Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ երբեք թույլ չի տա Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնել: Սա, ըստ էության, նորություն էր այն առումով, որ փաստացի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տարիներ առաջ կողմ է եղել այս տարբերակին: Բանն այն է, որ ղարաբաղյան հակամարտության առաջարկվող լուծումը բաղկացած է երկու փուլից:
Առաջին փուլում նախատեսվում է Ադրբեջանին վերադարձնել անվտանգության գոտին, որն ընդգրկում է ԼՂԻՄ տարածքի հարակից տարածքները: Սակայն այս փուլը հնարավոր է միայն պայմանով, որ ապագայում հանրաքվեի միջոցով որոշվի տարածաշրջանի կարգավիճակը: Այս մասին հստակ ասվեց 2010 թվականի հունիսի 26-ին Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության մեջ. «Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ՝ ապահովելով անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ. միջանցք, որը կապում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական իրավական կարգավիճակի որոշում»։
Այդ պահերը շատ հստակ ֆիքսված են Մադրիդյան սկզբունքներում, ապա նաեւ 2010 թվականին գագաթաժողովում ստորագրված փաստաթղթում: Ստացվում է, որ այն ժամանակ Իլհամ Ալիեւը համաձայնել էր հանրաքվեի անցկացման տարբերակին, սակայն հիմա հայտարարում է՝ ես դեմ եմ: Դրա փոխարեն նա առաջարկում է, այսպես ասած, մշակութային ինքնորոշում:
Այսպիսով, նա չի համաձայնում անգամ ամենափոքր զիջման, հետեւաբար չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: Ալիեւի այսպիսի պահվածքը բացառում է կոնֆլիկտը բանակցային տարբերակով լուծելու հնարավորությունը եւ խաչ քաշում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա:
Իսկ Մադրիդյան սկզբունքների առաջին կետում ասվում է. «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ եւ իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում»:
1) Կողմերը, համագործակցելով համանախագահող երկրների հետ, ստեղծելու են չորս առանձին կոմիտեներ։ Այդ կոմիտեները գործելու են կոնսենսուսի հիմունքով եւ զբաղվելու են.
l Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հանրաքվեի մանրամասների ու ժամանակի հստակեցմամբ,
l 4-րդ կետում նկարագրված հայեցակարգի հիման վրա միջանցքին վերաբերվող տեխնիկական մանրամասների մշակմամբ, այս հիմնարար սկզբունքներում տեղ չգտած բոլոր մնացած հարցերի գնահատմամբ, Քելբաջարի շրջանը՝ ԵԱՀԿ հանձնաժողովի միջազգային մշտադիտարկումից Ադրբեջանի վերականգնվող լիակատար վարչական վերահսկողության ներքո փոխանցելու մանրամասների մշակմամբ։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, որպես պաշտոնական առաջարկ, ԵԱՀԿ նախարարների խորհրդում ներկայացվել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների քննարկմանը Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների կողմից՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (նոյեմբերի 29, 2007թ., Մադրիդ).
2) Միջանկյալ ժամկետի ընթացքում մինչեւ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը վերջինիս բնակիչները կունենան որոշակի իրավունքներ եւ արտոնություններ, որոնք պետք է շարադրվեն Խաղաղության համաձայնագրում՝ համաձայն ներքոշարադրյալ սկզբունքների.
ԼՂ բնակչությունը/բնակիչները ունենալու են ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական ու տնտեսական կենսագործունեությունն ու անվտանգությունը պաշտպանելու եւ վերահսկելու իրավունք, որը հետեւում է օրենքի նորմերին: Նրանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգվելու են:
ԼՂ բնակչությունը իրավունք է ունենալու ընտրելու իշխանության մարմիններ`միջանկյալ շրջանում ԼՂ-ն կառավարելու համար: Իշխանության այդ մարմինները կիրականացնեն օրենսդիր եւ գործադիր իշխանություն ԼՂ-ի ներքին հարցերում, ինչպես նաեւ կհիմնեն դատարաններ՝ արդարադատություն իրականացնելու նպատակով: Պաշտոնյաները նաեւ լիազորություններ կունենան արտաքին շփումներ ունենալ այն ոլորտներում, որոնք սահմանվելու են Խաղաղության համաձայնագրով:
ԼՂ միջանկյալ իշխանությունները կարող են ունենալ դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն ԼՂ-ին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը նախապայման չէ:
ԼՂ-ն իրավունք է ունենալու ստանալ արտասահմանյան երկրների եւ միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն՝ պայմանով, որ այդ օժանդակությունը նախատեսված լինի մարդու իրավունքների, խաղաղ տնտեսական եւ ժողովրդավարական զարգացման, մշակութային եւ առեւտրային կապերի համար կամ հիմնական մարդասիրական պահանջների բավարարմանը:
ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ սպառնալիքներն ակտիվացել են Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին: Թուրքիայի ազգային ժողովի հայ պատգամավոր Գարո Փայլանը ընդգծել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը երկրում ստեղծել է «ատելության սովորական մթնոլորտ»: Գ. Փայլանը եւս թիրախավորվում է Թուրքիայում՝ հրադադարի կողմնակիցը լինելու, խաղաղության կոչի համար: Փայլանը նշել է, որ Թուրքիայում ապրում են տարբեր ինքնություններ, տարբեր հավատք եւ համոզմունք ունեցող քաղաքացիներ: «Սակայն ներկայիս վարչակազմը, ցավոք, շարունակում է վարել իր ազգայնական, ռասիստական եւ կրոնական ուղղվածություն ունեցող քաղաքականությունը»,-նշել է Փայլանը: Այն ժամանակ, երբ Թուրքիայի կառավարությունը կանգնած է Ադրբեջանի կողքին Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում, Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում: «Այսպիսի մթնոլորտում, երբ Թուրքիան Ադրբեջանի կողմն է, եւ երբ հայերի դեմ ատելության խոսք է կիրառվում, մենք աղավնու անհանգստություն ենք զգում, ինչպես ասել էր սիրելի Հրանտ Դինքը: Ցավոք, այս օրերին մենք աղավնու ամենախորը անհանգստությունն ենք ապրում»,- ասել Փայլանը: Վերջինս նկատել է, որ պատերազմի արդյունքում տուժում, տառապում են խաղաղ բնակիչներ, եւ նա հարցի լուծումը տեսնում է խաղաղության սեղանին:
ԼՈՒՐՋ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Իրանը ուշադիր հետեւում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին եւ չի հանդուժի ագրեսիան իր սահմաններին եւ տարածքներում. այս մասին ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին: «Իրանն ուշադիր եւ ամենայն լրջությամբ հետեւում է երկրի սահմանամերձ հատվածներում առկա լարվածությանը, եւ այս առնչությամբ հայտարարելով մեր երկրի տարածքում ագրեսիայի անընդունելիությունը՝ լուրջ նախազգուշացում ենք անում հակամարտող կողմերին անհրաժեշտ զգուշավորության վերաբերյալ»,- ասել է դիվանագետը:
Դեսպանն ընդգծել է, որ Իրանը սերտ եւ լուրջ շփման մեջ է բոլոր կողմերի հետ: «Իրանի Իսլամական Հանրապետությունը որեւէ կերպ չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին եւ իր տարածքում: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին դեպքերի ժամանակ մենք երկու կողմին էլ հայտարարել ենք, որ ցանկացած մեկը, ով կխախտի այս սկզբունքը, միանգամայն կմերժվի»,-ասել է դեսպանը: Նա նաեւ հավելել է, որ պաշտպանության որոշ ոլորտներում Իրանը հասել է ինքնաբավության եւ նույնիսկ արտահանման հնարավորությունների: Ավելի վաղ իրականական լրատվամիջոցները հայտնել են Իրանի տարածքում ԼՂ հակամարտության գոտուց անօդաչու սարքերի կործանման եւ արկերի ընկնելու, ինչպես նաեւ իրանական խաղաղ բնակավայրեր Ադրբեջանի կողմից գնդակոծվելու մասին:
17.9 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը երկկողմ վարկային համաձայնագրի շրջանակներում 17.9 մլն ԱՄՆ դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին. այս մասին Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական ??խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրերի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ, որը ստորագրվել է 2020 թվականի ապրիլի 21-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ, ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է փոխնախարարը, համատեղ ծրագրի իրականացման համար 25.4 մլն դոլար կհատկացվի, որից 17.9 մլն դոլարը որպես վարկ կտրամադրի Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի կողմից, 6.3 մլն դոլարը՝ պետական ??համաֆինանսավորման ճանապարհով, եւ 1.1 մլն դոլար` համայնքներում ներդրումների միջոցով: Այս վարկը մարելու համար 25.5 տարի ժամկետ կհատկացվի, որի արտոնյալ ժամանակահատվածը 14.5 տարի է: Ընդ որում, տոկոսադրույքը լողացող կլինի՝ 6-ամսյա EURIBOR+ լողացող սպրեդ: Քննարկումներից հետո խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այս նախաձեռնությանը:
ԶՈՀՎԵԼ ԵՆ
Արցախում մարտերի ժամանակ զոհվել է արցախյան առաջին ազատամարտի մասնակից, ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը: ՀԱԿ անդամը 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ էր եւ ձերբակալվել էր մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակի խաղաղ հավաքը ցրելուց հետո։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: 2 ոստիկանի ցուցմունքների հիման վրա կազմված գործով Մաթեւոսյանը դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման: Արցախում զոհվել է նաեւ ՀՀ ՊՆ հատուկջոկատային, ապրիլյան եւ հուլիսյան պատերազմների ակտիվ մասնակից, Սիրիայում խաղաղապահ առաքելություն իրականացրած, ՀՀ եւ Ռուսաստանի Դաշնության գերատեսչական, մարտական մեդալներով պարգեւատրված Թաթուլ Հակոբյանը, որը ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եղբայրն է:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԵՂԲԱՅՐԸ
Ռազմաճակատում զոհվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եղբայրը: