով զրուցել են Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի եւ փոխնախագահներ Կոսմա Զլոտովսկիի եւ Ռասա Յուկնեվիչիենեի հետ։

«Հայկական կողմի ներկայացուցիչներն իրենց եվրոպական գործընկերներին ներկայացրին Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետեւանքով ստեղծված իրադրությունն ու դրանից դուրս գալու ելքերը՝ մասնավորապես, որպես այդպիսին, նշելով Արցախի սուբյեկտայնության ճանաչումը։ Պատգամավորներն անընդունելի եւ վտանգավոր համարեցին այս պատերազմի կողմերի միջեւ հավասարության նշան դնելն ու երկու կողմերին ուղղված նույնական կոչեր անելը»,-նշված է հաղորդագրության մեջ։




Լրահոս