Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի անվտանգության եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, վետերան Ֆրանս Կլինցեւիչն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե իր համար անհասկանալի է պատերազմական այս իրավիճակում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը: Պատերազմի վետերանը նկատում է՝ Հայաստանն անկախ պետություն է, եւ Ռուսաստանի Դաշնությունը կարող է միջամտել եւ հակաահաբեկչական գործողություն իրականացնել միայն այն դեպքում, երբ Հայաստանից պաշտոնապես դիմում ունենա:
-Պարո՛ն Կլինցեւիչ, ինչիպիսի՞ ելք եք տեսնում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմից:
-Դուք ինքներդ էլ հասկանում եք, որ այս իրավիճակում կան երկրներ, ում հետ, որպես պետություն, հարաբերություններ ենք հաստատել դեռ սովետական ժամանակներից: Մենք հարաբերություններ ունենք երկու երկրների հետ էլ: Դա հարցի մի կողմն է, մյուս կողմն այն է, որ Ադրբեջանը ցանկանում է տարածքներն ազատագրել, իսկ այն, որ Հայաստանի ղեկավարությունը խոսում է այն մարդկանց մասին, որոնք ապրում եւ պաշտպանում են հայրենիքը, դա էլ հարցի մյուս կողմն է եւ ավելի մարդկային ինձ համար: Դեռ Լենինի եւ Ստալինի ժամանակներից լուրջ սխալներ են թույլ տրվել, եւ դրանք կապված են եղել Սովետական միության քաղաքականության հետ, սակայն այն ժամանակ ոչ ոք չէր կարող ենթադրել, որ Սովետական միությունը մի օր փլուզվելու է: Իսկ այն երկրները, որոնք այժմ Ռուսաստանի Դաշնության սահմանում կամ երկրների մոտ խնդիրներ են ստեղծում, չեն մտածում Հայաստանի կամ Ադրբեջանի մասին:
-Ո՞րը պետք է լինի այս հակամարտությունում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը:
-Ես ինքս այժմ չեմ հասկանում Հայաստանի ղեկավարության՝ երկու աթոռներին միաժամանակ նստելու քաղաքականությունը: Միաժամանակ երկու աթոռներին նստել չի կարելի, պետք է կողմնորոշվել՝ ում հետ եք դուք, մարդի՛կ: Դուք ՌԴ-ի հետ եք, թե Եվրոպայի, այն դեպքում, երբ պետք է մտածենք ժողովրդի մասին, այլ ոչ թե քաղաքական ուղղվածություն փոխենք: Եվ ես այս իրավիճակում սա ասում եմ ոչ թե որպես սենատոր կամ նախկին պատգամավոր, այլ պատերազմի վետերան, եւ գիտեմ, թե ինչ է պատերազմը, որն է դրա հետեւանքները եւ ինչպես կավարտվեն: Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություններ են, եւ պետք է, որպեսզի ղեկավարությունը դիմի Ռուսաստանին, կարծիք հայտնի, խնդրի կամ ասի, թե ինչում պետք է կայանա օգնությունը: Մենք չենք կարող որեւէ քայլ անել, եթե մեր օգնության կարիքը ոչ ոք չունի:
-Մասնագետները ընդգծում են, թե պետք է Լեռնային Ղարաբաղի երկինքը ոչ թռիչքային գոտի սահմանել: ՌԴ-ն կարո՞ղ է նման քայլի դիմել:
-Այդպիսի որոշումներ կայացնում է պետությունը, եւ Հայաստանը կախված չէ Ռուսաստանի Դաշնությունից: Ոչ թռիչքային գոտի հայտարարելու իրավունք այլ երկրներում մենք չունենք, մենք կարող ենք մեր սահմանից որեւէ բան անել, բայց ուրիշ երկրի տարածքում՝ ոչ:
-Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց հակաահաբեկչական գործողություն իրականացնելու կարեւորության մասին: Այդ մասով ի՞նչ կասեք:
-Դա շատ կարեւոր բաղադչրիչ է եւ գլխավոր ասպեկտներից մեկը, որով Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը պետք է դիմի ՌԴ-ին, ներկայացնի ապացույցներ եւ ասի, որ մեր տարածք են մուտք գործել միջազգային ահաբեկիչներ, եւ խնդրում ենք մեզ աջակցություն ցուցաբերել: Կարծում եմ՝ սա ճիշտ կլիներ, սակայն սա ասում եմ՝ որպես ռազմի մարդ, այլ ոչ թե դիվանագետ:
-Իսկ որքանո՞վ է իրավիճակը փոխում Թուրքիայի մասնակցությունը:
-Իհարկե, Թուրքիային միջազգային պրովակատոր է: Ես ինքս չեմ թաքցնում եւ ասում եմ, որ նրանք ցանկանում են դոմինանտ լինել Կովկասում, եւ կարծում եմ, եթե դա նրան թույլ տրվի, ապա Հայաստանը ֆիզիկապես այլեւս չի լինի: Ահա թե ինչ կլինի Հայաստանի հետ: Նրանք ծրագրեր են կազմում, ցանկացած իրավունքի կանոնները խախտում: Թուրքիային կանգնեցնել կարելի է, սակայն չգիտեմ այլ տարբերակ: Փաշինյանը պետք է ոչ թե Եվրոպային դիմի, այլ ՌԴ-ին. դա իմ կարծիքն է՝ ռազմական գործողությունների վետերանի, որն ունի նաեւ քաղաքական փորձ: Հայաստանը պետք է դիմի ՌԴ-ին:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԱՃԵԼ Է
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա՝ ամփոփվել են 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ցուցանիշները: «Մասնավորապես, 2020թ. սեպտեմբերի տվյալներով՝ եկամուտ ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 632 հազար, որը, 2020թ. օգոստոսի համեմատ, ավելի է շուրջ 14 հազարով, իսկ 2019 սեպտեմբեր ամսվա համեմատությամբ` 15.6 հազարով: Միաժամանակ, 2020թ. սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, աճել է նաեւ ընդհանուր հայտարարագրված եկամուտը՝ կազմելով շուրջ 126 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 114.6 մլրդ դրամի փոխարեն: Դրան զուգահեռ՝ 2020 թվականի սեպտեմբեր ամսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է նաեւ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը՝ կազմելով շուրջ 199 հազար դրամ` նախորդ տարվա 186 հազար դրամի փոխարեն: Հատկանշական է, որ 2020թ. սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվն աննախադեպ է, եւ Հայաստանի Հանրապետության վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»,-տեղեկացրել է Պետական եկամուտների կոմիտեն:
ԱՐԳԵԼՔ Է ԴՐՎԵԼ
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են. «Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումն իրենից ենթադրում է նախեւառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց՝ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական եւ ահաբեկչական գործողություններին: Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, միաժամանակ կանխարգելվում է նաեւ թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան»:
ԲՈՂՈՔ՝ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ
Երեկ քաղաքացիները խաղաղ ակցիա էին անում Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանատան դիմաց՝ պահանջելով արձագանքել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Մասնակիցները ձեռքերում պահում էին պաստառներ, որոնց վրա անգլերեն եւ գերմաներեն գրված էր. «Կանգնեցրե՛ք Էրդողանին, կանգնեցրե՛ք երկրորդ Հիտլերին», «Ճանաչե՛ք Արցախը», «Մի՛ լռեք», «Գերմանիա՛, ձեր լռությունը սպանում է մարդկանց» եւ այլն:
Նրանց պահանջներից մեկը նաեւ այն էր, որ Գերմանիան ճանաչի Արցախը: Մասնակիցները վանկարկում էին. «Մենք Արցախ ենք», «Էրդողանը ահաբեկիչ է», «Դադարեցրե՛ք ադրբեջանական ագրեսիան», «Դադարեցրե՛ք ցեղասպանությունը», «Բացե՛ք ձեր աչքերը» եւ այլն: «Մենք դեսպանի հետ հանդիպում ենք պահանջում, որպեսզի երես առ երես խոսենք նրա հետ, հասկանանք իրենց դիրքորոշումը, թե որքանով են իրազեկված: Պետք է նաեւ հասկանանք, թե որքանով են պատրաստ քայեր ձեռնարկելու այս ամենը դադարեցնելու համար»,-նշել է մասնակիցներից մեկը: Խաղաղ ակցիայի ժամանակ հայերին միացել է ազգությամբ էստոնացի մի տղամարդ, որը հայերեն կոչ է արել չդադարեցնել պայքարը:
«Ես էստոնացի եմ, հայ ժողովրդի հետ եմ: Այսօր ես էլ պետք է գնայի սահման, սակայն տարիքից ելնելով՝ մոտ 10 օրից եմ գնալու: Իմ ազգի անունից ասում եմ, որ Էստոնիան Հայաստանի հետ է: Պի՛նդ եղեք, հայե՛ր»,- ասել է նա: Ակցիայի մասնակիցներին սատարել են նաեւ բազմաթիվ վարորդներ, որոնք, ի աջակցություն, ձայնային ազդանշաններ էին հնչեցնում, այնուհետեւ մասնակիցները փակեցին ճանապարհի մի հատվածը:
ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ
Իրանում հոկտեմբերի 21-ի առավոտյան սկսել են հակաօդային պաշտպանության ամենամյա զորավարժությունները՝ «Վելայաթ երկինք 99-ի պահապաններ»։ Զորավարժությունների երկրորդ բրիգադային գեներալ Աբբաս Ֆարաջփուրը իրանական Mehr-ին ասել է, որ զորավարժությունների առաջին փուլը ներառում է պաշտպանական համակարգերի եւ ռադարների ակտիվացում, տեղակայում՝ շեշտը դնելով շարժունակության եւ մարտական ուժերի արագ հակաքայլերի վրա։