Երեկ ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, թե «Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել»։ Այս հայտարարության հետ կապված «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանին, պարզելու համար, թե ինչ դիրքորոշում ունեն իրենք Մանուկյանի հայտարարության վերաբերյալ:
«Ես չեմ մեկնաբանում այդ հայտարարությունը, այդ ամենի մասին արդեն Պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատուն հանդես է եկել հայտարարությամբ, եւ մենք ավելացնելու որեւէ բան չունենք»,-հայտարարեց Մանե Գեւորգյանը:
Նշենք, որ ՊՆ նախարարի մամուլի պատասխանատու Շուշան Ստեփանյանը, անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, նշել էր, թե «ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության եւ Զինված ուժերի միջեւ հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը: Առավելեւս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը եւ շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումներ»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սոնա Գրիգորյան