ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է շատ կարեւոր մի նախագիծ՝ տիեզերական գործունեության մասին: Նախարարության՝ կառավարությանը ներկայացրած նախագծով սահմանվում են տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների՝ ներառյալ վթարների եւ աղետների քննության հետ կապված հարաբերությունները:
Տեղեկացնենք, որ ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2020 թվականի մարտի 6-ին ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս օրենքի 6-րդ հոդվածի համաձայն ՀՀ կառավարությունը սահմանում է տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների՝ ներառյալ վթարների եւ աղետների քննության կարգը: Ի դեպ, քննությունը կիրականացնի ՀՀ վարչապետի կողմից նշանակված հանձնաժողովը:
Կսահմանվեն հանձնաժողովի աշխատանքի կազմակերպումը, քննության ժամկետը: Բայց մյուս կողմից, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը իր հերթին վստահեցնում է, որ քննությունը նպատակ չունի ճանաչել մեղավորներին եւ որոշել նրանց պատասխանատվության աստիճանը: Ավելին, քննության գործընթացն իր մեջ ներառում է տեղեկատվության հավաքում եւ վերլուծություն, անհրաժեշտ հետազոտությունների անցկացում, պատահարի պատճառների բացահայտում, հաշվետվության եւ եզրակացության կազմում:
Ս.Հ.