«ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ազգագրական երգերի կատարող, երգիչ Ռուբեն Սասունցու հետ: Երգիչը մեզ հետ զրույցում անդրադարձել է Արցախյան պատերազմի եւ այլ հարցերի մասին:
-Ռուբե՛ն, ըստ Ձեզ՝ Արցախում ինչո՞ւ հիմա պատերազմ սկսվեց, ի՞նչ կարող եք ասել Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողությունների մասին:
-Այսօր այնպիսի իրավիճակ է, որ յուրաքանչյուրիս ուշքն ու միտքը միայն սեւեռված է մեր սահմանի վրա: Յուրաքանչյուրս մեր հնարավորության չափով ուզում ենք օգտակար լինենք մեր հայրենիքին, մեր սահմանին, մեր զինվորներին: Չար թշնամին զարթնեց իր ոսոխ, ստոր գործողություններով: Թուրքը երբեք չի կարող հային ծնկի բերել, քանի որ մենք մեր տեսակով միշտ եղել ենք ազգասեր, հայրենասեր, եւ մենք՝ հայերս, միշտ մեր այդ տեսակը, գենը բարձր ենք պահել: Աշխարհի տարբեր երկրներում ունենք հայեր, որոնք միշտ իրենց տեսակով, իրենց հայրենասիրությամբ տարբերվել են: Եվ ես միշտ իմ համերգների ընթացքում ասել եմ՝ կապ չունի, թե մենք որտեղ ենք ապրում, կարեւորն այն է, որ մենք մեր գենը պահենք, սիրենք մեր երգը, տարազը, մեր մշակույթը, մեր դրոշը , մեր գերբն ու հավատը:
-Ռուբե՛ն, պատերազմական այս օրերի ընթացքում հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները հանդես են գալիս տարբեր նախաձեռնություններով: Դուք ի՞նչ նախաձեռնությամբ եք հանդես եկել:
-Մեր շոուբիզնեսի ներկայացուցիչների հետ մեկտեղ յուրսքանչյուրս մեր չափով փորձում ենք օգտակար լինել ե՛ւ սահմանի տղաների, ե՛ւ արցախցի ընտանիքների համար: Ես իմ ընկերների՝ Աղասի Իսպիրյանի եւ Գոհար Հովհաննիսյանի հետ միասին յուրաքանչյուրս մեր լուման փորձում ենք ներդնել, քանի որ սա յուրաքանչյուրիս պարտքն է: Այնպես չէ, որ անուն հանելու համար պետք է ինչ-որ բաներ անես, դրա փոխարեն կարող ես առանց ցուցադրելու անել: Ինչո՞ւ չէ, մենք նաեւ մեր երգով ենք մեր տղաների կողքը կանգնել ու շարունակում ենք կանգնել: Երկու օր առաջ վիրավոր ընկերներիս էինք այցելում հիվանդանոցում, եւ ինձ ասացին. «Երբեք ձեր երգը չթարգեք, տղե՛րք: Ձեր երգերը մեզ դուխ են տալիս կռվի դաշտում, ապրեցնում են»:
-Իսկ ցանկություն չկա՞ հետեւելու Ձեր ընկերներին եւ մեկնելու առաջնագիծ:
-Իհարկե կա, ինձ նույնպես ծանուցագիր է եկել , ինձ ասացին՝ պատրաստ պահե՛ք Ձեր ճամպրուկները, երբ ժամանակը գա, կտեղեկացնենք: Ես իմ բոլոր ընկերների, տղաների հետ կազմ-պատրաստ սպասում եմ, անպայման գնալու ենք: Պետք է գնանք վաղ թե ուշ, սա մեր երկիրն է, եւ մենք բոլորս պարտավոր ենք կանգնել մեր երկրի կողքին: Այս կռիվը մասնագիտություն չի ճանաչում: Սա հայի կռիվ է:
-Այս օրերին միջազգային կառույցներից եւ գերտերություններից արձագանքներ լսում ենք, սակայն, կարծես թե, ավելիին ենք սպասում: Դուք որքանո՞վ եք գոհ այդ հայտարարություններից:
-Ես միշտ ասել եմ՝ ուրախ եմ, որ ունենք սփյուռք: Ամեն ազգի տրված չէ ունենալ այսպիսի սփյուռք: Աշխարհի տարբեր երկրներով հանդես եմ եկել շրջագայություններով, եւ մեր նման հայրենասեր եւ հայրենանվեր ազգ չեմ տեսել, որի համար շատ հպարտ եմ: Կապ չունի, որ հեռու են, բայց իրենց ամեն մի լուման մեծ բան է մեզ համար: Մենք ուժեղ ենք նաեւ նրանցով:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՏԳԵՂ ԱՐԱՐՔ
Պորտուգալական «Պորտուի» պաշտպան Պեպեն տգեղ արարքով է առանձնացել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում: Դրվագներից մեկում Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը նախ գցել է անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգին, այնուհետեւ ոտքով հարվածել է նրան: Հանդիպման գլխավոր մրցավարը «Պորտուի» ավագին դեղին քարտ է ցույց տվել այդ միջադեպի համար: Հիշեցնենք, որ Մանչեսթերում տեղի ունեցած խաղում «Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակ էր տարել 3:1 հաշվով:
ԿԱՐԾԻՔ Է ՀԱՅՏՆԵԼ
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել կատալոնական «Բարսելոնայում» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի խաղի մասին: «Երկար ժամանակ քո դիրքում չխաղալը բարդ է: Սկզբում ֆուտբոլիստը խոստովանում էր դա, եւ հնարավոր է, որ նա հիասթափված է: Գրիզմանը խաղացող է, որը պետք է հանդես գա կենտրոնում: Նա կարող է վտանգ ստեղծել վերջին փոխանցումով ու խփած գոլերով, սակայն կա խնդիր, քանի որ դա Լիոնել Մեսիի դիրքն է»,-ասել է ֆրանսիացի մասնագետը:
Այս մրցաշրջանում 29-ամյա Գրիզմանը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 4 հանդիպում, բայց արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:
ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ
Իտալական «Միլանի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, գոլի հեղինակ դառնալով Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում (2:2), եվրագավաթներում աչքի ընկավ 9-րդ խաղում անընդմեջ:
Այդ 9 խաղերում 27-ամյա բելգիացին 10 գոլ է խփել «Ինտերի» կազմում:
Չեմպիոնների լիգայում միլանյան ակումբի նախորդ 6 գոլերում Լուկակուն ունեցել է մասնակցություն՝ խփելով 4 գոլ ու կատարելով 2 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում բելգիացի հարձակվողն «Ինտերի» կազմում անցկացրել է 51 հանդիպում, դարձել 34 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:
Այս մրցաշրջանում նա ակումբի ու հավաքականի կազմում մասնակցել է 8 խաղի եւ խփել 9 գոլ:
ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ժունիրոր Վինիսիուսը տպավորիչ ռեկորդ է սահմանել ուկրաինական «Շախտյորի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում: 20-ամյա բրազիլացին գոլի հեղինակ է դարձել փոխարինման դուրս գալուց 15 վայրկյան հետո: Դա լավագույն ցուցանիշն է սկսած 2006/2007 մրցաշրջանից, երբ Opta-ն սկսել է ներկայացնել Չեմպիոնների լիգայի պաշտոնական վիճակագրությունը:
Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղում «Շախտյորը» հաղթել էր 3:2 հաշվով՝ 3 գոլ խփելով առաջին խաղակեսում:
ՊԱՀՊԱՆԵԼ Է ԻՐ ՏԵՂԸ
Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում պահպանել է 101-րդ տեղը: Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի հավաքականն անցկացրել էր 2 հանդիպում՝ Ազգերի լիգայի C դիվիզիոնում ոչ ոքի խաղալով Վրաստանի (2:2) եւ Էստոնիայի (1:1) հետ:
ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատարը շարունակում է մնալ Բելգիայի հավաքականը, իսկ աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան մնացել է երկրորդ տեղում: Լավագույն եռյակը եզրափակում են բրազիլացիները: Լավագույն տասնյակում են նաեւ Անգլիան, Պորտուգալիան, Իսպանիան, Ուրուգվայը, Արգենտինան, Խորվաթիան ու Կոլումբիան: Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Հյուսիսային Մակեդոնիան 65-րդն է, Վրաստանը՝ 88-րդը, իսկ Էստոնիան՝ 109-րդը:
Ազգերի լիգայում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 15-ին՝ հյուրընկալվելով Վրաստանին: 3 օր անց հայկական թիմը վերջին տուրում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:
ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
«Արարատ»-«Ալաշկերտ» նախատեսված Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումը հետաձգվել է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով: «Ալաշկերտի» 4 ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուսի է հայտնաբերվել: Հաշվի առնելով «Նոայում» 9 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստի դրական պատասխանները՝ հետաձգվել է նաեւ «Նոա»-«Փյունիկ» Հայաստանի առաջնության 9-րդ տուրի հանդիպումը:
Ավելի վաղ կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էր նաեւ «Նոա»-«Լոռի» 8-րդ տուրի հանդիպումը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 17-ին Երեւանում:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման ռեկորդային աճ: