ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ՝ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը հայտնվել է իրավապահների տեսադաշտում: Ի՞նչ է կատարվում, եւ ի՞նչ բացահայտումներ է արել նախաքննական մարմինը վերջինիս գործողությունների մասով: ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ Հայկ Հայկյանը, լինելով Արարատ համայնքի համայնքապետ, լինելով տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար, ունենալով կազմակերպչական-տնօրինչական լիազորություններ, ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու հետեւանքով իր պարտականությունները ոչ պատշաճ է կատարել, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել Արարատ քաղաքի հասարակության օրինական շահերին:

 

Այսպիսով, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա Արարատ քաղաքի ավագանուն «Արարատ քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի թափուր մնացած տնօրենի պաշտոնում ներկայացրել է Արաքս Դավթյանի թեկնածությունը՝ տեղյակ չլինելով, որ 1996թ. ավարտած լինելով «Փանոս Թերլեմեզյանի» անվան գեղարվեստի ուսումնարանը՝ վերջինս չէր կարող նշանակվել «Արարատ քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում: Արարատ քաղաքի ավագանու անդամները 2016թ.-ի դեկտեմբերի 9-ի թիվ 9 նիստի 48 որոշմամբ հավանության են արժանացրել Արաքս Դավթյանի թեկնածությունը, որից հետո պաշտոնատար անձ հանդիսացող Հ. Հայկյանը, խախտելով «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդ. 1-ին մասի պահանջները, 2016թ. դեկտեմբերի 12-ին թիվ 144 կարգադրությամբ Արաքս Դավթյանին նշանակել է «Արարատ քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում:

Դեպքի առթիվ Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քր. օր. 315-րդ հոդ. 1-ին մասով, հարուցվել է քրգործ: Նախաքննությունը շարունակվում է:

Հոկտեմբերի 22-ին՝ ժ.20.40-ին, Վեդիի քննչական բաժնում քննվող 26159919 քրգործի նախաքննության ընթացքում քննիչի կողմից լիազորություններն իրականացնելիս հանցագործության մասին հայտնաբերվել են տվյալներ, որ Լուսինե Ռազմիկի Պողոսյանը /մնացած տվյալները պարզվում են/ երկար տարիներ դասավանդել է Արարատի պետական բժշկական քոլեջում, ունեցել է շուրջ 17 տարվա մանկավարժական փորձ: Արարատի թիվ 2 մանկապարտեզի նախկին տնօրենը իր կամքով դուրս է եկել աշխատանքից, նշված պաշտոնը մնացել է թափուր: Հայկ Հայկյանը, լինելով պաշտոնատար անձ, լինելով տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար, ունենալով կազմակերպչական-տնօրինչական լիազորություններ, ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները ոչ պատշաճ է կատարել, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել Արարատ քաղաքի հասարակության օրինական շահերին, այն է՝ Հ.Հայկյանն իր նախաձեռնությամբ Արարատ քաղաքի ավագանուն նույն քաղաքի թիվ 2 մանկապարտեզի թափուր մնացած տնօրենի պաշտոնում ներկայացրել է Լուսինե Պողոսյանի թեկնածությունը՝ տեղյակ չլինելով, որ 1993-1998 թթ.  ընթացքում «Հայբուսակ» համալսարանը, որտեղ ուսանել է Լ.Պողոսյանը, չի ունեցել պետական հավատարմագրում: Արարատ քաղաքի ավագանու անդամները 2016թ. դեկտեմբերի 9-ի թիվ 9 նիստի 47 որոշմամբ հավանության են արժանացրել Լուսինե Պողոսյանի թեկնածությունը, որից հետո պաշտոնատար անձ հանդիսացող Հ.Հայկյանը, խախտելով «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդ. 1-ին մասի պահանջները, 2016թ. դեկտեմբերի 12-ին թիվ 143 կարգադրությամբ Լուսինե Պողոսյանին նշանակել է Արարատի թիվ 2 մանկապարտեզի տնօրենի պաշտոնում: Դեպքի առթիվ Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քր. օր. 315 հոդ. 1-ին մասով, հարուցվել է քրգործ: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

ՀԱՅՏՆԻ Է ԳՈՆՍԱԼԵՍԻ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՎՈՐԸ

Հոկտեմբերի 12-ին Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի՝ Ֆրանկլին Գոնսալեսի նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել, եւ քրեական գործը ուղարկվել Է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

 

Ավելին՝ ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե ով է քննելու Ֆրանկլին Գոնսալեսի դեմ հարուցված քրեական գործը. այն մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին: Նշենք, որ հոկտեմբերի 19-ին Նարեկ Սարգսյանի պաշտպանները դիմել են դատարան նրա կալանքը գրավով փոխարինելու հարցով, սակայն դատական նիստի ընթացքում դատախազ Արամ  Արամյանը հայտնեց, որ դեռեւս շարունակում են առկա լինել Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանները, եւ, կալանավորումից բացի, այլ խափանման միջոց չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը:

Պաշտպան Կ. Մեժլումյանը հայտնեց, որ նախաքննությունն արդեն ավարտվել է, հարցաքննվել են բոլոր վկաները, բացի այդ, պատրաստվում են դատաքննության ժամանակ միջնորդել արագացված դատական քննություն կիրառելու վերաբերյալ, հետեւապես վերացել են կալանավորման հիմքերը: Միաժամանակ խնդրեց Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել գրավով՝ գրավի գումարի չափ սահմանելով մինչեւ 20.000.000 (քսան միլիոն) ՀՀ դրամը կամ այլ ողջամիտ չափ: Իսկ, ահա, դատախազը առարկեց գրավի միջնորդության դեմ՝ հայտնելով, որ այլ խափանման միջոց չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Նկատեք, որ տուժող Արամ Կարապետյանին ծանուցագիր է ուղարկվել դատական նիստի վերաբերյալ, նաեւ հեռախոսազանգի միջոցով տեղեկացվել է կայանալիք դատական նիստի վերաբերյալ, սակայն վերջինս հայտնել է, որ առողջական վիճակով պայմանավորված՝ չի կարող ներկայանալ դատական նիստին:

Ըստ ԱԱԾ-ի՝ Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում եւ ժամանակահատվածում անհայտ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել եւ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում պահել է ատրճանակներ եւ ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի ակուսափող հրազենի փամփուշտներ, այնուհետեւ դրանք թաքցնելով պայուսակների մեջ ապօրինի կերպով այլ վայրում պահելու համար՝ խնդրել է առանց մեղքի գործող, Նարեկ Սարգսյանի հանցավոր մտադրություններից անտեղյակ Արտեմ Պետրոսյանին պայուսակները փոխադրել եւ պահել իր կողմից նախապես վարձակալած, Երեւան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանում:

Նույն ժամանակահատվածում Նարեկ Սարգսյանը գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել եւ իրեն պատկանող, Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում ապօրինի պահել է 0,1 գրամ խոշոր չափի թմրամիջոցներ, ինչպես նաեւ Նարեկ Սարգսյանը գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել կոկային տեսակի թմրամիջոց: Բացի այդ, նա նախնական համաձայնությամբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, շահադիտական դրդումներով կազմակերպել եւ ղեկավարել է կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, սպառնալիքով, ինչպես նաեւ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ զուգորդված անձի առեւանգումը:

 

 

 

ՎՃԱՐՈՒՄ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

Արցախի կառավարությունը ընդունել է «Ռազմական դրության ժամանակահատվածում աշխատողների վարձատրության գործընթացի կանոնակարգման մասին» նոր որոշում: Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է.

«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը եւ ելնելով ռազմական դրության պայմաններում աշխատողների վարձատրության հետ կապված հարցերը կանոնակարգելու անհրաժեշտությունից՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշել է.

  1. Սահմանել պետական կառավարման մարմինների, պետական կազմակերպությունների ու հիմնարկների աշխատողների՝ ռազմական դրության ժամանակահատվածում վարձատրության հետեւյալ չափանիշները.

1) Արցախի Հանրապետության տարածքում գտնվող՝

ա. տվյալ ամսում աշխատած աշխատակիցներին վճարվում է աշխատավարձ՝ համաձայն հաստիքային ցուցակի: Դրանից բացի, յուրաքանչյուր մարմնում ձեւավորվող պարգեւատրման ֆոնդից աշխատակցին վճարվում է նաեւ պարգեւատրում՝ մարմնի ղեկավարի կողմից որոշված չափով:

Պարգեւատրման ֆոնդի չափերն են տվյալ ամսում սույն ենթակետի համաձայն վճարվող աշխատավարձի ֆոնդի.

– առողջապահության համակարգում՝ 75 տոկոսը,

– ԱՀ ազգային անվտանգության ծառայությունում, ԱՀ ոստիկանությունում, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում՝ 50 տոկոսը,

-մյուս մարմիններում՝ 25 տոկոսը,

բ. տվյալ ամսում չաշխատած աշխատակիցներին վճարվում է փոխհատուցում՝ հաստիքային ցուցակով սահմանված աշխատավարձի չափով,

գ. զորահավաքային զորակոչի միջոցով կամ կամավորական հիմունքներով զինվորական ծառայության անցած, ինչպես նաեւ աշխարհազորայիններին վճարվում է աշխատավարձ՝ ըստ հաստիքային ցուցակի, եւ պարգեւատրում՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով:

2) Արցախի Հանրապետության նախագահի՝ 2020 թվականի հոկտեմբերի 14-ի ՆՀ-465-Ն հրամանագրի համաձայն՝ Արցախի Հանրապետության տարածքից դուրս եկած՝

ա. ծառայողական պարտականությունները կատարող աշխատակիցներին փաստացի աշխատած օրերի հաշվարկով վճարվում է աշխատավարձ՝ ըստ հաստիքային ցուցակի, իսկ չաշխատած օրերի համար վճարվում է սույն կետի բ ենթակետում նշված փոխհատուցումը՝ չաշխատած օրերի համամասնությամբ.

բ. չաշխատած աշխատակիցներին վճարվում է 100 000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում (բժշկական համակարգի աշխատողներին վճարվում է 68 000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում)՝ բացառությամբ այն աշխատակիցների, որոնց առձեռն ստացվող եկամուտը չի գերազանցում 100 000 ՀՀ դրամը: Վերջիններիս վճարվում է փոխհատուցում՝ հաստիքային ցուցակով սահմանված աշխատավարձի չափով:

3) Արցախի Հանրապետության տարածքից Արցախի Հանրապետության նախագահի՝ 2020 թվականի հոկտեմբերի 14-ի ՆՀ-465-Ն հրամանագրի խախտմամբ դուրս եկած, ինչպես նաեւ առանց մարմնի ղեկավարի համաձայնության Արցախի Հանրապետության տարածքից բացակայող արական սեռի աշխատողները չեն վարձատրվում»:




Լրահոս