Ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք արտահայտեց, թե շատերը չէին սպասում, որ Արցախում սեպտեմբերի 27-ից մեկնարկած ռազմական գործողությունները կարող էին վերածվել այսպիսի լայնամասշտաբ պատերազմի, քանի որ նախկինում այսդպիսի էսկալացիաները չէին վերածվել լայնամասշտաբ պատերազմի: Ամեն դեպքում, ռազմական փորձագետը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, թե հոկտեմբերի 27-ին Ժնեւում արտգործնախարարների կայանալիք հանդիպումը եւ այլ նման հանդիպումները խաղաղության հասնելու համար փոքր քայլեր են, որոնք կարող են արդյունք գրանցել:
«Ոչ ոք չէր կարող այդպիսի բան ենթադրել: Հիմա իրավիճակն այլ է, եւ ցանկացած կանխատեսում անշնորհակալ է, սակայն մի քանի փաստ պետք է արձանագրել: Պարզ է՝ երբ խոսք է գնում որեւէ կերպ համաձայնության հասնելու մասին, ապա կարելի է նկատել, որ հարձակողական կողմը չունի այնքան լուրջ հնարավորություններ, որ շարունակի իր գործողությունները: Չպետք է ենթադրել, որ այժմյան հրադադարը որեւէ արդյունք կտա մեծամասշտաբ առումով, սակայն նկատենք, որ նաեւ քաղաքական վակուում է առկա: Չկար կոնսենսուս արտաքին ֆակտորների հետ կապված, սակայն հիմա, կարծես թե, այդ ֆակտորն առաջանում է», – նշում է նա:
Ռազմական փորձագետը նկատում է, որ հոկտեմբերի 29-ին տեղի ունենալիք ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման փաստն ինքնին դրական է: «Չպետք է ենթադրել, որ միանգամից է ամեն ինչ ավարտվելու: Բայց, կարծես թե, քայլեր են արվում ընդհանուր հրադադարի հասնելու համար: Այդ հանդիպումը կարող է իմպուլս տալ, եւ բոլոր քայլերը փոքր են, սակայն դրանք կարող են հասցնել կոնֆլիկտի սառեցման»,- հավելեց նա:
Միեւնույն ժամանակ ռազմական փորձագետը կարծիք հայտնեց, թե այս անգամ որոշիչ դեր է կատարում Թուրքիան, նաեւ այն հանգամանքը, որ միջազգային հանրության շատ ներկայացուցիչներ կարծում են, թե ռազմական գործողությունների կենտրոնը հեռու է, եւ իրենց ոչինչ չի սպառնում: Սակայն նա կարծում է՝ այլ կենտրոններ եւս պետք է ակտիվ արձագանքեն: «Թուրքիայի դերն այստեղ շատ կարեւոր է: Նրանք հենց սկզբից ասել են, որ պաշտպանում են Բաքվին, եւ սա անդրադարձել է ընդհանուր իրավիճակի վրա: Դա նաեւ բարդացրել է ցանկացած տեսակի բանակցությունների փաստը, քանի որ Էրդողանը համառ է բոլոր առումներով եւ չի ցանկանում հետ կանգնել: Հիմա նա եւս պետք է հասնի կարմիր գծի, որ այլեւս չի անցնելու, սակայն մշտապես փորձում է այնպես հանել, որ հաղթողի դերում լինի: Թուրքիան մեծ խաղադրույք է կատարել այս իրավիճակի վրա եւ դրանից էլ օգտվել է Բաքուն: Չպետք է ենթադրել, որ ամեն ինչ միանգամից է լինելու, 90-ականների պատերազմի ժամանակ եւս տարբեր քայլեր էին արվում՝ խաղաղության հասնելու համար, մինչեւ հայկական կողմից հաջողություններ եղան, եւ դա հիմք հանդիսացավ բանակցությունների համար: Բանակները հզոր են, լավ սպառազինված, եւ չնայած Ադրբեջանը լավ զինված է, սակայն հայկական կողմի զինվորներն ավելի լավ պատրաստված են: Այսպիսի պատերազմներում հնարավոր չէ ամեն ինչի միանգամից հասնել, քանի որ բոլոր կողմերը, ներառյալ Թուրքիան, ունեն շատ փոքր հնարավորություններ բանակցելու, քանի որ այս կոնֆլիկտն ունի պատմական հենք», – հավելեց նա:
Վերջինս նկատում է, որ միջազգային հանրությունն այնքան էլ շահագրգռված չէ, եւ պետք է ուղիղ միջամտություն: «Բոլորը միայն հետեւում են իրադարձություններին, բացի Ռուսաստանի Դաշնությունից: Սա շատ երկրներին է վերաբերում: ԱՄՆ-ում եւ Եվրոպայում բոլորը հասկանում են, որ Թուրքիան է ակտիվ դերակատարություն ունենում այս պատերազմում: Թուրքիան ցանկանում է վերականգնել նեոօսմանիզմը, այս հանգամանքը կա, սակայն ի՞նչ կարելի է անել: Պետք է միջազգային հանրությունն այս ամենը օրակարգ ներառի եւ կոնկրետ քայլեր ձեռնարկի, որոնք տարածաշրջանում խաղաղության կհանգեցնեն», – հավելեց նա:
Ն.Հ.
ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ
Կրեմլում ուշադրությամբ հետեւում են Ղարաբաղում տիրող իրավիճակին ու կարծում են, որ, բացի խաղաղ ճանապարհից, այլ կարգավորում չի կարող լինել. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Հիմա մենք ուշադրությամբ հետեւում ենք հակամարտող կողմերի շփման գոտում տիրող իրավիճակին։ Նախկինի պես համարում ենք, որ խնդիրը միայն խաղաղ կարգավորում կարող է ունենալ»,-ասել է Պեսկովը։
ԿՈՉ՝ ԹՈՒՐՔ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ
Մոսկվան Թուրքիային կոչ է անում իր հեղինակությունն օգտագործել կրակի դադարեցմանը հասնելու եւ բանակցություններ սկսելու համար. երեկ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ի երեկոյան 11 ժամ բանակցություններ են եղել իր մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: «Թուրք գործընկերներիս կոչ եմ անում նպատակաուղղված օգտագործել իր հեղինակությունը՝ այդ գիծը պահպանելու համար»,-հայտարարել է Լավրովը:
ԱՄՓՈՓՈՒՄ
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 19-25-ը գրանցվել է 319 դեպք, որից 173-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 105 հրդեհի, 1 փլուզման, 1 ջրահեղձման, 10 ինքնասպանության փորձի, 2 օձի հայտնաբերման դեպք, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաեւ 101 կենցաղային կանչ. տուժել է 84 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի: Հայաստանի Հանրապետության ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:
Արձանագրվել է թունավորման 5 դեպք: Հայաստանի Հանրապետության ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն եւ խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
ԱՐՁԱԳԱՆՔ ԿԼԻՆԻ
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հանձնարարական է տվել, որով սահմանին խախտումների դեպքում պետք է անհապաղ արձագանք լինի:
Իրանի գլխավոր շտաբի պետը հանձնարարական է տվել, որի համաձայն՝ Իրանի տարածք ներխուժման պարագայում ավիացիան պետք է անհապաղ աշխատի: Նաեւ ընդգծվել է, որ իրանական ուժերը տեղակայված են սահմանին:
ՄՏԱԴԻՐ Է ՓՈՓՈԽԵԼ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մտադիր է փոփոխել ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի անցկացման հետ կապված գործընթացը. այս մասին որոշման նախագիծը նախարարությունը ներկայացրել է կառավարությանը՝ քննարկման: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կձեւավորվի հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթային հանձնաժողով: Մրցույթը կանցկացվի երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի: Թափուր տեղ առաջանալու դեպքում դասաժամերը տրամադրվում են հաստատությունում աշխատող, համապատասխան որակավորում ունեցող, նույն հաստատությունում տվյալ առարկան դասավանդած կամ դասավանդող, մինչեւ 22 ժամ ծանրաբեռնվածություն ունեցող ուսուցչին:
Տեղեկացնենք նաեւ, որ մրցույթը հայտարարվում է թափուր տեղ առաջանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում: Յուրաքանչյուր փուլի համար Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից մշակվում է հարցաշար՝ կազմված 200 հարցից: Իսկ առաջադրանքի համար տրվում է 90 րոպե ժամանակ, յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր, սխալ պատասխանը՝ 0: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ մասնակիցը մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:
ԳՐՈՀ ԵՆ ՁԵՌՆԱՐԿԵԼ
Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավարեւելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաեւ խաղաղ բնակավայրերը. հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ծառայությունից: Մասնավորապես, ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ:
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու եւ վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար: