ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Տորոնտոյում հայ եւ օտարազգի արտիստները կոմիտասյան «Կռունկ»-ի ուղեկցությամբ «արյունոտ լվացք» են կախել՝ խորհրդանշելու Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռնարկած ցեղասպանության փորձը հայ ժողովրդի հանդեպ: Արտինստալյացիայի միջոցով քաղաքի կայարանի մոտ ստեղծվել է ռմբակոծված Ստեփանակերտի իմիտացիան: Լռության ակցիան ուղեկցվել է հոգեւոր երաժշտությամբ եւ ավելի քան խոսուն լոզունգներով՝ «Հայոց ցեղասպանություն 2020», «Հիվանդանոցները ռմբակոծվում են», «Երեխաները մահանում են», «Կանադա՛, խոսի՛ր», «Ճանաչել Արցախը»:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ երբ է իրականացվում հաշմանդամություն ունեցող անձի վերափորձաքննությունը:

Ալիս Կիրակոսյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշմանդամ ճանաչված անձը կրկին անգամ բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:

Անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում՝ նաեւ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի   նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հանձնաժողովի նախագահը բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ հրապարակում է հանձնաժողովի որոշումը: Անձին հաշմանդամության սահմանման մասին հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում հանձնվում է դիմողին կամ նրա ներկայացուցչին:

 

 

 

ՎԱՐԿԵՐ

ՀԱՐՑ. Կնքել եմ վարկային պայմանագիր, որից բխող պարտավորությունների ապահովման համար գրավադրել եմ իմ գույքը: Խնդրում եմ ասել՝ վճարումները չկատարելու դեպքում ինչ հետեւանքներ կարող են լինել:

Լարիսա Առաքելյան (41 տարկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ վարկի մարման եւ տոկոսների վճարման պարտականությունը չկատարելու կամ ժամանակին չկատարելու դեպքում վարկը դասակարգվում է` դառնալով ժամկետանց, որի դիմաց հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տույժեր: Պայմանագրում տույժերի վերաբերյալ դրույթներ նախատեսված չլինելու դեպքում տոկոսները հաշվարկվում են կետանցի (ուշացման) օրվանից մինչեւ պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

Եթե վարկային պայմանագրի շրջանակներում առկա է գրավադրված գույք, ապա ֆինանսական կազմակերպությունը կարող է իրացնել գրավի առարկան եւ իրացման արդյունքում ստացված գումարը ուղղել վարկային պարտավորությունների կատարմանը:

Եթե իրացման արդյունքում ավելացել է գումար, ապա ֆինանսական կազմակերպությունը պետք է վերադարձնի Ձեզ այդ գումարը, իսկ եթե ստացված գումարը բավարար չէ վարկային պարտավորություններն ամբողջությամբ մարելու համար, ապա Դուք պատասխանատու եք վարկային պայմանագրից բխող պարտավորությունների համար Ձեզ պատկանող մնացած գույքով:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Միայն գրավատուն հանձնված գույքի գրավի դեպքում է, որ գույքի իրացումից հետո գրավատունն իրավունք չունի որեւէ պահանջ ներկայացնել պարտապանի նկատմամբ, եթե անգամ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարն անբավարար է պահանջը լրիվ բավարարելու համար:

 




Լրահոս