Այսօր Վաշինգտոնում կկայանա ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի առանձին հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ: Բնականաբար, քննարկման հիմնական թեման լինելու է հրադադարի ռեժիմի հաստատման հետ կապված հարցերը: Ընդ որում, երեկ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ բարդ է իրավիճակը ոչ միայն ԼՂ հակամարտության գոտում, այլ նաեւ դիվանագիտական ասպարեզում: Նա իր գործընկերների հետ շարունակում է պնդել՝ կրակի դադարեցումը միակ ճիշտ ուղին է, իսկ երրորդ երկրներն էլ պետք է հեռու մնան հակամարտությանը ներգրավվելուց: Հիշեցնենք, որ հոկտեմնբերի 10-ին հակամարտող կողմերը եկան հրադադարի համաձայնության Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ շուրջ 11 ժամ տեւած հանդիպման արդյունքում, սակայն հրադադարի ռեժիմն այդպես էլ չպահպանվեց: Իսկ մոտ մեկ շաբաթ անց հայտարարված հրադադարի երկրորդ փորձը ժամեր անց կրկին տապալվեց: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հուդզոնի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի (ԱՄՆ) վերլուծաբան Ռիչարդ Վեյթցը, խոսելով սահմանում ընթացող պատերազմի մասին, ընդգծում է՝ չպետք է մոռանալ, որ խոսքը գնում է մարդասիրական հրադադարի մասին, այլ ոչ հաստատված ընդհանուր զինադադարի: Ընդ որում, վերլուծաբանի խոսքով, հրադադարը չպահպանելու պատճառն ադրբեջանական կողմի ցանկությունն է՝ իր վերահսկողության տակ առնել հնարավորինս շատ տարածքներ: «Ադրբեջանը կարծում է, որ ռազմական գործողությունների ընթացքում կարող է ավելի շատ տարածքներ զբաղեցնել, ուստի նրանք չունեն որեւէ դրդապատճառ ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Ավելի շատ տարածքներ նշանակում է բանակցություններին ավելի ամուր դիրքեր»,- մեզ հետ զրույցում նկատեց վերլուծաբան Ռիչարդ Վեյթցը: Ուշագրավ է, որ վաշինգտոնյան հանդիպումներից առաջ ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները մեկնել են Մոսկվա, ուր առանձին հանդիպումներ են ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման օրակարգում էր ԼՂ համակարտության շուրջ իրավիճակն ու կրակի դադարեցման հետ կապված հարցերը։ Դրանից հետո արտգործնախարարներից յուրաքանչյուրը վերադարձել էր իր երկիր, ապա մեկնել ԱՄՆ, եւ հանդիպումները կկայանան այսօր:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 26-ին Ազգային Ժողովի խորհուրդը նիստ է հրավիրել: Բանն այն է, որ հոկտեմբերի 27-ին մեկնարկում է խորհրդարանի հերթական նստաշրջանը, ու պետք է խորհուրդն օրակարգ հաստատի: Բայց քանի որ Արցախում պատերազմ է, ու խորհրդարանի հանձնաժողովներում որեւէ աշխատանք չի իրականացվում, ապա օրակագում պետք է ընդգրկվեն այնպիսի հարցեր, նախագծեր, որոնք հրատապ են, եւ այլ պարագայում օրակարգում հարց չի ընդգրկվելու: Ավելին, այս օրերին մի խումբ պատգամավորներ Արցախ են մեկնում, ու դժվար է ասել՝ նրանք կգան մասնակցելու խորհրդարանի աշխատանքներին, թե ոչ: Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ Աժ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ ջոկատ են կազմել առաջնագիծ մեկնելու նպատակով: Ըստ մեր տեղեկությունների՝ այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում պետք է տեղի ունենա նիստ, որտեղ պետք է քննարկվեն մի քանի հարցեր, որոնք երկրորդ ընթերցմամբ են ներկայացվելու եւ կներառվեն խորհրդարանի հերթական նիստին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ դատական համակարգում որոշակի գործընթացներ են տեղի ունենում, եւ այս օրերին, ռազմական դրությամբ պայմանավորված, որոշակի դատական նիստեր հետաձգվում են: Իսկ ի՞նչ կապ ունեն դատական նիստերը ռազմական դրության հետ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատաքննության փուլում գտնվող գործերը դատարանները հետաձգում են: Մեզ հայտնի դարձավ, որ քրեակատարողական ծառայությունից հայտնել են, որ կալանավորներին չեն կարող ուղեկցել դատարան, քանի որ ուղեկցող գումարտակն այս օրերին գտնվում է առաջնագծում, ուստի դատավորներին այլ ելք չի մնում, քան հետաձգել դատական նիստերը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված պատերազմից հետո Հայաստանում ընդհանուր զորահավաք է հայտարարվել, բացի այդ, Արցախ են մեկնել նաեւ բազմաթիվ կամավորներ: Արցախ մեկնածների մեջ մեծ թիվ են կազմում նաեւ դատական համակարգի ներկայացուցիչները, եւ դա է պատճառը, որ դատարանները չեն կարողանում հասցնել քննել այդ բոլոր գործերը անձնակազմի սղության պատճառով: Բացի այդ, սահմանային լարված վիճակի պատճառով շատերն անգամ տրամադրություն չեն ունենում գործեր քննելու համար:
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ` առաջիկա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում կընդգրկվի եւ կքննարկվի մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու վերաբերյալ հարցը։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հասկանալ, թե ինչ կտա այս որոշումը։ «Որոշումը պետք է ընդունվի կոնսենսուսով, այսինքն՝ բոլոր հինգ երկրների կողմ քվեարկությամբ: Մենք ունենք որոշակի փաստարկներ կոնսենսուսի հասնելու համար, բայց այս փուլում դրանց մասով փակագծեր չէի ցանկանա բացել: Ինչ վերաբերում է գործող արտոնության բնույթին, այսօր թուրքական ծագմամբ ապրանքները ԵԱՏՄ տարածք ներմուծելիս վճարվում է սահմանված մաքսատուրքի 75%-ը, ինչը, ըստ էության, ներմուծման արտոնություն է, որի վերացման պարագայում մաքսատուրքի 25%-ի չափով կթանկանան թուրքական ծագմամբ ապրանքների գները ԵԱՏՄ երկրների շուկաներում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց նա: Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 36-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից տրամադրվում են սակագնային արտոնություններ զարգացող եւ առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ։ Արտոնություններից օգտվող երկրների ցանկերը հաստատվել են 2009 թվականին Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ։ Ներկայումս արտոնություններից օգտվում են թվով 103 երկրներ: