Բահրեյնի թագավոր Շեյխ Համադ բին Իսա Ալ Խալիֆան արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից իրեն հղված նամակին: Նախագահ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին նամակներ էր հղել Բահրեյնի Թագավորության թագավորին եւ արաբական մի շարք երկրների ղեկավարների՝ տեղեկացնելով Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների մասին եւ նշել միջազգային հարթակներում նրանց ունեցած կապերի ու հեղինակության օգտագործման կարեւորությունը՝ դադարեցնելու արյունահեղությունն ու մարդկային տառապանքները:
Բահրեյնի թագավորի պատասխան նամակում մասնավորապես նշվում է.
«Երախտագիտություն ենք հայտնում Ձերդ Գերազանցությանն առ այն, որ կոչ արեցիք մեզ առավելագույն ճիգեր գործադրել եւ միանալ միջազգային հանրության ջանքերին՝ հրադադար սահմանելու եւ երկու երկրների միջեւ եւ Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը կանխարգելելու համար: Կիսում ենք նաեւ այն մտավախությունը, որ այդ ցավալի հակամարտությունը կարող է վերածվել ավերիչ երկարաժամկետ պատերազմի այս կարեւոր եւ զգայուն տարածաշրջանում, որին զոհ կգնան քաղաքացիական անձինք, եւ սպառնալիք կստեղծվի ամբողջ միջազգային անվտանգության համար:
Մենք կիսում ենք Ձերդ Գերազանցության կարծիքը, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, եւ բանակցություններն ու քաղաքական կարգավորումն առավել ընդունելի են՝ հասնելու համատեղ փոխըմբռնման, կանխելու կորուստները, ինչպես նաեւ խուսափելու հումանիտար աղետից»:
Թագավորը նշել է, որ Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը համատեղում է ջանքերը Ծոցի երկրների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարության հետ, որը Ծոցի համագործակցության խորհրդի երկրների անունից հրապարակել է հայտարարություն՝ կարեւորելով հրադադարի շուտափույթ հաստատումը եւ կոչ անելով Անվտանգության խորհրդին, որպեսզի ստանձնի միջազգային անվտանգության եւ խաղաղության հաստատման իր պարտավորությունները:
«Արտաքին գործերի նախարարությունն աշխատում է նաեւ միջազգային անվտանգությամբ եւ խաղաղությամբ մտահոգ երկրների հետ՝ կոչ անելով միավորել միջազգային հանրության ջանքերը՝ անհապաղ հրադադար հաստատելու եւ ավերիչ պատերազմը կանխարգելելու նպատակով»,- ասվում է Բահրեյնի թագավորի նամակում: