
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հանգամանալից քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը:
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, հեռախոսազրույցի ընթացքում նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել չդադարող լայնածավալ մարտական գործողությունների կապակցությամբ և հակամարտող կողմերին կոչ արել շուտափույթ և լիակատար հրադադարի և լարվածության թուլացման:
«Ընդգծվել է հակամարտության դիվանագիտական լուծմանն այլընտրանքի բացակայությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը: Դիտարկվել են իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները»,- ասված է հաղորդագրությունում: