ԱՐՑԱԽՑԻ ԿԱՆԱՅՔ ՆԱՄԱԿ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ԴԵՍՊԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում ժամանակավորապես ապրող արցախցի կանայք իրենց երեխաների հետ բողոքի ակցիա են իրականացրել  Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան դիմաց եւ հանդիպում պահանջում դեսպան Լին Թրեյսիի հետ: Նրանք միջազգային հանրությունից պահանջում են համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիային: Արցախցի կանանց ձեռքում պաստառներ են, որոնց վրա տարբեր գրառումներ են, ինչպես, օրինակ, «Մենք պահանջում ենք պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ», «Դադարեցրեք ահաբեկչությունը», «Ինչո՞ւ է ՆԱՏՕ-ի անդամը սպանում մեզ» եւ այլն:

Ակցիայի մասնակիցներից Իրինա Սաֆարյանը նշել է, որ իրենք դեսպանատան մոտ են եկել՝ պահանջելու արդարություն:

«Մենք պահանջում ենք, որպեսզի վերջ դրվի այն ահաբեկչությանը, որն այսօր տեղի է ունենում Արցախում: Եկել ենք ԱՄՆ-ից պահանջելու, որպեսզի այն՝ որպես ՆԱՏՕ-ի գլխավոր անդամ, սանկցիաներ կիրառի Թուրքիայի դեմ եւ վերջ դնի ղարաբաղաադրբեջանական հակամարտությանը Թուրքիայի միջամտությանը, ինչպես նաեւ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, միջամտի այս կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը, եւ վերջապես խաղաղություն հաստատվի մեր երկրում: Մենք եկել ենք այստեղ եւ պահանջում ենք, որպեսզի ԱՄՆ դեսպանը ներկայանա ու լսի մեր խոսքը»,- ասել է նա:

Կանայք նաեւ վանկարկում էին. «Մենք խաղաղություն ենք ուզում», «Կույր մի՛ եղեք», «Մի՛ լռեք», «Կանգնեցրե՛ք Էրդողանին», «Ճանաչե՛ք Արցախը» եւ այլն: Մեկ այլ մասնակից՝ Լիանա Ադամյանը, շեշտել է, որ բազմաթիվ կանայք լքել են իրենց բնակավայրերը՝ առաջնագծում թողնելով իրենց ամուսիններին, որդիներին, եղբայրներին:

«Մենք եկել ենք ԱՄՆ դեսպանատուն եւ չենք լռելու ու հենց այնպես չենք հեռանալու, մենք պահանջ ունենք: Համավարակի պայմաններից ելնելով՝ քիչ մարդ է հավաքվել, քանի որ բազմաթիվ կանայք ունեն փոքր երեխաներ: Նվազագույն դեպքում դեսպանատան ներկայացուցիչը պետք է դուրս գա եւ վերցնի մեր պահանջը, այլապես չենք հեռանալու այստեղից: Մենք հանդիպում ենք պահանջում, քանի որ արդեն անհնար է լռել»,-ասել է  Ադամյանը եւ հավելել, որ անհնար է հանդուրժել այն փաստը, որ միջազգայնորեն արգելված զենքերից հրետակոծվում են խաղաղ բնակավայրերը, եւ աշխարհը լռում է:Ս

Ակցիայի սկսելուց որոշ ժամանակ անց արցախցի կանանցից 3-ին հրավիրել են  դեսպանատուն՝ հանձնելու նամակը, որտեղ գրված են բոլոր պահանջները:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերին մասնակցում են նաեւ Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին, եւ պայմանավորվածության՝ ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության եւ համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության՝ ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել էր Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

 

 

ՕՐԴԻՆԱՏՈՐԸ ԶՈՀՎԵԼ Է

Արցախում զոհվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր Նարեկ Մեսրոպյանը, որն իր պարտքն էր կատարում մարտի դաշտում: «Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ողջ անձնակազմը ցավակցություն է հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին: Հավերժ հիշատակ եւ խոնարհում»,-նշված է հիվանդանոցի սոցցանցի էջում:

 

 

ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան, 3-8 մ/վ:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերին նախարարության փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երեւանում հոկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

ԱՐԳԵԼՔ՝ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎՐԱ

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը Թուրքիայից Հայաստան ներկրված ապրանքների առնչությամբ հանդես է եկել կոչով: «Թուրքիայի կողից  ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծման հրահրման ու անմիջական մասնակցության, հայոց նոր ցեղասպանության եւ իր ծավալապաշտական նկրտումները կյանքի կոչելու որդեգրած քաղաքականության պարագայում Հայաստանի համար օրակարգային է դարձել թշնամական տրամադրված այդ երկրի ապրանքների ներկրումից հրաժարումը։ Այս մասին համապատասխան կոչով արդեն դիմել ենք հայ գործարարներին, մի շարք ընկերություններ սեփական նախաձեռնությամբ ներկայումս հրաժարվել են թուրքական ապրանքների սպառումից, որոշակի նախաձեռնությամբ հանդես է եկել նաեւ գործադիրը, եւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ից ժամանակավոր արգելք է դրվել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա:

Միաժամանակ, խնդիրներ են առաջացել այն գործարարների ու անհատ ձեռներեցների մոտ, որոնք մինչ այս արդեն իսկ զգալի քանակով ապրանքներ են ներմուծել Թուրքիայից, կատարել զգալի ծախսեր եւ այժմ դժվարությունների առաջ են կանգնած դրանց սպառման առումով։ «Արդեն Հայաստանում գտնվող ապրանքները բոյկոտելով՝ մենք ոչ թե վնասում ենք թուրքական կողմին, այլեւ դժվար կացության մեջ դնում հայաստանցի ներկրողներին, որոնցից շատերն ունեն նաեւ վարկային պարտավորություններ։ Ուստի եւս մեկ անգամ հաստատելով այսուհետ Թուրքիայից ապրանքների ներկրումը դադարեցնելու անհրաժեշտության մեր համոզմունքը՝ հայաստանցի սպառողներին կոչ ենք անում ըմբռնողականություն ցուցաբերել եւ չխոչընդոտել արդեն իսկ ներկրված ապրանքների սպառմանը։

Հայրենական արտադրողներին եւ թուրքական շուկայի հետ մինչ այս աշխատած գործարարներին կոչ ենք անում օր առաջ դրսեւորել նախաձեռնողականություն, հաստատել նոր գործարար կապեր, համագործակցել արտերկրի նոր շուկաների հետ հայաստանցի սպառողներին անհրաժեշտ ապրանքների պահանջարկը լիարժեք բավարարելու համար»,- նշել է Արսեն Ղազարյանը:

Նշենք, որ Էկոնոմիկայի նախարարությունը մշակել եւ հոկտեմբերի 16-ին հանրային քննարկման էր դրել որոշման նախագիծ, որի ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

 

 




Լրահոս