ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ:
«Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ ձեռքբերված հրադադարի պայմանավորվածությունների կատարման շուրջ:
ԱԳ նախարարը, անդրադառնալով հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում հումանիտար հարադադարի հաստատման մասին ձեռքբերված պայմանավորվածությանը, նշեց, որ Ադրբեջանը, հերթական անգամ ի ցույց դնելով իր ուխտադրուժ կեցվածքը, հրաժարվել է ստանձնած պարտավորություններից և շարունակում է Արցախի քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառմամբ: Երկուստեք ընդգծվեց կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների անվերապահ կյանքի կոչման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում