Հինգշաբթի Մոսկվայում մեկնարկել են Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչիի և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի բանակցությունները, որոնց թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է, գրում է IRNA գործակալությունը:
Հայտնի է, որ Իրանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման նոր նախաձեռնությամբ, որտեղ գլխավոր դերը հատկացված է տարածաշրջանի երկրներին: Այս մասին Արաքչին հայտնել է Մոսկվա ժամանելուց հետո:
«Պատասխանատվություն ենք ստանձնում և կօգնենք լուծել ճգնաժամը»,- դիվանագետի խոսքերը մեջբերում է ՌԴ-ում Իրանի դեսպանության թելեգրամյան ալիքը:
«Մենք տարածաշրջանային մոտեցում ենք առաջարկել այն երկրներից, որոնց հիմնական դերն այս ճգնաժամի լուծումն է, և Ռուսաստանը կարևորագույն երկրներից է տարածաշրջանում»,- ասել է Արաքչին:
Ըստ պաշտոնյայի՝ իրանական նախաձեռնությունը հիմնված է մարդասիրական սկզբունքների և հակամարտող երկու կողմերի պահանջները հաշվի առնելու վրա: Նախաձեռնությունը ներառում է հրադադար, հարձակումների դադարեցում բնակելի տարածքներում ու քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաև տեղահանվածների վերաբնակեցում:
Իրանի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց է տվել իր անարդդյունավետությունը ԼՂ խնդրի լուծման հարցում:
Հայտնի է, որ նախքան Մոսկվա ժամանելն Արաքչին եղել է Բաքվում: Նախատեսվում է, որ պաշտոնյան կայցելի Երևան և Անկարա: