ՄՐՑԱԿՑԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԻ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը խոսել է մի քանի կարեւոր կետերի մասին՝ նշելով, որ այս տիրույթում այլեւս նույնքան ակտիվ չի լինի:

 

«Դիմակ կրե՛ք։ Մի՛ մտածեք, որ պատերազմական իրավիճակ է, ու դա կարեւոր չէ։ Հակառակը, կրկնակի, եռակի, քառակի կարեւոր է։ Բուժվողների թիվը հասել է 20 հազարի։ Մենք իրավունք չունենք բժիշկներին ու հիվանդանոցները ծանրաբեռնել։ Վիրավոր զինվորներ ունենք, ժողովո՛ւրդ ջան։ Տնտեսական հետեւանքների մասին էլ չեմ խոսում. եթե կրկին սահմանափակումներ մտցվեն, ծանր է լինելու։

Դադարեցրե՛ք թուրքական ապրանքների բոյկոտը։ Հնարավորություն տվեք արդեն իսկ թուրքական ապրանքներ ներմուծած մեր հայրենակիցներին վաճառել ու սպառել պաշարը։ Լրացուցիչ խնդիրներ չստեղծենք նրանց համար։ Ի վերջո, այդ մարդիկ թուրքական ապրանք վաճառել են, որովհետեւ պահանջարկ է եղել, մենք գնել ենք։ Միեւնույնն է, դեկտեմբերի 31-ից ներմուծումն արգելվելու է։ Ժամանակ տվե՛ք, որ մարդիկ բիզնեսը վերակառուցեն, չսնանկանան։ Թուրքական ապրանք ներմուծող գործարարներ, գիտեմ, չի բացառվում, որ շատերդ ցանկանաք այս 2 ամսվա ընթացքում մաքսիմալ շատ ապրանք բերել, որ արգելքը ուժի մեջ մտնելուց հետո պաշար ունենաք։ Հաշվի առեք այդ ռիսկը, որ հետո պահանջարկ չլինելու պատճառով փաստի առաջ չկանգնեք։

Տարբեր այլ ապրանքների վաճառքով զբաղվողնե՛ր (ծաղիկ, քնապարկ եւ այլն), անհիմն մի՛ թանկացրեք ապրանքները։ Հիմա գերշահույթ ստանալու ժամանակը չէ, առիթը չէ։ ՏՄՊՊՀ եւ այլ կառույցներ այս հարցով զբաղվում են եւ կզբաղվեն, բայց եկեք բանը դրան չհասցնենք։

Ընդհանրապես, տարբեր ուղղություններով փորձեք ռեսուրսները միավորել ու ավելի արդյունավետ օգտագործել։ Ասենք, մի քանի տարբեր հայտարարություն աչքովս ընկավ, որ ԱԹՍ-ների հետ կապված աշխատանք է կատարվում, եւ ֆինանսավորման կարիք կա։ Ճիշտ կլինի, եթե մտավոր, ֆինանսական եւ այլ ռեսուրսները մեկտեղվեն։ Գտե՛ք իրար, կապ հաստատե՛ք։ Հիմա մրցակցելու ժամանակը չի, համագործակցելու ժամանակն է։

Եթե ուզում եք նվիրատվություն կատարել, ամենաճիշտը դրամական փոխանցումն է։ Եվ ավելի շատ ուշադրություն դարձրե՛ք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Կրկնեմ նախկինում ասածս. եթե ծախսերը հետաձգել եք ու ազատ փող ունեք (որով հանգանակություն չեք անելու), ծախսե՛ք։ Դա տնտեսական ակտիվությունը կխթանի։ Նույնը գործարարների մասով. մի՛ հետաձգեք ձեր ներդրումները։

Բանկերի հետ կապված։ Մեր բոլոր բանկիրներին խնդրում եմ այս փուլում ավելի հանդուրժող գտնվել ճակատում գտնվող զինծառայողների, զորակոչիկների եւ կամավորների, նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։ Եթե կա հնարավորություն, կտրուկ քայլեր մի՛ արեք, նոր ժամանակացույց կազմե՛ք։ Մենք օրենքով ձեր ազատ գործելու հնարավորությունները մեծացրել ենք, բայց որոշումը դուք եք կայացնում։

Հարգելի՛ վարկառուներ, խնդրում եմ, դուք էլ ըմբռնումով մոտեցե՛ք բանկերին։ Բանկային համակարգը նույնպես գործում է ընդհանուր ճգնաժամային իրավիճակին համապատասխան։ Եթե համատարած չվճարումներ լինեն, դա կբերի ֆինանսական լուրջ խնդիրների, ինչը կազդի բոլորիս վրա։ Կան դեպքեր, երբ լինում են ինֆորմացիայի հետ խնդիրներ: Պատերազմ է, կլինեն նաեւ խնդիրներ։

Հետեւե՛ք միայն պաշտոնական լրահոսին։ Խուսափե՛ք լայքել նոր էջերը, հատկապես, եթե դրանք գովազդով են երեւում ձեր լրահոսում։ Մի՛ տարածեք ամեն պատահած լուր եւ տեսանյութ։

Ընդհանրապես, սոցցանցը ժամանակը արդյունավետ ծախսելու ամենալավ տեղը չէ։ Բայց եթե սոցցանցերում ակտիվ եք, ապա փորձե՛ք ձեր ժամանակն ու էներգիան ուղղել արտաքին թշնամու դեմ (տարբեր հարթակներում գրառումներ, քոմենթներ եւ այլն): Ամեն տառի նպատակը պիտի հաղթանակը լինի։

Եվ վերջապես, ոչ մի բանից խուճապի մի՛ մատնվեք եւ ոչ մի բանից չափից դուրս շատ մի՛ ոգեւորվեք։ Որքան սառնասիրտ ու սթափ լինենք, այնքան կմոտեցնենք հաղթանակը»։

 

 

1145 ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔ

Հոկտեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 73310 դեպք, որոնցից 50276-ն` առողջացած, 1145-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21560 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 368053 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 5760 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2474 նոր դեպք: Ունենք 489 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 67 (տղամարդ), 58 (կին), 57 (տղամարդ), 83 (տղամարդ), 77 (կին), 74 (կին), 87 (կին), 66 (տղամարդ), 69 (կին), 61 (տղամարդ), 72 (տղամարդ), 72 (կին), 96 (տղամարդ) եւ 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 329 է:

 

 

ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՑ

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարության փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետության աշխատանքի սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից կենսաթոշակների ու նպաստների վճարումները իրականացնելու համար ս.թ հոկտեմբերի 23-ից գործարկվելու է 2-րդ տեղամասը՝ Ստեփանակերտ քաղաքում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու (այդ թվում՝ նշված տեղամասի հասցեն իմանալու) համար կարող եք զանգահարել 047-94-54-43 հեռախոսահամարով: Կենսաթոշակ եւ (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

 

 

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ

Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների եւ դրանց ներդրման կարգի նախագիծը։ Այլընտրանքային նախադպրոցական կրթությունը կազմակերպելով համայնքահեն եղանակով՝ նախադպրոցական հաստատություն չունեցող բնակավայրերում այն դարձնել ցածր արժողությամբ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող կառույց: Առաջարկվում է նախադպրոցական կրթական ծառայության մատուցման մի քանի տարբերակ՝

տարբերակ 1. ծառայությունները կարճօրյա են՝ 3.5-4 ժամ տեւողությամբ, առանց ցերեկային քնի ապահովման: Խմբում երեխաների առավելագույն քանակը՝ 30։ Նպատակահարմար է կիրառել, եթե բնակավայրում առկա է գործող համայնքային հաստատություն (համայնքապետարան, մշակույթի կենտրոն)։

Տարբերակ 2. /8 ժամ/. կիրառելի է, եթե երեխաների թիվը փոքր է՝ 15-20 երեխա, եւ համայնքն ունի միջոցներ ամբողջ օրով նախադպրոցական կրթություն տրամադրելու համար։

Տարբերակ 3. /4-4.5 ժամ/. կիրառելի է, եթե համայնքում  երեխաների  թիվը մինչեւ 15 է, եւ համայնքը չունի մյուս մոդելներն իրականացնելու հնարավորություն։ Նպատակահարմար   է   կիրառել,   եթե   բնակավայրում առկա է համապատասխան պայմաններ ունեցող տուն։ Համայնքը կարող է համակարգել մինչեւ 3 տան պայմաններում մատուցվող ծառայությունը։

Տարբերակ 4. /8 ժամ/. կիրառելի է, եթե նախադպրոցական կրթական ծառայության կազմակերպման համար համայնքն ունի միջոցներ, սակայն չունի շենքային պայմաններ։ Նպատակահարմար   է   կիրառել,   եթե   համայնքում   առկա է մինչեւ 15 երեխա ընդունելու համար նախատեսված տուն։

Տարբերակ 5. կիրառելի է բացառապես խոշորացված բազմաբնակավայր համայնքներում տվյալ համայնքում արդեն գործող նախադպրոցական ուսումնական հաստատության մասնաճյուղ ստեղծելու կամ իրավաբանական անձի վերակազմակերպում իրականացնելու միջոցով՝ փոփոխություն կատարելով գործող նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրության մեջ:

Տարբերակ 6. դպրոցներում 1-ամյա նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում 5-6 տարեկանների համար: Այս դեպքում դպրոցի դասասենյակներից մեկը կվերածվի նախադպրոցական խաղասենյակ-դասարանի:

Տարբերակ 7. դպրոցներում երեքամսյա նախապատրաստական նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում՝ 5-ից 6 տարեկան երեխաների համար:

Տարբերակ 8 (մոբայլ). նպատակահարմար է, եթե համայնքի երեխաների թիվը մինչեւ 15 է, եւ նախադպրոցական կրթությունը կազմակերպելու համար կա մասնագետների խնդիր։ Ենթադրում է մասնագիտական թիմի կողմից 1 օրվա ընթացքում առնվազն 2-3 համայնքում նախադպրոցական ծառայությունների մատուցում։

Մոդելների ներդրումն իրականացվելու է բացառապես այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական կրթության որեւէ ծառայություն չի գործում: Այն  տեղի կունենա հետեւյալ փուլերով՝ համայնքների հայտերի ներկայացում, դրանց գնահատում, բնակավայրերի ընտրություն ու համապատասխան մոդելի հաստատում, դրամաշնորհի հատկացում եւ հաշվետվությունների ընդունում:




Լրահոս