Գերմանիայի Բունդեսթագի եւ Լանդթագի չորս պատգամավորները հոկտեմբերի 18-ին այցելել են Արցախ եւ ականատեսը եղել, թե ինչ է կատարվում այնտեղ, ինչպես է ապրում Արցախի հերոս ժողովուրդը, եւ ինչպես են ադրբեջանցիներն ու թուրքերը հարձակվում տարբեր քաղաքների վրա: Ապա՝ ասուլիսի ժամանակ, նրանք պատմել են իրենց տեսածի մասին: Բունդեսթագի պատգամավորներն արդեն Գերմանիայում են:
Այցի, տպավորությունների եւ դրանից հետո իրենց անելիքների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Բունդեսթագի պատգամավոր Անդրեաս Գալաուի հետ:
-Պարո՛ն Գալաու, ի՞նչ տեսաք Արցախում, ի՞նչ կարող եք ասել Ադրբեջանի կողմից ագրեսիայի մասին:
-Համոզվեցինք, որ ադրբեջանական զինուժը գրոհել է քաղաքացիական շատ թիրախներ Ստեփանակերտում եւ Շուշիում: Մենք հայտնաբերեցինք ապացույցներ, որ օգտագործվել են նաեւ, այսպես կոչված, կասետային զինամթերք: Կասետային զինամթերքի օգտագործումը միջազգայնորեն արգելված է եւ իրենից մարդու իրավունքների լուրջ խախտում է ներկայացնում: Ադրբեջանի գործողությունը խաղաղ բնակչության դեմ, որն արվում է Թուրքիայի հետ սերտ համագործակցությամբ, ուղղված է Արցախի շրջանից մարդկանց վտարելուն տարածքը նվաճելու եւ տեղահանելու նպատակով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարում է պանթուրքիզմի քաղաքականություն: Նա ցանկանում է Միջերկրական ծովից դեպի Կովկաս մի մեծ տարածաշրջան պատերազմի ու քաոսի մեջ ընկղմել նոր Օսմանյան կայսրության գաղափարը կյանքի կոչելու համար: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, իմ կարծիքով, միայն աննշան դեր է խաղում այս պատերազմում: Ճիշտ է, պատերազմը ծառայում է նաեւ ներքաղաքական խնդիրներից ուշադրությունը շեղելու համար: Առանց Թուրքիայի աջակցության, Ադրբեջանը երբեք չէր համարձակվի այս ռազմական արկածին: 2016-ի պատերազմում կրած պարտությունը ցույց տվեց, որ Ադրբեջանը միայնակ ի վիճակի չէ պատերազմ վարել Արզախի ինքնապաշտպանական ուժերի դեմ:
-Ի՞նչ եք արել Արցախ այցից հետո, Գերմանիայում ցո՞ւյց եք տալիս արդյունքները:
-Ներկայումս մենք պատրաստվում ենք ներկայացնել լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք հավաքել ենք Լեռնային Ղարաբաղում: Մենք արդեն ունենք գերմանական մամուլի բազմաթիվ հարցումներ, որոնց պետք է պատասխանենք: Վաղը նախատեսվում է մամուլի ասուլիս Գերմանիայի Բունդեսթագի երկու ներկայացուցիչների՝ Բունդեսթագի պատգամավոր պրն Շտեֆեն Կոտրեի եւ Բունդեսթագի պատգամավոր Շտեֆան Կյուտերի մասնակցությամբ: Մենք մեր ուղեւորության արդյունքները կտարածենք նաեւ սոցիալական մեդիայի տարբեր ալիքներով (YouTube, Facebook, Instagram եւ այլն): Մեզ՝ որպես AFD կուսակցության ներկայացուցիչների, քննադատում են այս ուղեւորությունը կատարելու համար, սակայն դա մեզ չի հետաքրքրում:
-Ի՞նչ գործընթաց պետք է լինի Ձեր այցից հետո:
-Մեր հրապարակումներով մենք ցանկանում ենք ճնշում գործադրել գերմանական կառավարության վրա, որպեսզի հրաժարվի չեզոքության իր քաղաքականությունից: Այս հակամարտության մեջ չի կարելի չեզոք լինել, քանի որ ագրեսիան ակնհայտորեն եկել է Ադրբեջանից եւ Թուրքիայից: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ուստի պետք է նաեւ հավատարիմ մնա այս պաշտպանական Դաշինքի արժեքներին եւ կանոնադրություններին: Գերմանիայի կառավարությունը պետք է օգտագործի իր հնարավորությունները ՆԱՏՕ-ի խորհրդում եւ Եվրոպական խորհրդում` Թուրքիային հորդորելու անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Եթե Թուրքիան հրաժարվի, պետք է իրականացվեն համապարփակ պատժամիջոցներ եւ բոյկոտներ: Նույնը, իհարկե, վերաբերում է Ադրբեջանին:
-Ի՞նչ եք մտածում այս մասին: Ինչպե՞ս կարող է լուծվել այս խնդիրը:
-Հակամարտության նոր սրացումը ցույց է տալիս, որ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի բանակցությունները ձախողվել են: Նախագահ Էրդողանը խրախուսել է իր գործընկեր Ալիեւին վերջնականապես լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով: Միջազգային հանրությունը չպետք է որեւէ պարագայում հանդուրժի այս ռազմատենչ ագրեսիան: Դա անելու համար վերը նշված պատժամիջոցները պետք է իրականացվեն: Նույնքան շտապ Հայաստանին անհրաժեշտ է մարդասիրական օգնություն այս հանցավոր պատերազմի հետեւանքները հաղթահարելու համար: Հակամարտության լուծումը կարող է լինել միայն Արցախի Հանրապետության միջազգային իրավունքի ճանաչումը` 1994-ի զինադադարի արդյունքների հիման վրա: Վերջին տարիներին Արցախը ապացուցեց, որ վերածվել է ազատ եւ ժողովրդավարական համայնքի: Կասկած չկա, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նույնպես ունի ինքնորոշման իրավունք: Մենք՝ որպես AFD-ի ներկայացուցիչներ, «ոչ» ենք ասում պատերազմին եւ բռնակալությանը: Ադրբեջանաթուրքական ագրեսիան չպետք է հաջողություն ունենա:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանին եւ նրան աջակցող Թուրքիային կոչ է անում հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից եւ մեղքը հայկական կողմի վրա բարդելու քաղաքականությունից. այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
«Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ, որտեղ փորձ է արվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում: Թուրքիայի եւ նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը եւ առաջին իսկ օրվանից ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով: Այս գործողություններն օրվա հրամայական են դարձնում Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության լիակատար ապահովումը»,- ասված է հայտարարության մեջ:
Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը հետեւողականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների միջնորդությամբ հոկտեմբերի 10-ի եւ 17-ի հայտարարություններով համաձայնեցված կրակի դադարեցման պայմանավորվածությունների անվերապահ իրականացմանը:
«Մշտապես հանդես գալով հակամարտության ռազմական կարգավորումը բացառող դիրքերից՝ մեկ անգամ եւս շեշտում ենք, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ միջոցներով միջազգային մանդատ ունեցող ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Կոչ ենք անում Ադրբեջանին եւ իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից եւ մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից»,- նշված է արտգործնախարարության հայտարարությունում:
ԴԵՄՈՆՍՏՐԱՏԻՎ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ
Պետդումայի ԱՊՀ եւ եվրասիական ինտեգրացիայի հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը չի բացառել՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակին Ռուսաստանի արձագանքելու տարբերակներից մեկը կարող է լինել դեսանտային օպերացիայի իրականացումը: Կ. Զատուլինը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությունը խաթարել են Ադրբեջանը եւ Թուրքիան, դրա համար էլ նրանց պետք է հիշեցնել, թե «որ պետությունն է մնում առաջնորդ հետխորհրդային տարածքում»: Միաժամանակ, նա խոստովանել է, որ վստահ չէ, թե ինչպես պետք է Մոսկվան գործի, բայց հնարավոր տարբերակների թվում նշել է դեստանտային օպերացիան: «Հայաստանի ռազմական ներուժի դեմոնստրատիվ ուժեղացման տեսքով, ՀԱՊԿ-ին դիմելու տեսքով, դեսանտային օպերացիայի միջոցով հայկական, ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հայկական տարածքը պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով: Օդային շրջափակման բացման միջոցով: Մենք Վրաստանին պետք է հստակ բացատրենք, որ անհրաժեշտության դեպքում այն պետք է հանգիստ ընդունի, որ անհրաժեշտ ուժերն ու միջոցներն իր օդային տարածքով պետք է ուղարկվեն Հայաստան: Այս որոշումը հարկադրված է, քանի որ խոսքը գրոհայինների՝ Կովկասով մեկ տարածման մասին է, ինչից կտուժեն ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Վրաստանը, ե՛ւ մնացած բոլորը: Սպառնալիք է առաջանում հայ բնակչության մեծ զանգվածի համար, որը պատմականորեն հիշում է ցեղասպանությունն այդ տարածքում: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք»,- նշել է Կոնստանտին Զատուլինը:
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Եվրոպական միության արտաքին գործերի եւ քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը. այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն: «Բարձր հանձնակատարը Հայաստանի նախագահի հետ քննարկումներ է անցկացնում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նա արդեն երեք անգամ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, որոնց ընթացքում փոխանցել է ԵՄ-ի ահազանգն այն մասին, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեն, եւ բանակցությունները պետք է վերսկսվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո գոյություն ունեցող ձեւաչափով»,- ասել է նա: