ԴԱՏԱՊԱՐՏԵ՛Լ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքացիական հասարակության 40-ից ավելի կազմակերպությունները հանդես են եկել հայտարարություն-կոչով՝ դիմելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ): «Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում ենք ադրբեջանական ռեժիմի ագրեսիան՝ ընդդեմ Արցախի եւ ՀՀ խաղաղ բնակչության, եւ արտահայտում ենք մեր մտահոգությունը երեխաների կյանքի, կրթության եւ անվտանգ միջավայրում ապրելու իրավունքի շարունակական խախտումների կապակցությամբ: Հիմնվելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի մանդատի վրա, այն է՝ «երաշխավորել բոլոր երեխաների իրավունքներն ամենուր», որում հռչակվում են յուրաքանչյուր երեխայի նկատմամբ կիրառելի համամարդկային եւ անքակտելի իրավունքներ, ցանկանում ենք կոչ անել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին քայլեր ձեռնարկել եւ դատապարտել այն բռնությունը, որը սանձազերծվել է Արցախի եւ ՀՀ երեխաների դեմ: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը պետք է կոչ անի Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել մարտական գործողությունները՝ ընդդեմ երեխաների եւ քաղաքացիական բնակչության, ինչպես նաեւ հավատարիմ մնալ երեխայի կյանքի անշեղելի իրավունքի պաշտպանությանը եւ լիարժեքորեն հարգել միջազգային մարդասիրական իրավունքը:

 

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ սահմանի երկայնքով: Առաջին իսկ օրվանից Ադրբեջանն օգտագործում է ծանր եւ հեռահար հրթիռներ եւ ավիացիա քաղաքացիական բնակչության դեմ: Հոկտեմբերի 16-ի դրությամբ մարմնական վնասվածք է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 9-ամյա աղջնակ, որը սպանվել է իր տան բակում, իսկ նրա երկու տարեկան եղբայրը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել: Հոկտեմբերի 10-ին՝ հրադադար հայտարարելուց հետո, ադրբեջանական դիվերսիոն խումբը կատարել է Հադրութ քաղաքի բնակիչների սպանություններ: Ինչպես հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, նրանց թվում եղել են երկու քաղաքացիական անձինք՝ մայր եւ նրա հաշմանդամություն ունեցող որդին, որոնք սպանվել են իրենց տան մեջ:

Ադրբեջանական զինված ուժերն օգտագործում են կասետային զինամթերք, որն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով: Ինչպես հայտնի է, կասետային զինամթերքը սարսափելի ազդեցություն է ունենում երեխաների վրա: Ինչպես ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետազոտությունն է ցույց տվել, կասետային ռումբերից տուժողների մոտ 40 տոկոսը երեխաներ են, որոնք սպանվում կամ մարմնական վնասվածք են ստանում անմիջական մարտական գործողությունների ավարտից երկար ժամանակ անց: Կասետային զինամթերքի ռիսկը հատկապես մեծ է երեխաների համար, քանի որ դրանք չափսերով փոքր են եւ փայլուն եւ դրանով իսկ հետաքրքրասիրություն են առաջացնում երեխաների մոտ: Ադրբեջանի կողմից կիրառվող հաջորդ մեթոդը խաղաղ բնակչության թիրախային եւ պարբերական ահաբեկումն է անօդաչու թռչող սարքերի/դրոնների միջոցով: Դրանց կիրառությունը քաղաքացիական անձանց բնակության վայրերում վերստին ապացուցում է, որ Ադրբեջանը դիտավորյալ է թիրախավորում խաղաղ բնակչությանը: Հոկտեմբերի 14-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոթք համայնքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերով կատարված այդօրինակ թիրախային հարձակման հետեւանքով վիրավորվել է 14-ամյա տղա, որը գնում էր դաշտ՝ կարտոֆիլ հավաքելու: Հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերը կրկին անգամ թիրախավորեցին ՀՀ Գեղարքունիքի մարզը՝ այս անգամ վնաս պատճառելով Սոթք եւ Կութ համայնքների միջնակարգ դպրոցներին՝ կոտրելով պատուհանները եւ վնասելով դպրոցների շենքերի պատերը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով դպրոցներում ներկայումս արձակուրդ է, եւ հարձակման պահին շենքերի ներսում երեխաներ չեն եղել: Այնուամենայնիվ, ներսում էին վարչական աշխատողները, որոնք, բարեբախտաբար, կարողացել են խուսափել վտանգից:

Այն երեխաները, որոնք մինչ օրս Արցախի գյուղական եւ քաղաքային բնակավայրերում են, ոչ միայն զրկված են կրթության իրավունքից, այլ նաեւ  մշտապես ապրում են մահվան վախի պայմաններում, անգամ երբ ապաստարաններում են: Ռազմական ագրեսիայի հետեւանքով վնասվել է ավելի քան 10 դպրոցի, ինչպես նաեւ մի քանի մանկապարտեզի հիմնական եւ օժանդակ շինություն: Հարձակումների հետեւանքով Արցախի 24,000 երեխա զրկված է կրթություն ստանալու եւ դպրոց հաճախելու որեւէ հնարավորությունից: Դրանից զատ, ՀՀ 119 սահմանամերձ համայնքներում բնակվող ավելի քան 10,815 երեխա կյանքի համար վտանգավոր պայմանների պատճառով զրկված է դպրոց եւ մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից:

Ավելին, նրանց համար սահմանափակ է խմելու ջրի եւ անհրաժեշտ սանիտարական պայմանների հասանելիությունը, ինչի պատճառով այդ իրավիճակն անհամեմատ ավելի վտանգավոր է դառնում: Բազմաթիվ կառույցներ, պետությունների առաջնորդներ եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ չեզոք դիրքորոշում են հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) եւ Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ տեղի ունեցող այս շարունակական եւ անգութ հարձակումների առնչությամբ: 2020 թվականի հոկտեմբերի 9-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարություն տարածեց՝ կապված Արցախում տիրող իրավիճակի հետ, որում կոչ արեց զերծ մնալ երեխաների, ուսուցիչների, կրթական անձնակազմի կամ դպրոցների վրա ցանկացած հարձակումից կամ վնաս հասցնելուց եւ ապահովել կրթության իրավունքը՝ «Անվտանգ դպրոցների հռչակագրի» սկզբունքների հիման վրա եւ դրա ուղեցույցներին համահունչ: Նշված փաստաթղթերը սահմանափակում են դպրոցների եւ համալսարանների օգտագործումը ռազմական նպատակներով եւ հորդորում ուժեղացնել կրթության պաշտպանությունը հարձակումներից, ինչպես նաեւ ապահովել անվտանգ կրթության շարունակականությունը զինված ընդհարումների ժամանակ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք, ներքոստորագրյալ կազմակերպություններս, կոչ ենք անում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին հավատարիմ մնալ իր մանդատին եւ աջակցել յուրաքանչյուր երեխայի կյանքի իրավունքի պաշտպանությանը՝ անկախ նրա բնակության վայրից եւ այդ վայրի միջազգային ճանաչումից, դիտարկել եւ փաստաթղթավորմամբ արձանագրել երեխայի իրավունքների խախտման դեպքերը, գնահատել երեխաների կարիքներն արտակարգ իրավիճակում մարդասիրական օգնություն ցուցաբերելու տեսանկյունից, դատապարտել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի եւ ՀՀ երեխաների դեմ սանձազերծված բռնությունը:

 

 

24/7 ՌԵԺԻՄՈՎ

Շարունակվում են ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հաճախակի աշխատանքային այցերը ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններ, ինչպես նաեւ պարբերական բնույթ կրող հանդիպում֊քննարկումները ներկայացուցիչների հետ:

Ռազմական դրության պայմաններում առավել քան ընդգծվում է ռազմարդյունաբերական կոմիտեի կողմից իրականացվող գործունեության կարեւորությունը, որն այս օրերին աշխատում է՝ օգտագործելով արտադրական բոլոր հզորությունները: Գիտակցելով ողջ պատասխանատվությունը՝ ՌԱԿ ընկերությունները 24/7 ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ աշխատանքներ՝ վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչեւ հարվածային եւ պաշտպանական միջոցների արտադրություն, նմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչեւ նոր խնդիրների լուծում։ Նախարարի այցերի եւ հանդիպումների ընթացքում կառույցի ղեկավարին են ներկայացվել ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից արտադրվող զինատեսակները, լայնորեն կիրառվող եւ կատարելագործվող, ինչպես նաեւ փորձարկվող նոր նմուշներն ու մշակումները: Ռազմարդյունաբերական մի շարք ընկերություններում տրամադրվում են վերանորոգման եւ արտադրական ծառայություններ, որոնք մեծապես նպաստում են զենքի եւ զինամթերքի պաշարների համալրմանը ակտիվ գործողությունների ընթացքում: Նոր սերնդի մշակված եւ կիրառվող ռազմատեխնիկական լուծումները շարունակում են արդիականացվել, կատարելագործվել եւ տրամադրվել գործարկման՝ հիմքում ունենալով առկա ռազմական խնդիրներն ու հակառակորդի կողմից կիրառվող տեխնոլոգիաները:

 

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ

ՀՀ ազգային ժողովն ընդունել է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հարկերից ազատել Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ Առողջապահության նախարարությանը հանձնվող  ռազմական, հումանիտար եւ առողջապահական նշանակության ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ անդամ երկրներից: «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Սահմանվում է, որ ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող, կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից եւ (կամ) բնապահպանական հարկից այդ ապրանքները ռազմական դրության ժամանակահատվածում Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ (կամ) Առողջապահության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում:

«Առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություներից ներմուծվող եւ այնուհետ երեք պետական կառավարման մարմինների՝ ՊՆ-ին, ԱԻՆ-ին եւ ԱՆ-ին հանձնվող, համապատասխանաբար ռազմական, հումանիտար եւ առողջապահական նշանակության ապրանքները կարողանան հանձնել առանց հարկային պարտավորությունների»,- ասել է Ա. Պողոսյանը:

Պայմանն այն է, որ մինչեւ ռազմական դրության ավարտը խնդրո առարկա ապրանքները, որոնք առաջարկվում է, որ սահմանվեն կառավարության կողմից, հանձնվեն hիշյալ գերատեսչություններին, եւ այդ հանձնումը փաստաթղթավորվի համապատասխան հաշվարկային փաստաթղթերով:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է կարգավորումը վերաբերում միայն ԵԱՏՄ երկրներից կատարվող ապրանքների ներմուծմանը՝ փոխնախարարն ասաց, որ, ի տարբերություն ԵԱՏՄ անդամ երկրներից կատարվող ներմուծումների, երբ ներմուծումը կատարվում է երրորդ երկրներից, կա շատ արդյունավետ միջոց այդ ապրանքների ներմուծումը հարկերից ազատելու համար: Ներմուծողը կարող է ներկայացնել «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգին համապատասխանող մաքսային հայտարարագիր, եւ, ըստ այդմ, ազատվել ներմուծման հետ կապված հարկերից:

Արտոնությունը տարածվելու է սեպտեմբերի 27-ից հետո ներմուծված ապրանքների վրա: Նախագիծը քվեարկությամբ ստացել 83 «կողմ» ձայն. նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի դարձյալ հոկտեմբերի 21-ին:

 




Լրահոս