Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողություն, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 հոգի վիրավորվել է, իսկ 91-ը գերեվարվել։
Ահաբեկչական գործողությանը զոհ էր դարձել 8 մարդ` Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան, Յուրի Բախշյան, Ռուբեն Միրոյան, Լեոնարդ Պետրոսյան, Արմենակ Արմենակյան, Հենրիկ Աբրահամյան, Միքայել Քոթանյան:
Ահաբեկչական խումբը գերի էր վերցրել 91 անձանց, հիմնականում ԱԺ պատգամավորների։ Գերեվարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս են հրավիրել։ Գերիների թվում էին նաև վիրավորված պատգամավորները ու կառավարության անդամները, ում նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։
Գերի մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։