ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաշինգտոնում ուրբաթ օրը կկայանա ԱՄՆ պետքարտուղարի առանձին հանդիպումները ՀՀ եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ: Քննարկման հիմնական թեման հրադադարի ռեժիմի հաստատումն է:

ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը բարդ է. այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Իրավիճակը բարդ է նաեւ դիվանագիտական ասպարեզում»,- հավելել է պետքարտուղարը, որը գալիք ուրբաթ օրը պատրաստվում է առանձին հանդիպումներ ունենալ ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: ԱՄՆ իր գործընկերների հետ շարունակում է պնդել՝ կրակի դադարեցումը միակ ճիշտ ուղին է: Երրորդ երկրներն էլ պետք է հեռու մնան հակամարտությանը ներգրավվելուց: Հրադադարի հաստատումը վաշինգտոնյան հանդիպումների առաջնային օրակարգում է:

Հիշեցնենք, որ հոկտեմնբերի 10-ին հակամարտող կողմերը եկան հրադադարի համաձայնության Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ շուրջ 11 ժամ տեւած հանդիպման արդյունքում: Հրադարի ռեժիմն այդպես էլ չպահպանվեց: Մոտ մեկ շաբաթ անց հայտարարված հրադադարի երկրորդ փորձը ժամեր անց կրկին տապալվեց: Ղարաբաղյան հակամարտության գոտում արյունալի մարտերը շարունակվում են:

Վերլուծաբան Ռիչարդ Վեյթցն ընդգծում է՝ չպետք է մոռանալ, որ խոսքը գնում է մարդասիրական հրադադարի մասին, այլ ոչ հաստատված ընդհանուր զինադադարի: Հրադադարի չպահպանման հիմնարար պատճառը, ըստ վերլուծաբանի, ադրբեջանական կողմի ցանկությունն է իր վերահսկողության տակ առնել հնարավորինս շատ տարածքներ: Մեկ այլ՝ ավելի փոքր գործոններից է, ըստ նրա, տեղերում կողմերի ռազմական հրամանատարության գործողությունները:

«Ադրբեջանը կարծում է, որ ռազմական գործողությունների ընթացքում կարող է ավելի շատ տարածքներ զբաղեցնել, ուստի նրանք չունեն որեւէ դրդապատճառ ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Ավելի շատ տարածքներ նշանակում է բանակցություններին ավելի ամուր դիրքեր»,- ասում է «Հուդզոն» հաստատության վերլուծաբան Ռիչարդ Վեյթցը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոյի կարծիքով՝ հրադադարի հաստատման միջնորդական առաքելությունը բավականին դժվարին է: Կողմերի հանրային կարծիքները փոխզիջման վերաբերյալ մեծ մասամբ բացասական են, որը խափանում է զինադադարի հաստատումը: Նա պնդում է՝ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում:

«Կարծում եմ՝ բոլոր կողմերի համար միակ ճիշտ պատասխանն է վերադարձը բանակցային սեղանին եւ աշխատանքը փոխզիջումային լուծում գտնելու ուղղությամբ, որը կհանգեցնի երկարաժամկետ խաղաղության»,-ասում է Քավանոն:

Հիշեցնենք, որ վաշինգտոնյան հանդիպումներից առաջ ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները մեկնել են Մոսկվա, ուր առանձին հանդիպումներ են ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման օրակարգում էր ԼՂ համակարտության շուրջ իրավիճակն ու կրակի դադարեցման հետ կապված հարցեր։ Հանդիպմանը ՀՀ արտգործնախարար Մնացականյանը, որպես առաջնահերթ նպատակ, ընդգծել է վերիֆիկացիոն մեխանիզմներով կայուն հրադադարի հաստատման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք նաեւ, որ Վաշինգտոնում կայացող հանդիպումներից առաջ մարդասիրական հրադադարի ռեժիմի մասին համաձայնությունները, որոնք այդպես էլ մնացել են թղթի վրա, ձեռք են բերվել, նախ, Ռուսաստանի, իսկ այնուհետեւ Ֆրանսիայի միջնորդություններով:

Իսկ Միացյալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղի պարագայում «անջատում հանուն փրկության» իրավունքի ճանաչումը միանգամայն իրատեսական է։ Այն չի տրվի զամբյուղի մեջ, բայց հայկական շրջանակների համառ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել դրան: Նման համոզմունք է հայտնել Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը։

Դիվանագետը նշել է, որ կան արդեն առաջին ծիծեռնակները առանձին կոնգրեսականների եւ սենատորների մակարդակով՝ հիշեցնելով նաեւ, որ միջազգային հանրության, այդ թվում՝ Միացյալ Նահանգների համար այդ թեզը խորթ չէ. աշխարհի մի շարք երկրներ՝ ներառյալ Կոսովոն, ճանաչում են ձեռք բերել հենց «անջատում հանուն փրկության» սկզբունքի շնորհիվ։

«Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում այսօր ականատես են լինում թե՛ հանրությունները, թե՛ կառավարությունները, թե ինչ նպատակներ են հետապնդում Թուրքիան եւ Ադրբեջանը: Այնպես որ, իրատեսական եմ համարում դրան [անջատում հանուն փրկության սկզբունքի ճանաչմանը] հասնելը եւ իրատեսական համարելով՝ միեւնույն ժամանակ հստակ ուզում եմ նշել, որ դրա համար պետք է պայքարել: Զամբյուղի մեջ չի տրվելու դա, մենք պետք է իսկապես պայքարենք, բոլորս, եւ հասնենք ճանաչման», – ընդգծել է Բայբուրդյանը:

Լեռնային Ղարաբաղի անկախությունը մինչ օրս ճանաչել է Ամերիկայի 9 նահանգ՝ Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեն, Ջորջիա, Հավայի, Միչիգան, Կոլորադո, Լուիզիանաեւ Կալիֆորնիա։

Ն.Հ.

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Տաթեւ Անտոնյանը նշանակվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ: Հիշեցնենք, որ վարչապետի հոկտեմբերի 20-ի որոշմամբ՝ Տաթեւ Անտոնյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության եւ հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետի պաշտոնից:

 

 

ԴԵՍՊԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է

ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ-ում Կատարի Պետության դեսպան Մոհամմեդ բին Համադ Ալ-Հաջրիին, որը դեսպան Թումանյանին է փոխանցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ-Թհանիի ուղերձը՝ հասցեագրված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին. այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկեցին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր:

 

 

ՑԻՆԻԿ ՍՈՒՏ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հերթական սուտը՝ Հայաստանի կողմից Գաբալայի եւ Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակելու վերաբերյալ։ «Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի եւ Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն  եւ ցինիկ սուտ է: Հայաստանի Հանրապետության տարածքից որեւէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ»,- նշել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

 

 

ՃԱՆԱՉԵԼ Է

Ավստրալիայի ամենամեծ նահանգներից մեկի՝ Նոր Հարավային Ուելսի օրենսդիր ժողովը 61 կողմ ձայնով պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. այս  մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը: Խորհրդարանականները դատապարտել են նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հարձակումները Արցախի բնիկ հայերի դեմ:

 

 

ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ

Կանադայի Օնտարիո նահանգի Օրենսդիր ժողովի անդամները, ի աջակցություն Արցախի, առաջարկով են հանդես եկել. այս մասին տեղեկացնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը: Օնտարիոյի Օրենսդիր ժողովի անդամները առաջարկել են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից եւ քննարկել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը: Նրանք խիստ քննադատել են Թուրքիային եւ Ադրբեջանին:

 

 

ՍՏՈՐԱԳՐԵԼ Է

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքները:

 

 

ՄԵԿ ԼՈՒԾՈՒՄ

Միավորված ազգերի կուսակցության  նախկին անկախ փորձագետ Ալֆրեդ Մորիս դե Զայասի համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչումը: Ալֆրեդ Մորիս դե Զայասն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում: «Լեռնային Ղարաբաղի ողբերգությունը միայն մեկ լուծում ունի` Արցախի անկախության միջազգային ճանաչումը այնպես, ինչպես Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիայի, Կոսովոյի դեպքում»,- նշել է նա:

 

ԼԻՐԱ

Թուրքիայի ազգային տարադրամի՝ լիրայի փոխարժեքը այսօր կտրուկ անկում է արձանագրել։ «Կեսօրի դրությամբ ամերիկյան մեկ դոլարի դիմաց վճարում էին 7,97 լիրա», – հաղորդում է Bloomberg գործակալությունը։ Այսպիսով, թուրքական արտարժույթը ընդամենը մի քանի ժամում ավելի մեծ անկում է արձանագրել, քան հոկտեմբերի 9-ին, երբ ազգային տարադրամի փոխարժեքը նվազել էր՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 7,89 լիրա ցուցանիշի։ Լիրայի փոխարժեքի այսօրվա անկումը խթանել է Թուրքիայի կենտրոնական բանկի վարչության որոշումը, որի համաձայն՝ դրամատան հաշվարկային տոկոսադրույքը մնալու է անփոփոխ։

 

 

ԱԼԻԵՎԸ ՉԻ ԲԱՑԱՌԵԼ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի բացառել Մոսկվայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը, սակայն նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահից՝ Վլադիմիր Պուտինից դեռեւս չի ստացել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք այցելելու հրավեր:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՁԸհհ-ին տված հարցազրույցում հայտնել էին, որ պատրաստ են հանդիպել:

 

 

ՉԻ ԳՈՐԾԵԼՈՒ

Պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ՝ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` հոկտեմբերի 23-ից ժամանակավորապես չի գործելու ք. Երեւան, Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 3/1 հասցեում տեղակայված ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության թիվ 4 բաժինը: ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, եւ հարկ վճարողները, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին եւ ստանալ ծառայություն: Հարկ վճարողներին եւ քաղաքացիներին սպասարկման ծառայությունները մատուցվում են սպասարկման բոլոր բաժինների կողմից:

 




Լրահոս