Եվրախորհրդարանում Նիդերլանդների ներկայացուցիչ Պետեր Վան Դալենը հոկտեմբերի 8-ին բուռն ելույթ էր ունեցել Եվրախորհրդարանում՝ ի օգուտ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտության մեջ հայտնված հայերի:
Նա եւ մյուս եվրախորհրդարանականները բարձրաձայնել էին ադրբեջանական կողմին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից տրվող ռազմական եւ ջիհադիստ վարձկանների տեսքով աջակցության հարցը: Եվրախորհրդարանի լիագումար նիստում խոսվել էր 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին, երբ Թուրքիայում սպանվեց 1,5 միլիոն էթնիկ հայ: Վան Դալենը եւ Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելին ուղղված նամակում խնդրել են ԵՄ-ին խստորեն դատապարտել եւ ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ, որպեսզի նա դադարեցնի իր միջամտությունը Ադրբեջան-Հայաստան հակամարտությանը:
Վան Դալենը նաեւ համատեղ հանձնաժողով է ներկայացրել նախորդ շաբաթ Արտաքին կոմիտեում ընդունված բյուջեի փոփոխությունը` դադարեցնելու համար ԵՄ-ից Թուրքիային տրվող նախաանդամակցության համար միջոցները, քանի որ Թուրքիան պարբերաբար խախտում է օրենքի գերակայությունը, հետապնդում կրոնական փոքրամասնություններին եւ բանտարկում լրագրողներին: Նա պնդում է, որ անդամակցության շուրջ բանակցությունները պետք է ավարտվեն:
«Ժողովուրդ» օրաթերթն Արցախում տիրող իրավիճակի եւ հնարավոր զարգացումների շուրջ զրուցել է Եվրախորհրդարանում Նիդերլանդների ներկայացուցիչ Պետեր Վան Դալենի հետ:
-Պարո՛ն Վան Դալեն, Արցախում սկսված պատերազմից անցել է արդեն 27 օր: Ո՞րն է Ձեր տեսակետն Արցախում տիրող իրավիճակի շուրջ:
-Թուրքիայի կողմից լիովին աջակցվող Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղում դատապարտելի է, իսկ մարդկանց համար հանգամանքներն էլ՝ ողբալի: Ես լսում եմ բազմաթիվ զոհերի եւ վիրավորների մասին, ինչպես նաեւ Ստեփանակերտում քաղաքացիական անձինք գնդակոծության պատճառով անընդհատ ապրում են նկուղներում: Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի քրիստոնյաների դեմ այս պատերազմով: Սա դարձյալ թուրքական ցեղասպանությո՞ւն է:
-Այդ դեպքում ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը: ՄԱԿ-ը, Մինսկի խումբը, ԵՄ-ն կոչ են անում դադարեցնել զինադադարը, բայց մարտերը շարունակվում են. ըստ Ձեզ՝ ինչո՞ւ:
-Թուրքիան ամբողջ ընթացքում աջակցում է Ադրբեջանին եւ Ալիեւի կլանին: Ցավոք, Թուրքիայի դիրքորոշումը դժվարացնում է, որպեսզի եվրոպական մի քանի երկրներ բացահայտ դիրքորոշում ունենան այս հակամարտության հարցում, քանի որ Թուրքիան անդամակցում է ՆԱՏՕ-ին: Ուստի ժամանակն է ամբողջությամբ վերանայել այս անդամակցությունը, քանի որ Էրդողանը հասկանում է միայն ուժեղ գործողությունները, նա տպավորված չէ խոսքերից եւ քննարկումներից:
-Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, թե Ադրբեջանը կշարունակի պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումն է մնում անփոփոխ: Համակարծի՞ք եք նրա հետ, եւ ինչպե՞ս կարելի է կանգնեցնել Թուրքիային:
-Թուրքիայի դիրքորոշումը դատապարտելի է: ԵՄ-ն պետք է դատապարտի Թուրքիայի ներգրավվածությունն այս հակամարտությունում, քանի որ այս երկիրն ապակայունացնում է տարածաշրջանը, եւ Էրդողանը փորձում է վերականգնել Օսմանյան կայսրությունը: Տարիներ շարունակ ես դեմ եմ Թուրքիայի՝ որպես ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակին՝ հաշվի առնելով Թուրքիայի եւ նրա ներսում տեղի ունեցող բոլոր զարգացումները: Մտածե՛ք թուրքական ագրեսիայի մասին ամբողջ Միջերկրական ծովի տարածքում եւ Կովկասում, նրա վերաբերմունքի մասին կրոնական փոքրամասնությունների հանդեպ, ինչպիսիք են քրիստոնյաները եւ նրանց վանքերը, Սուրբ Սոֆիայի տաճարի՝ մզկիթի վերափոխումը եւ շատերի բանտարկումը լրտեսության կեղծ մեղադրանքների պատճառով: ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Թուրքիայի թեկնածության եւ դրա հետ կապված փոխանցվող ողջ գումարը եւ գործընթացները պետք է դադարեցվեն հիմա: Եվ ԵՄ-ն պետք է դիտարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ, որպեսզի դադարեցնի նրա մասշտաբային ագրեսիան: Ավելին, նաեւ ՆԱՏՕ-ն պետք է վերանայի Թուրքիայի անդամակցությունը:
-Հայաստանի եւ Արցախի իշխանությունները նաեւ կոչ են անում ճանաչել Արցախի անկախությունը: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խանգարում դրան:
-Երկիրը կարող է ճանաչվել, եթե այն համապատասխանում է միջազգային չափանիշներին: Դրանք են սահմանված տարածքը, մշտական բնակչությունը, կառավարություն ունենալը եւ այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողությունը:
-Արցախն ունի այդ հանգամանքները, ի՞նչ եք կարծում, կլինե՞ն երկրներ, որոնք կճանաչեն Արցախը:
-Չեմ կարող ասել, բայց մենք պետք է աջակցենք Արցախին: Սա սպառնալիք է քրիստոնեությանը:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՉԱՐԺԵ ՄԵԾ ԱԿՆԿԱԼԻՔ ՈՒՆԵՆԱԼ
Չպետք է շտապել ուռճացնել Ադրբեջանից եկող ինֆորմացիան այն մասին, թե այնտեղ լուրջ բողոքի ալիք կա: Ադրբեջանական հասարակությունը եւ տեղեկատվական դաշտը իզոլյացիայի մեջ են եւ դեռ ամբողջովին չեն գիտակցում ու հասկանում կատարվողը:
Այս մասին հայտնել է Արդրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով դիտարկմանը, թե տեղեկություններ են հասնում Արբեջանում բողոքի ալիքների մասին, եւ հարցին՝ իրականում ինչպիսի տրամադրություններ են այնտեղ:
«Եթե լինեն բողոքի ալիքներ, լինելու են ռազմական գործողությունների ավարտից հետո ավելի լայն մասշտաբով, երբ վիրավորները վերադառնան, կամ երբ ընտանիքներն արդեն հասկանան, որ իրենց տղաները անհետ կորած չեն ու իրականում զոհվել են, եւ իրենցից այդ ինֆորմացիան թաքցրել են: Ադրբեջանական քարոզչությունը պաշտոնապես արգելել է առհասարակ խոսել զոհերի մասին՝ չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ մի փոքր բացեց փակագծերը»,-նշել է Էլիբեգովան:
Անդրադառնալով հարցին, թե ինչպիսի ակնկալիքներ կարող ենք ունենալ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից, ադրբեջանագետը պատասխանել է, թե, իր կարծիքով, այս փուլում այդ հանդիպումից մեծ սպասումներ պետք չէ ունենալ: «Օրեր առաջ արդեն տեսել ենք Պոմպեոյի հայտարարությունն այն մասին, որ իրենք հույս են հայտնում, որ հայերը կկարողանան դիմակայել ադրբեջանական ագրեսիային եւ վայրագություններին, որոնք հիմա կատարվում են Արցախում: ԱՄՆ-ն փաստացի հնարավորինս դիստանցավորվում է հարցի լուծմանն ակտիվ մասնակցելուց եւ, ըստ երեւույթին, հիմնական մոդերատորի մանդատը փոխանցել է ռուսական կողմին»,-նկատել է նա:
Դիտարկմանը, թե մինչ այսօր շատ է խոսվում միջազգային կառույցների, հանրության լռության կամ, առնվազն, ոչ համաչափ արձագանքի մասին, եւ հարցին՝ տարբեր կետերում հայ համայնքների բողոքի ակցիաներն ինչ արդյունք կարող են տալ, Էլիբեգովան պատասխանեց, որ ե՛ւ հայ համայնքների, ե՛ւ դիվանագիտական ներկայացուցչությունների, ե՛ւ պառլամենտական դիվանագիտության մակարդակով, ե՛ւ ՀԿ-ների միջոցով պետք է հասցնել աշխարհին Արցախում տիրող իրավիճակի իրական պատկերը, որ Ադրբեջանը դա միակողմանի չներկայացնի եւ իրեն շահեկան պատկեր չստեղծի, բայց, այնուամենայնիվ, չարժե մեծ ակնկալիք ունենալ:
ԱՆՀԱՊԱՂ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ
Երեկ տեղի է ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովի եւ Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը. այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Կողմերը կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող իրավիճակի սրման վերաբերյալ եւ ընդգծել վարձկան զինյալներին ղարաբաղյան հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը: «Ընդգծվել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից ապօրինի զինված կազմավորումների զինյալներին տարածաշրջան տեղափոխելու անթույլատրելիությունը եւ այնտեղից նրանց անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը»,- ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում:
ԿՈՌԵԿՏ ՉԷ
«Քանի դեռ հակամարտությունը շարունակվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում եւ Հայաստան չի տեղափոխվել, ՀԱՊԿ-ի ներգրավվածության մասին խոսելը կոռեկտ չէ»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը: «Այն (կոնֆլիկտը-խմբ.) տարածք չի տեղափոխվել, Հայաստանից ոչ մի խնդրանք չի եղել, ոչ էլ պաշտոնական հայց է եղել: ՀԱՊԿ-ն օգնում է իր անդամ երկրներին որոշակի իրավիճակներում, երբ հստակ ագրեսիա կա: Դեռ խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը հենց հայերի կողմից իրենց տարածքի մաս չի ճանաչվել եւ, հավանաբար, չի կարող ճանաչվել, ՀԱՊԿ պաշտպանական ներուժի օգտագործման մասին խոսելը կոռեկտ չէ»,-ասել է Պանկինը:
ՀԱԿԱՍՈՒՄ Է ԵՄ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ
Իսպանիայի կողմից Սաուդյան Արաբիային եւ Ադրբեջանին զենքի վաճառքը հակասում է ԵՄ օրենքներին. այս մասին հայտարարել է կատալոնացի պատգամավոր Միրիամ Նոգերասը։ «Մենք կառավարությանը կոչ ենք անում անորոշ ժամկետով դադարեցնել արտահանումը, որը սպառնալիքի տակ է դնում Եմենի եւ Լեռնային Ղարաբաղի անմեղ խաղաղ բնակիչների կյանքերը։ Իսպանիայի կառավարությունը Ղարաբաղում կրակի դադարեցման կոչ էր արել։ Սակայն ինչպե՞ս կարելի է խաղաղության կոչ անել եւ միաժամանակ զենք վաճառել, որը սպանում է անմեղ մարդկանց»,- նշել է նա։