ԳՈՐԾԱՐԱՐԻ ՏՆԻՑ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ոստիկանությունն իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացել է հայտնի բանդային ձերբակալելու ուղղությամբ, «Նոյ» կոչվող թաղամասում կրկին գողություն է կատարվել, սակայն գողության կեսից տանտիրուհին նկատել է գողին, ինչի պատճառով  նա անմիջապես փախուստի է դիմել: Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը կամ ուժեր փորձում են ոստիկանությանն ապացուցել, որ այնքան էլ լավ չեն աշխատում, եւ բանդան վնասազերծված չէ:Երեկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ սեպտեմբերի 27-ին` ժամը 4:50-ի սահմաններում, Երեւանում հերթական կողոպուտն է գրանցվել: Պարոն Ահարոնյանը տեղեկացրեց, որ 09:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ «Նոյ» թաղամասի տներից մեկում հափշտակություն է կատարվել: Գողը կամ գողերը տեխնիկական միջոցների գործադրմամբ հետնամասի դուռը բացելու միջոցով մուտք են գործել տուն եւ գողացել տարբեր տեսակի ոսկյա զարդեր, սակայն նկատելով տանտիրուհուն` փախուստի են դիմել` կարողանալով իրենց հետ տանել հափշտակված ոսկյա զարդերը:  «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` «Նոյ» թաղամասում գտնվող այդ առանձնատունը, որտեղից գիշերը գողություն են կատարել, պատկանում է գործարար Սասուն Առաքելյանին: Մեր տեղեկությունների համաձայն` գողությունն իրականացրել է մեկ անձ, որը, նկատելով տանտիրուհուն, փախել է:«Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ գործարար Սասուն Առաքելյանը «Ս.Առաքելյան» անվամբ արտադրական ձեռնարկության սեփականատերն է: Ըստ մեր տեղեկությունների` Ս.Առաքելյանը գործարար է, որը կապ ունի  Ռուսաստանի Դաշնության հետ: Առաքելյանը Երեւանի Լենինգրադյան կոչվող փողոցի վրա ինչ-որ շինարարական խանութ ունի:«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Սասուն Առաքելյանը շատ վաղ ժամանակներում ՀՀ վարչապետի օգնական է աշխատել: Մենք պարզեցինք, որ Սերժ Սարգսյանի եւ Անդրանիկ Մարգարյանի օրոք չի եղել: Ենթադրվում է, որ Առաքելյանը ՀՀ կառավարությունում աշխատել է Արմեն Սարգսյանի վարչապետության տարիներին` խորհրդական-օգնականի կարգավիճակով: Հիշեցնենք, որ այդ նույն «Նոյ» կոչվող թաղամասում էր գտնվում Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի առանձնատունը, որը թալանելու ժամանակ գողերը դաժանաբար ծեծել էին տան բնակիչներին: Սակայն Ա.Գրիգորյանը Սասուն Առաքելյանին չէր ճանաչում: Աղվան Գրիգորյանն ասաց, որ ոստիկաններն իրենց տուն են տարել ձերբակալված հանցագործներից մեկին, որը ցույց է տվել տուն մտնելու ճանապարհը: Նույնիսկ ասել է, որ այն ժամանակ «ռեշոտկա» չկար: Իսկապես, Աղվան Գրիգորյանը գողությունից հետո է երկաթե ճաղավանդակներով փակել տան պատուհանները: Պարզվում է, որ ոստիկանները նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տուն էլ են տարել հանցագործներից մեկին, ով կրկին խոստովանել է եւ ցույց տվել, թե որտեղից, ինչ ճանապարհով են մտել տուն: «Պատմեց` ոնց է դիվանի վրա պառկած մարդ կապել, ես համոզված եմ, որ այդ խումբն է»,-ասաց Նապոլեոն Ազիզյանը:Հ.Գ. Օրվա վերջում «Ժողովուրդ»-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ «Նոյ» թաղամասի գողության մասով դեռեւս հանցագործին չեն բռնել, որոնողական աշխատանքները շարունակվում են:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս