ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արցախում

Չնայած Արցախում ընթացող պատերազմին՝ այս երեխաների ժպիտը, միեւնույնն է, չի մարել։ Նրանք ամուր են, հզոր ու անկախ Արցախի սերունդն են։

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որ դեպքերում գործատուն իրավունք ունի իր նախաձեռնությամբ լուծել աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:

Գրիշա Ահարոնյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ գործատուն իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը՝

8) աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում,

9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում,

10) պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում,

11) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի՝ վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ:

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ կարող է արդյոք գրավառուն (բանկ, վարկային կազմակերպություն, գրավատուն) առանց ինձ ծանուցելու վաճառել գրավ դրված իմ գույքը:

Կարինե Մաթեւոսյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ, ո՛չ, չի կարող: Եթե գրավի պայմանագրով կամ գրավառուի եւ գրավատուի միջեւ կնքված գրավոր համաձայնությամբ առկա է դրույթ՝ առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին, ապա գրավառուն Ձեր կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պարտավոր է գրավոր՝ պատշաճ ձեւով ծանուցել Ձեզ (պարտապանին) առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի 2-րդ մասի:

Նույն հոդվածը սահմանում է նաեւ, որ բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն իրավունք ունի իրացնելու գրավի առարկան: Վերոնշյալ համաձայնության բացակայության դեպքում գրավ դրված գույքի հաշվին գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարվում են դատարանի վճռով:

Այսպիսով, ֆինանսական կազմակերպությունը պետք է Ձեզ գրավոր ծանուցի գրավադրված գույքի իրացման վերաբերյալ, որից երկու ամիս հետո միայն կարող է իրացնել գույքը:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ վարկի տրամադրումը մերժելու հիմքերը սահմանվում են բանկի ներքին կանոններով, եւ եթե բանկը մերժում է հաճախորդի՝ վարկ ստանալու վերաբերյալ դիմումը, ապա պետք է նշի մերժման հիմքը:




Լրահոս