ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի, քանի որ Ադրբեջանը ցանկանում է հարցը լուծել միայն ռազմական ճանապարհով, եւ նրանց համար ընդունելի միակ տարբերակը Արցախի կապիտուլացիան է: «Պետք է մենք հստակ գիտակցենք, որ ԼՂ հարցը գոնե այս փուլում եւ այս փուլից սկսած մինչեւ բավական երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի, եւ բոլոր այն հույսերը, առաջարկները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել եւս՝ այս իրավիճակում, պետք է համարենք ավարտված: Մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: Դա նշանակում է, որ մեր դրած նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման՝ պայմանով, որ դիմացի կողմն էլ պետք է իր նշաձողից ինչ-որ բան իջեցնի: Բայց պրակտիկան ցույց է տվել, որ այս տրամաբանությունն այլեւս անընդունելի է Ադրբեջանի համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում ասել է վարչապետը:
Նա խոսել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց Իրանի տարածք ականներ ընկնելու եւ բազմաթիվ ԱԹՍ-ներ Իրանի օդային տարածք մուտք գործելու մասին: Հիշեցնենք, որ իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում վարչապետը նշել էր, որ եթե հայկական կողմից էլ նման երեւույթ է գրանցվել, այդ կապակցությամբ շատ ցավում է: «Ես, ճիշտն ասած, այդ կապակցությամբ շատ կոնկրետ տեղեկատվություն չունեմ, բայց կարող եմ հավաստիացնել, որ հայկական կողմն ամեն ինչ անում է, որ իր բարեկամ երկիր Իրանին որեւէ տհաճություն չպատճառի, եւ այդպիսի միջադեպեր չգրանցվեն: Հայկական կողմն իրենից կախված առավելագույնն անում է՝ նման միջադեպերից խուսափելու համար, եւ վստահեցնում եմ, որ այս կապակցությամբ հետագայում էլ ավելի ուշադիր կլինի»,- ասել է վարչապետը:
Վարչապետը վստահ է, որ Ռուսաստանի Դաշնությունը՝ թե՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, թե՛ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, շարունակելու է անել առավելագույնը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: «Այսօր եւ այս ողջ ընթացքում ես շատ բարձր եմ գնահատում Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության համագործակցությունն ու փոխգործակցությունը: Մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը՝ որպես ՀՀ-ի եւ հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից: Կա մշտական հաղորդակցություն մեր երկրների միջեւ, ու մենք հնարավորինս ամենաբարձր ու արդյունավետ կերպով փոխգործակցում ենք այս իրավիճակից լուծում գտնելու համար: Սա՝ նաեւ այն փաստը հաշվի առնելով, որ ՌԴ-ն նաեւ հանդիսանում է ԵԱՀԿ համանախագահ եւ Հայաստանի ռազմավարական գործընկերը: Ես կարծում եմ, որ այս երկու կարգավիճակի բերումով ՌԴ-ն մինչ օրս արել է առավելագույնը եւ սրանից հետո էլ կանի առավելագույնը»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ այս իրավիճակում պետք է մինչեւ վերջ, անմնացորդ, անսասան պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար:
«Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար: Այսօր պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար նշանակում է առաջին հերթին զենք վերցնել եւ նվիրվել հայրենքի իրավունքի պաշտպանության գործին: Այս գործընթացն արդյունավետ կազմակերպելու ու շարունակական կազմակերպելու պարագայում է, որ մենք կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման: Ադրբեջանն ասում է, որ որեւէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլացիան, համաձայն չէ: Հետեւաբար պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Առանց Արցախի չկա Հայաստան»,-հայտնել է նա:
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԿՈՉ
Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Արցախի դեմ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հումանիտար եւ բնապահպանական աղետի առկա վտանգի վրա։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունից:
«Ռազմադաշտում դիակների հետ կապված իրավիճակը արդեն դուրս է գալիս վերահսկողությունից. տեսագրող սարքերը տեսագրել են, թե ինչպես են վայրի կենդանիները ուտում դիակները։ Նման հումանիտար աղետը կարող է հանգեցնել սոսկալի մարդկային եւ բնապահպանական խնդիրների, այդ թվում նաեւ՝ կենդանիների միջոցով տարբեր վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածմանը։ Այս հետեւանքները չեն սահմանափակվի միայն Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներով, այլ վտանգ կներկայացնեն ամբողջ տարածաշրջանի համար։ Կործանարար է ազդեցությունը նաեւ տարածաշրջանի կենսաբազմազանության վրա, որը ճանաչվել է որպես աշխարհի կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկը, որի բույսերի եւ կենդանիների մի շարք տեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում, ինչպես նաեւ 4 տեսակ ներառված է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում: Վերոնշյալ տարածքը նաեւ բնակավայր է հանդիսանում այնպիսի հազվագյուտ եւ անհետացող տեսակների համար, ինչպիսիք են կովկասյան ընձառյուծը, գորշ արջը, բեզոարյան այծը, սեւ եւ գրիֆոնի անգղերը եւ այլն: Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործել վճռականորեն՝ դատապարտելու եւ դադարեցնելու ուժի կիրառումը Արցախի, խաղաղ բնակիչների եւ կենսական նշանակության ենթակառուցվածքների նկատմամբ, մեղմելու այս տարածաշրջանում առկա հումանիտար եւ բնապահպանական աղետները»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ 1836 ԴԵՊՔ
Հայաստանում հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 1836 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 68530 դեպքի. այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 357104, վերջին մեկ օրում` 4340 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 17869 պացիենտ: Մեկ օրում ավելացել է 1328-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 49219 անձ, վերջին մեկ օրում՝ 485 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 1121 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 321 է: Հայաստանում համավարակի տարածման սկզբից ի վեր երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից: 16-ամյա երեխան ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ, մասնավորապես՝ 2 տարվա վաղեմության հետվիրահատական վիճակ գլխուղեղի (երկարավուն ուղեղի) չարորակ նորագոյացության մասնակի հեռացումից հետո (աստրոցիտոմա), վեգետատիվ վիճակ (չի խոսել, չի քայլել, չի նստել, չի հաղորդակցվել), որին ավելացել է COVID-19-ը՝ իր հետեւանքներով: Ցավալի է կորուստը: Բժիշկներն արել են հնարավոր եւ անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 321 է: