Ադրբեջանի բանակն այս պահին, ոչ պաշտոնական աղբյուրների տվյալներով, ունի մինչեւ 10 հազար սպանված եւ շատ ավելի մեծ քանակով վիրավորներ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես են ադրբեջանցի օգտատերերը փորձում տեղեկություն գտնել սպանվածների վերաբերյալ, որոնց անունները թաքցնում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
«Չնայած հանգամանքին, որ Ադրբեջանի իշխանությունները պետական մակարդակով փակել են Արցախյան պատերազմի ընթացքում իրենց կորուստների մասին տվյալները, սպանվածների թիվն այնքան մեծ է, որ պայքարել այդ տեղեկատվության դեմ այլեւս անհնար է դառնում: Համացանցում տարբեր հարթակներ են բացվում, որտեղ անհատ օգտատերերը փորձում են տեղեկատվություն հայթայթել այդ կորուստների մասին ու հրապարակայնացնել դրանք: Ոչ պաշտոնական աղբյուրներում նշվում է, որ ադրբեջանական բանակն այս պահին կարող է մինչեւ 10 հազար սպանված ունենալ, իսկ վիրավորների քանակը շատ ավելի մեծ է»,- ասված է ՊՆ տարածած տեսանյութում:
Այդպիսի հարթակներից մեկում տեղադրված ադրբեջանական բանակի սպանված զինվորականների մեջ բավական մեծ թիվ են կազմում օդաչուները: Նրանք առնվազն մի քանի տասնյակ են, ինչն ապացուցում է հայկական կողմի պնդումները՝ ադրբեջանական օդուժի, մասնավորապես՝ մարտական ինքնաթիռների հաջող խոցումների մասին:
«Ահռելի քանակ են կազմում նաեւ հատուկ նշանակության ստորաբաժանումների սպանված մարտիկների լուսանկարները. սա նույնպես օրինաչափ է, քանի որ հարձակողական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակի ղեկավարությունն առաջին գիծ է մղում հիմնականում հենց այդ ստորաբաժանումներին այն պարզ պատճառով, որ սովորական հետեւակի կարողություններին, ըստ ամենայնի, այնքան էլ չի վստահում: Մեծ թիվ են կազմում նաեւ հրամանատարները՝ հաշվի առնելով, որ Արցախի ՊԲ գործողությունների արդյունքում ոչնչացվել են ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, մեծ թվով հրամանատարների առկայությունն առավել քան սպասելի է»,- նշված է տեսանյութում:
Պաշտպանության նախարարությունը նշում է, որ նման հարթակների առկայությունը եւ դրանց արագ տարածումն ադրբեջանցի օգտատերերի շրջանում վկայում է, որ ադրբեջանական հանրության մոտ մեծ դժգոհություն է հասունանում՝ կապված բանակի ահռելի կորուստների ու դրա վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու հետ:
«Հատկանշական է, որ զոհվածների ոչ պաշտոնական ֆոտոշարքում հայտնվում են նրանք, որոնք օրեր առաջ տեսանյութեր էին հրապարակում՝ իբր գրավված տարածքներից իրենց ողջույնն են ուղարկում Ադրբեջանի միապետին»,- նշվում է ՊՆ տարածած տեսանյութում:
Պաշտպանության նախարարությունը եւս մեկ անգամ նշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի փորձում մարտադաշտից դուրս բերել իր սպանվածների մարմինները, ինչը դրանց մեծ թիվը, ինչպես նաեւ դրանց շարքերում թուրք զինծառայողների ու սիրիացի ահաբեկիչների առկայությունը թաքցնելու լավագույն միջոցն է:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաեւ Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:
2306 ՆՈՐ ԴԵՊՔ Է ԳՐԱՆՑՎԵԼ
Հայաստանում հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 2306 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 70836 դեպքի. այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 362293, վերջին մեկ օրում` 5189 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 19591 պացիենտ, մեկ օրում ավելացել է 1722-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 49787 անձ, վերջին մեկ օրում՝ 568 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 1131 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 327 է:
ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԿԱՑԱՐԱՆՆԵՐ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային 3 խմբերը հերթական այցեր են իրականացրել Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների պատճառով Արցախից Հայաստան տեղափոխված խաղաղ բնակիչների կացարաններ Երեւանում եւ մարզերում նրանց կարիքների ուսումնասիրության, իրավունքների ապահովման աջակցության համար: Աշխատանքային խմբերի կազմում են եղել իրավաբաններ, բժիշկ եւ հոգեբան, որոնք ծանոթացել են նրանց առաջնային կարիքների գնահատման ընթացքին եւ ուսումնասիրել դիմումները: Ուսումնասիրվել են Արցախից ժամանած անձանց սոցիալական եւ առողջապահական կարիքների, երեխաների կրթությանը, տարեցների իրավունքներին առնչվող հարցեր եւ այլն: Կացարաններում բնակվող անձանց բարձրացրած անհատական շատ խնդիրներ տեղում ստացել են լուծում: Այցերից բացի, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Արցախի մեր հայրենակիցների խնդիրներով զբաղվում է նաեւ թեժ գծի զանգերի եւ անհատական բողոքների քննարկմամբ:
ԿՐԱԿ ԻՐԱՆԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Ադրբեջանը կրակ է բացել Իրանի սահմանամերձ բնակավայրերի տների ուղղությամբ: Իրանական Azariha ալիքը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով ադրբեջանական զորքերի գործողությունների արդյունքում ավերված տները: «Իրանի սահմանամերձ բնակավայրերի տներն ավերվել են Բաքվի գործողությունների, իր ուժերը Իրանի սահմանին ամրակայելու պատճառով: Իրենց դիրքերը հյուսիս-հարավ ուղղությամբ տեղակայելու փոխարեն, Բաքվի ուժերը տեղակայվել են արեւելք-արեւմուտք ուղղությամբ»,- գրել է իրանական ալիքն ու հիշեցրել, որ Ադրբեջանը նաեւ անօդաչու թռչող սարքեր է ուղարկում Իրան:
ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ COVID-19-ԻՆ
Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողությունները նպաստում են COVID-19-ի փոխանցման կտրուկ արագացմանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում պաշտպանել խաղաղ բնակչությանն ու առողջապահական հաստատությունները, որոնք խնամում են վիրավորներին եւ հիվանդներին. այս մասին հայտնել է առողջապահության համարշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Կլյուգեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ տարածած հայտարարությունում:
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շարունակում է մտահոգվել Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողությունների սրմամբ:
Խորը մտահոգություն հայտնելով՝ նա նշել է. «Ռազմական գործողություններն արդեն նպաստում են COVID-19 փոխանցման կտրուկ արագացմանը: Շարունակական բռնությունը եւ բնակչության հետագա տեղահանությունը կխորացնեն առողջական իրավիճակի անորոշությունը»: Նշվում է նաեւ, որ հակամարտությունը ուղղակիորեն խափանում է առողջապահական համակարգը՝ ծանրաբեռնելով համաճարակով արդեն իսկ լարված առողջական համակարգերը: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում COVID-19 դեպքերի թիվը շարունակում է աճել: ԱՀԿ-ն կոչ է անում չկորցնել ժամանակ եւ ջանքեր՝ պաշտպանելու համար կյանքի եւ ապրուստի միջոցները հանրային առողջության սպառնալիքներից, որոնք աննախադեպ են:
«ԱՀԿ-ն հակամարտության բոլոր կողմերին հորդորում է միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան պաշտպանել խաղաղ բնակչությանը եւ առողջապահական հաստատությունները, որոնք զբաղվում են վիրավորներին եւ հիվանդներին խնամելով: COVID-19-ի համատեքստում հատկապես կարեւոր է, որ առողջապահության բնագավառի բոլոր աշխատողները պաշտպանված լինեն բռնությունից, որպեսզի կարողանան պահպանել համաճարակային համապատասխան արձագանքը: Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը կենսական նշանակություն ունի առողջապահական ծառայությունների հասանելիությունն ապահովելու համար, այն մարդու հիմնարար իրավունք է»,- ասված է հայտարարությունում:
Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հոկտեմբերի 14-ին հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաեւ քաղաքացիական անձինք: