Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ սկսվեց 2011թ. փետրվարի 24-ին` ժամը 15-ի սահմաններում, Սամվել Բալասանյանին պատկանող «Գյումրի գարեջուր» ՍՊԸ անցակետի դիմաց տեղի ունեցած սպանության գործի քննությունը: Սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքից այդ օրը մահացավ 1982թ. ծնված Արթուր Առաքելյանը, իսկ Վարդան Ասատրյանի կյանքը բժիշկներին հաջողվեց փրկել: Դատաքննությանը վերջինս չէր ներկայացել, ինչպես նաեւ տուժողի իրավահաջորդ Ալիկ Առաքելյանը: Նրա փոխարեն դատական նիստերին կներկայանա փաստաբան Վահե Արմենակյանը: Գործով ամբաստանյալները 5-ն են` 3 եղբայրներ Արմեն, Ալբերտ եւ Արսեն Սահակյանները, Ռուդիկ Շահնազարյանը եւ Արմեն Սահակյանը:Ավագ եղբայր Արմեն Սահակյանը մեղադրվում է 2 անձի նկատմամբ սպանության փորձ, ապա սպանություն եւ չարամիտ խուլիգանություն կատարելու մեջ, Ալբերտ Սահակյանը` գողություն եւ խուլիգանություն, Արսեն Սահակյանը` խուլիգանություն, Ռուդիկ Շահնազարյանը` գողություն կատարելու մեջ: Այս դատաքննությունը բացառիկ էր այն առումով, որ ՇՄ դատախազ Դավիթ Սարգսյանն անձամբ էր եկել եւ որպես մեղադրող: Նախ հիշեցնենք, որ նախնական տեղեկությունն այն էր, որ գործարանի աշխատակիցները վեճի են բռնվել Սամվել Բալասանյանի որդու` Միսակ Բալասանյանի թիկնապահների հետ, եւ որ մահացած երիտասարդը եւս Բալասանյանի թիկնապահն է եղել: Բալասանյանները շտապեցին անմիջապես հերքել լուրը, թե նման բան չկա: Մինչդեռ ամբաստանյալներն այսօր միաբերան հայտարարեցին, որ վիճաբանության մասնակիցները եղել են թիկնապահներ եւ անգամ զենք են կրել: Եւ այսպես, ամբաստանյալների հարցաքննություններից պարզվեց, որ 3 հոգով (Ռուդիկ Շահնազարյան, Ալբերտ Սահակյան եւ Դավիթ Միքայելյան) որոշում են գործարանից գողություն կատարել, քանի որ մի քանի ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել: «Տնօրինությունը կսեր` ձեռք չի տա, մի՛ աշխատեք: Մենք էլ արդեն տրանսպորտի փող չունեինք: 3 ամիս փող չէին տվել»,-հայտարարեց Ալբերտ Սահակյանը: Ռուդիկ Շահնազարյանն էլ հավելեց. «Իմ արձակուրդայինս էլ, վերջնահաշիվս էլ չեն տվել: Պայմանագրային աշխատող էլ չեմ եղել»: Գործարանից մի քանի փական են գողացել, հետո երբ հայտնի է դարձել, որ գարեջրի գործարանի տարածքում տեղի է ունեցել գողություն, դրանք հետ են վերադարձրել: Սակայն ամբաստանյալների պնդմամբ` Միսակ Բալասանյանի թիկնապահները նրանց տարել են ռեստորան, ծեծել են եւ ստիպել իրենց վրա վերցնել շարժիչների գողությունը եւս ու պահանջում են գործարանին վերադարձնել 1.5 մլն դրամ գումար: «3 զինված թիկնապահ տարան մեզի, ծեծեցին, յանի 1.5 միլիոնի ապրանք ենք տարե: Կսեին` գուկաք, ձրի կաշխատիք: Ախրաննիկներից մեկն էլ կսեր` պոչկեքդ կհանեմ, կտանիս, կծախես, փողը կուդաս»,-պատմեց Ռուդիկ Շահնազարյանը:Դատարանի դահլիճում ամբաստանյալները հայտարարեցին, որ սպառնացել է նաեւ Միսակ Բալասանյանը` ասելով. «Ուրախ էղե՛ք` ձեզի պատվալը չենք պահե»: Կատարվածից հետո Ալբերտ Սահակյանը զանգել է եղբորն ու պատմել եղելությունը, վերջինս էլ շտապել է գործարան, որպեսզի հանդիպի Միսակ Բալասանյանի հետ եւ հասկանա` ինչ 1.5 մլն դրամի մասին է խոսքը, սակայն թիկնապահները թույլ չեն տվել: Դրսում դարձյալ տեղի է ունեցել լեզվակռիվ, քաշքշուկ…Արմեն եւ Ալբերտ Սահակյանների խոսքերով` իրենք զենք են տեսել մահացած Արթուր Առաքելյանի մոտ եւ ոչ միայն նրա: Բացատրեցին այսպես, թե իբր վախեցել են, որ թիկնապահներն առաջինը կկրակեն, եւ Արմեն Սահակյանն առաջինն է հանել դանակը: «Ես ոչ մի նպատակ չեմ ունեցել ինչ-որ մեկին վնաս պատճառելու, ուղղակի օր զենքի անուն տվեցին, կողքս էլ 2 ախպորս կծեծեին, դանակը հանեցի ու թափահարեցի»,-հայտարարեց Արմեն Սահակյանը: Հաջորդ դատաքննության ժամանակ, ըստ ապացույցների հետազոտման կարգի, հարցաքննվելու են տուժողի իրավահաջորդ Ալիկ Առաքելյանն ու տուժող Վարդան Ասատրյանը:ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ Գյումրի
ԱՂՄԿՈՏ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆԵՐԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ