ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՄԵԿ ԱՄԻՍ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում սկսված պատերազմից անցել է ուղիղ մեկ ամիս. այսօր հոկտեմբերի 27-ն է: Այսպիսով, ի՞նչ ունենք պատերազմից մեկ ամիս անց: Հոկտեմբերի 26-ի դրությամբ հայկական կողմն ունի 974 զոհ, իսկ հրապարակված քարտեզի համաձայն՝ ադրբեջանական կողմի տիրապետության տակ է գտնվում Թալիշ գյուղը եւ Հադրութի շրջանը՝ ոչ ամբողջությամբ: Երեկ հայկական կողմը ներկայացրել է ադրբեջանական կողմի կորուստները: Ըստ այդմ, ադրբեջանական կողմը հոկտեմբերի 26-ի դրությամբ ունի խոցված 220 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 600 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ եւ 6674 զոհ: Չնայած պատերազմից դեռ մեկ ամիս է անցել, սակայն, ինչպես ընդգծում են բազմաթիվ մասնագետներ, որպես հինգերորդ սերնդի պատերազմ՝ այն իր չափերով եւ ինտենսիվությամբ անհամեմատելի է մինչ այժմ աշխարհում եղած շատ ռազմական գործողությունների հետ: Օրինակ՝ Դոնբասում տեղի ունեցած պատերազմը ձգվեց հինգ տարի, սակայն դրանք այդքան ինտենսիվ չէին: 2014-ի գարնանից մինչեւ 2019-ի նոյեմբեր ամիսը Դոնբասում տեղի ունեցած պատերազմի հետեւանքով զոհվել է 3 խաղաղ բնակիչ: ՄԱԿ-ի գնահատմամբ՝ հրետակոծման ժամանակ վիրավորվել է մոտ 9 հազար մարդ, իսկ 1 միլիոն 300 հազար մարդ դարձել են ներքին տեղահանված անձինք: Նկատենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ օրեր առաջ իր խոսքում նշել էր, որ Աֆղանստանում պատերազմի 10 տարիների ընթացքում խորհրդային բանակում զոհվել է 13 հազար մարդ, իսկ այստեղ այս կարճ ժամանակահատվածում՝ մոտ 5 հազարը: Այս մեկ ամսվա ընթացքում հումանիտար հրադադարի հասնելու արդեն երեք անհաջող փորձ է կատարվել: Վերջինը հոկտեմբերի 25-ին էր, երբ ԱՄՆ-ն հայտարարեց հոկտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 8:00-ից Լեռնային Ղարաբաղում նոր հումանիտար հրադադար հաստատելու մասին, սակայն Ադրբեջանը մինչեւ այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ բոլոր 3 պայմանավորվածությունները։

 

 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ, առհասարակ, ԱՄՆ-ի ուշադրությունն առաջիկա շաբաթներին կենտոնացված է լինելու միայն ընտրությունների վրա։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ամերիկացի փորձագետ, դիվանագետ Ջոն Հերբսթը՝ նշելով, թե ավելի ուրախ կլիներ, եթե Ամերիկան շատ ավելի ակտիվ լիներ եւ փորձեր ինչ-որ կերպ ազդել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վրա։ Վերջինիս համար սպասելի էր, որ ԱՄՆ-ում արտգործնախարարների մակարդակով կհասնեին հումանիտար հրադադարի, եւ միեւնույն ժամանակ սպասելի էր, որ այդ պայմանավորվածությունը չի կատարվելու։ «Իրական հարցն այն է՝ երկու առաջնորդներն ուզո՞ւմ են դադարեցնել պատերազմը, նրանք ուզո՞ւմ են վերադառնալ տուն, եւ կկատարվի՞ արդյոք հրադադարի համաձայնությունը։ Ակնհայտ է, որ Մոսկվան փորձում է ինչ-որ կերպ վերահաստատել եւ կյանքի կոչել հրադադարի այն համաձայնությունը, որը ձեռք բերվեց Ռուսաստանի մայրաքաղաքում 10 օր առաջ։ Բայց ես կասկածում եմ, որ երկու առաջնորդներն այնքան էլ չեն ուզում գնալ այդ հանդիպմանը», – նշեց նա։ Հավելենք, որ ադրբեջանական կողմը չպահեց նաեւ հումանիտար հրադադարի հասնելու երրորդ փորձը եւ երեկ կրկին դիմեց սադրանքի։ Այս կոնտեքստում մնում է սպասել՝ ինչ կտա հոկտեմբերի 29-ին Ժնեւում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ Հայաստանի մարզերի բժշկական կենտրոններում ԿՏ սարքավորում չկա: Իսկ եթե դրանից մարզային բացառիկ քաղաքներում կա, ապա ծառայությունը մատուցվում է ավելի բարձր գնով, քան Երեւանում է: Օրինակ՝ Ալավերդիի բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ չունեն ԿՏ սարքավորում, ապա խորհուրդ տվեցին դիմել Վանաձորի կամ Դիլիջանի բժշկական կենտրոններ: Իսկ Վանաձորի ԲԿ-ն ունի ԿՏ սարքավորում, որտեղ թոքերի ԿՏ ծառայության արժեքը կազմում է 30 հազար դրամ:  Նույն պատկերն է նաեւ Գեղարքունիքի մարզում. այստեղ ԿՏ սարքավորում կա, բայց Սեւան քաղաքում, այդ սարքավորման միջոցով թոքերի ծառայութան արժեքն էլ 35 հազար դրամ է: Կոտայքի մարզի ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններում ԿՏ սարքավորում առհասարակ չկա, եւ դիմողներին խորհուրդ են տալիս Սեւան դիմել:  Արմավիրի մարզում ո՛չ Արմավիր ԲԿ-ն եւ ո՛չ էլ Վաղարշապատի հիվանդանոցը ԿՏ սարքավորում չունեն, փոխարենը «Մաստեր Ֆարմ»-ն ունի, որը Էջմիածնում մասնավոր բժշկական կենտրոն է: Չմոռանանք նշել, որ կորոնավարակի տարածման այս օրերին թոքերի ԿՏ ծառայությունից օգտվելու համար նախապես է պետք գրանցվել, դա դեռ բավարար չէ, ԿՏ-ի համար նախատեսված կաբինետ մտնելուց առաջ էլ պետք է հերթ կանգնել, պատասխաններն էլ հիմնականում մարզերում տալիս են մեկ-երկու օր հետո։ Այսինքն՝ կորոնավարակակիրը պետք է հիվանդ երկու օր սպասի, նոր միայն նշանակումներ ստանա։ Բայց, ինչպես գիտենք, վարակը արագ է տարածվում, եւ 2 օրը կարող է է՛լ ավելի բարդացնել հիվանդի վիճակը։ Իսկ ի՞նչ է անում ՀՀ առողջապահության նախարարությունը. այս հարցերը կազմակերպելու, իր օղակներով ու կապերով ԿՏ հետազոտության գները ավելի մատչելի դարձնելու փոխարեն միայն կոչեր է անում:

 

 

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում նոյեմբերի 2-ից պետք է մեկնարկեն «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական քննարկումները։ Այս իրավիճակում թերեւս բյուջեի նախագծի քննարկումների ճակատագիրը հարցական է, քանի որ պատգամավորներից, կառավարության անդամներից շատերն Արցախում են կամ ամեն դեպքում հաճախ են մեկնում այնտեղ եւ վերադառնում, եւ դժվար է ասել՝ որքանով հնարավոր կլինի այսպիսի իրավիճակում ապահովել նիստերի անցկացումը։ Նկատենք՝ այստեղ խոսքը բյուջեի նախագծի ավանդական քննարկումների մասին է, որի առաջին օրվան ներկա է լինում եւ բացման խոսքով հանդես է գալիս նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա ոլորտ առ ոլորտ քննարկում է իրականացվում բյուջեի նախագծի վերաբերյալ։ Իսկ մինչ այդ արձանագրենք, որ 2021 թվականի համախմբված բյուջեն գնահատվում է՝ ա. եկամուտների գծով` 1,718.8 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), բ.  ծախսերի գծով՝ 1,992.8 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), գ.  դեֆիցիտը (պակասուրդը)՝ 274.0 մլրդ դրամ։ Իսկ Հայաստանի Հանրապետության համայնքների՝ 2021 թվականի բյուջեները գնահատվում են՝  ա. եկամուտների գծով՝ 149.7  մլրդ դրամ (ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները),  բ.  ծախսերի գծով՝  149.7  մլրդ դրամ:

 




Լրահոս