«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում նոյեմբերի 2-ից պետք է մեկնարկեն «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական քննարկումները։
Այս իրավիճակում թերեւս բյուջեի նախագծի քննարկումների ճակատագիրը հարցական է, քանի որ պատգամավորներից, կառավարության անդամներից շատերն Արցախում են կամ ամեն դեպքում հաճախ են մեկնում այնտեղ եւ վերադառնում, եւ դժվար է ասել՝ որքանով հնարավոր կլինի այսպիսի իրավիճակում ապահովել նիստերի անցկացումը։
Նկատենք՝ այստեղ խոսքը բյուջեի նախագծի ավանդական քննարկումների մասին է, որի առաջին օրվան ներկա է լինում եւ բացման խոսքով հանդես է գալիս նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա ոլորտ առ ոլորտ քննարկում է իրականացվում բյուջեի նախագծի վերաբերյալ։
Իսկ մինչ այդ արձանագրենք, որ 2021 թվականի համախմբված բյուջեն գնահատվում է՝
ա. եկամուտների գծով` 1,718.8 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի),
բ. ծախսերի գծով՝ 1,992.8 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների),
գ. դեֆիցիտը (պակասուրդը)՝ 274.0 մլրդ դրամ։
Իսկ Հայաստանի Հանրապետության համայնքների՝ 2021 թվականի բյուջեները գնահատվում են՝
ա. եկամուտների գծով՝ 149.7 մլրդ դրամ (ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները),
բ. ծախսերի գծով՝ 149.7 մլրդ դրամ:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: