Իրանի ԱԳՆ քաղաքական հարցերով փոխնախարար Աբբաս Արաղչին երեքշաբթի ժամանել է Արդեբիլ նահանգի Փարսաբադ Մողան օդանավակայան՝ այցելելով Հայաստանին ու Ադրբեջանին սահմանակից տարածքներ։ Այս մասին գրում է IRNA-ն։
Իրանցի պաշտոնյան հակամարտող կողմերին կոչ է արել և նախազգուշացրել՝ հրետանային հարվածներ չհասցնել իրանական ջրամբարներին ու էլեկտրակայաններին։ Արաղչին ասել է, որ Արաքս գետի երկայնքով Իրանն ունի ջրամբարներ ու էլեկտրակայաններ, ուր ևս պատրաստվում է այցելել։
Նա հավելել է, որ դրանք առաջնային նշանակություն ունեն Իրանի համար և չպետք է վնասվեն երկու հարևանների հակամարտության ընթացքում։
Փոխնախարարը նաև նշել է, որ դրանց պաշտպանության հարցերը քննարկելու է տեղի պաշտոնյաների հետ։ Արաղչին այցելել է Արդեբիլ նահանգում Ասլանդուզ բնակավայրում գտնվող Միլ Մողան ջրամբար, այնուհետև մեկնել սահմանակից Արևելյան Ադրբեջան (Ատրպատական) նահանգ։