Armenian text to speach

ԵԹԵՐԱՅԻՆ ԱՂԲԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Եթե հիշում եք, մոտ երեք տարի առաջ հայկական արտադրության սերիալներում բռնության, արյան, սարսափ ու էրոտիկ  տեսարանների, ժարգոնի ու փողոցային հայերենի առատ գործածության դեմ  հասարակական լայն քննարկում ծավալվեց` մտավորականների, հոգեբանների, դերասանների  ու հեռուստաընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Պարզվեց, որ նախագահականում էլ են դժգոհ, հարցը  հասավ ընդհուպ Սերժ Սարգսյանին կից Հանրային խորհուրդ, այստեղից երեւույթը դատափետեցին, ապա  հեռուստաընկերությունները հանդիսավոր պայմաններում  եթերային նորմերի ինչ-որ խարտիա ստորագրեցին ու  այսքանով «սուրը փառքով դրվեց պատյան»: Իսկ պայմանավորվածությունն այն էր, որ վերը նկարագրվածը հայկական արտադրության սերիալներում պետք է փոխարինվեր սիրային, հայրենասիրական եւ այլ սյուժեներով:Սակայն, շատ չանցած, իրականությունը կրկնվեց: Հիմա եւս սերիալներում գողական բարքերն ու փողոցային բառապաշարն են «թագավորում»: Հետաքրքիր է, որ իրավիճակի  լրջությունն  անգամ պատկերացնում է  Սյունիքի  մարզպետ  Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, ով, ինչպես հաղորդում է «Հրապարակ»-ը, Գորիսում ճաշկերույթի ժամանակ դերասան Ռաֆայել Քոթանջյանին հորդորել է   չնկարահանվել սերիալներում` ասելով. «Մաեստրո՛ ջան, մենք Ձեզանով ենք հպարտանում, էդ սերիալների մեջ մի՛ նկարվի էլի, մի հաշվեհամար բացի, մեկ-մեկ զանգ տուր ինձ, ես քեզ ինչքան պետք ա` կտամ»:Թե բարձրացված աղմուկի մարելուց հետո որքանով հեռուստաընկերությունները հավատարիմ մնացին ստորագրված հուշագրին, հարցի մի կողմն է, քանի որ տվյալ դեպքում խոսքը հեռուստաեթերի լեզվական բաղադրիչի  մասին է: «Հ1», «Արմենիա», «Հ2», «Շանթ» եւ մյուս հեռուստաընկերությունների սեփական մշտադիտարկման    գլուխգործոցների շարքում ինչպես հայերենով  բարդ ստորադասական նախադասություններն են` ռաբիս երաժշտության «մայր» տեքստերին ոչնչով չզիջող  բառապաշարով (այստեղ խիստ խրախուսվում է տարբեր խուճուճ մակդիրների եւ ածականների միաժամանակյա կամ համաժամանակյա  գործածումը), այնպես էլ ժարգոնային հայերենը:  Վերջինիս  մի խումբը վերաբերում է «արագի մեջին». «արագի մեջ հագնվել, արագի մեջ  տանից դուրս գալ»:  Մի սերիալում էլ կոմայի մեջ պառկած ընկերոջ` Ստյոպիկի մոտ դերասան  Միհրան Ծառուկյանն արտասվելով աղաչում է «արագի մեջ» դուրս գալ այս վիճակից: Նույն սերիալում երիտասարդ աղջկա մայրը մի քանի սերիա առաջ  դստերը խորհուրդ էր տալիս  իրեն այնպես պահել ընկերոջ հետ, որ տղան «չառիթավորվի»: Շատ դեպքերում դերասանները եւ սցենարիստներն ուղղակի չեն հասկանում բառերի իմաստը: Օրինակ`  երիտասարդ աղջիկը, ցանկանալով ցույց տալ, որ այդ տանն ինքը խորթ է կամ օտար, ասում է, որ ինքն այդ ընտանիքում  «յուրային է»: Բացառություն չեն նաեւ լեզվական-հնչյունային  աղավաղումները. «Ֆորդ Բոյար»-ում ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Ջաղինյանը հրամայում է. «Մոնիկա՛, հեռացրո՛ւ վագռռներին», մի հաղորդավարուհի էլ «Հ1»-ից  անընդհատ ասում է` «րիժիմ»: ԿԳ նախարարությանն առընթեր լեզվի պետական տեսչության լեզվական վերահսկողության պետ Եսայի Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչպես են պայքարում եթերում լեզվական աղբի դեմ, պատասխանեց. «Հոդվածներով, մեկ էլ իրենց նամակներ գրելով»: Պարզվում  է` տեսչությունն ի վիճակի չէ անգամ տույժեր նշանակել,  քանի որ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում  լեզվի անաղարտության  դրույթով  նման տույժեր պարզապես նախատեսված չեն: Այնպես որ, տեսչությունում բավարարվում են այս մասին «Լեզվաշխարհ» անունով ամսագրում գրելով:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս