Հայաստանի առողջապահության նախարարությունն ամեն օր ահազանգում է երկրում կորոնավիրուսի դեպքերի թվի՝ օր օրի աճի մասին: Բոլորը տեղյակ են, բոլորը մտահոգված են, իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս օրերին կոչեր է անում՝ հորդորելով քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները եւ, ամենակարեւորը, դիմակ դնել:
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ Հայաստանի մարզերի բժշկական կենտրոններում «կատե» սարքավորում չկա, իսկ եթե դրանք մարզային բացառիկ քաղաքներում կան, ապա ծառայությունը մատուցվում է ավելի բարձր գնով, քան Երեւանում է: Սկսենք Լոռու մարզից. ArmLur.am-ին Ալավերդիի բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ չունեն «կատե» սարքավորում, ապա խորհուրդ տվեցին դիմել Վանաձորի կամ Դիլիջանի բժշկական կենտրոններ: Արձանագրենք, որ Լոռու մարզում միայն Վանաձորի ԲԿ-ն ունի «կատե» սարքավորում, որտեղ թոքերի «կատե» ծառայության արժեքը կազմում է 30 հազար դրամ:
Փորձեցինք բացատրություն ստանալ Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետ Լուսինե Վարդանյանից, թե ինչու մարզի ոչ բոլոր բժշկական կենտրոններն են ապահովված «կատե» սարքավորումով. «Վանաձորի բժշկական կենտրոնում կա, որը սպասարկում է ողջ մարզին, եւ ոչ միայն մեր մարզում է այդ խնդիրը: Մարզեր կան, որոնք ընդհանրապես «կատե» սարքավորում չունեն, բայց միայն «կատե» սարքավորման միջոցով չէ, որ կորոնավիրուսի ժամանակ կարողանում ենք ախտորոշում դնել: Մենք ունենք նաեւ ռենտգեն սարքավորումներ եւ հնարավորինս փորձել ենք, մանավանդ՝ կորոնավիրուսի շրջանում, մեր բոլոր բժշկական հաստատությունները, որոնք զբաղվում են այդ հիվանդության բուժմամբ, ունենան ռենտգեն սարքավորում»: Պաշտոնյային փոխանցեցինք նաեւ, որ Վանաձորում թոքերի «կատե» ծառայության արժեքն ավելի բարձր է, քան Երեւանում (երեւանյան ԲԿ-ները թոքերի «կատե» ծառայության արժեքը նվազեցրել են եւ հասցրել 20 հազար դրամի): Այդ մտահոգությանն ի պատասխան՝ Լուսինե Վարդանյանն ասաց. «Չեմ կարող ասել, գների հետ կապված համեմատություն չեմ կարող անել, չգիտեմ, թե Երեւանում որքան է: Գնացուցակը հաստատված է եղել շատ վաղուց, եւ դա կապ չունի այդ հիվանդության հետ, մենք չենք կարող իջեցնել. այդ հաստատված գնացուցակով աշխատել ենք ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ հիմա: Առանց այն էլ հիվանդանոցները հիմա ընդհանրապես բոլոր ծառայությունների գծով բավականին վատ ֆինանսական վիճակում են, մենք չենք կարող փոխել գնացուցակը»: Մասնագետը մեզ հետ զրույցում հույս հայտնեց նաեւ, որ առաջիկայում հնարավոր է՝ «կատե» սարքավորում ձեռք բերեն: «Ապագայում՝ գուցե, բայց հիմա դա հնարավոր չէ: Դա շատ թանկարժեք սարքավորում է: Հիմա՝ գուցե այս պահի դրությամբ, «կատե» սարքավորումն անհրաժեշտություն է որոշ դեպքերում, բայց ընդհանրապես այդ սարքավորումը փոքր բժշկական հաստատություններում տարածաշրջանում շատ հաճախ իրեն չի արդարացնում: Դրա համար ավելի շատ մարզային կենտրոնում ենք տեղադրել, որը արդարացրել է իրեն»,- նկատեց մեր զրուցակիցը: Նույն պատկերն է նաեւ Գեղարքունիքի մարզում. այստեղ «կատե» սարքավորում կա, բայց Սեւան քաղաքում այդ սարքավորման միջոցով թոքերի ծառայութան արժեքը 35 հազար դրամ է:
«Ժողովուրդ» օրաթերթը մարզային բուժկենտրոններում «կատե» սարքավորում գտնելու հույսով շարունակեց իր որոնումները. զանգահարեցինք Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն, որի աշխատակիցը, չլսելով հարցը մինչեւ վերջ, անգիր արած արտասանեց՝ Սեւան:
Պարզվում է՝ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններում «կատե» սարքավորում չկա: Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Անի Չիլինգարյանի հետ չկարողացանք խոսել այս հարցի շուրջ. աշխատանքային այցով մարզային բուժհիմնարկ էր գնացել, բայց խնդիրը փոխանցեցինք մարզպետարանի մեկ այլ աշխատակցի, որը մեզ խորհուրդ տվեց թոքերի «կատե» ծառայության համար դիմել Աբովյանի «Սուրբ Մարիամ» ԲԿ: Աբովյանում թոքերի «կատե» ծառայություն իրականացնում է «Սուրբ Մարիամ» անունը կրող մասնավոր բժշկական կենտրոնը, ծառայության արժեքն էլ կազմում է 30 հազար դրամ: Մեր հարցին՝ ինչու է թանկ այն դեպքում, երբ Երեւանում դրա արժեքը 20 հազար դրամ է, պատասխանեցին. «Ախր, ա՛յ հարգելիս, բան չունեմ ասելու… Բայց հին ապարատներով են նայում այնտեղ, թանկանոց ապարատով չեն նայում, վերջին ճիչի ապարատներով ենք մենք նայում մանրակրկիտ, խորացված, լավ գիտենք իրենց հետազոտությունները… Մեզ մոտ բարձրակարգ մակարդակով ստուգվում է ամեն ինչ»:
Արմավիրի մարզում ո՛չ «Արմավիր» ԲԿ-ն եւ ո՛չ էլ Վաղարշապատի հիվանդանոցը «կատե» սարքավորում չունեն, փոխարենը «Մաստեր Ֆարմ»-ն ունի, որը Էջմիածնում մասնավոր բժշկական կենտրոն է: Դրական լուր. այստեղ թոքերի «կատե» ծառայության արժեքն է ցածր՝ 20 հազար դրամ: Բայց այստեղից փոխանցեցին, որ «կատե» ծառայության պատասխանը բանավոր են ասում, մեկ-երկու օր անց գրավորն են տրամադրում: Պատճառն այն է, որ ծանրաբեռնված են աշխատում, հիվանդները շատ են: Չմոռանանք նշել, որ այս օրերին թոքերի «կատե» ծառայությունից օգտվելու համար նախապես է պետք գրանցվել. դա դեռ բավարար չէ, «կատե»-ի համար նախատեսված կաբինետ մտնելուց առաջ պետք է հերթ կանգնել: Հետազոտությունն անցնելուց հետո պատասխանն անմիջապես ձեռքդ չեն տալիս. այս դեպքում բախտդ կբերի, եթե հետազոտություն անցկացնողը լավ մասնագետ է, իր գործի գիտակ է, քանի որ մասնագետը բանավոր է ներկայացնում, թե ինչ վիճակում են թոքերը: Այսինքն՝ պացիենտը պետք է ստուգվի, գնա տուն եւ երկու օր սպասի «կատե»-ի պատասխանին, ապա այն ներկայացնի բժշկին եւ, իհարկե, աղոթի Աստծուն, որ մինչեւ «կատե»-ի պատասխանը թոքերը չախտահարվեն: Ահա այս հարցերը պետք է կազմակերպի առողջապահության ձեր «սրտի նախարարը», ոչ թե բավարարվի միայն կոչեր անելով: Բայց տպավորություն է, որ մեր հանրապետության առողջապահությամբ զբաղվող թիվ մեկ պաշտոնյան՝ Արսեն Թորոսյանը, ընդամենը կոչ անել գիտի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿԱՄԱՎՈՐՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում հետեւյալ ուղղություններով տարվող աշխատանքներում աջակցելու նպատակով.
աշխատանք՝ արտասահմանյան լրատվամիջոցների հետ։ Աշխատանքների համար անհրաժեշտ հմտություններն են՝
առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն), խմբագրական կամ տեքստային նյութերի հետ աշխատելու փորձառություն, աշխատանք սոցցանցային հարթակում, սոցիալական մեդիա մարկետինգի բազային գիտելիքներ (Facebook, Instagram, Telegram VK, OK), ռուսերեն/անգլերեն/ադրբեջաներեն գրավոր լեզվի իմացություն (նշված լեզուներից առնվազն մեկը), Adobe Photoshop ծրագրի բազային գիտելիքները ոչ պարտադիր, սակայն ցանկալի են:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնին անհրաժեշտ են նաեւ ադրբեջաներեն բանավոր լեզվին գերազանց տիրապետող մասնագետներ։Հետաքրքրված եւ վերոնշյալ պահանջներին համապատասխանող բոլոր անձինք կարող են կապ հաստատել մեզ հետ հետեւյալ հեռախոսահամարով՝ 012 250286, ամեն օր՝ 12:00-18:00:
ՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ցամաքային զորքերի հրամանատար Մոհամադ Պակպուրը հայտարարել է, որ իր ժողովրդի անվտանգությունն ու ազգային շահերը Իրանի Իսլամական Հանրապետության համար ամենակարեւոր «կարմիր գծերն են»: Նա այդ մասին հայտարարել է սահմանամերձ շրջաններ այցելության ժամանակ: Սահմաններին ցանկացած վտանգ եւ սպառնալիք, որը խախտում է «մեր թանկագին ժողովրդի անդորրը», կհանդիպի պատասխան միջոցառումների. այդ մասին հայտարարել է Պակպուրը: Նա ընդգծել է, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ուժերը տեղակայվել են Իրանի հյուսիսարեւմտյան սահմաններին երկրի այդ տարածքները պաշտպանելու համար: Հրամանատարը նաեւ հավելել է, որ ԻՀՊԿ-ն ակտիվորեն գործում է սահմանամերձ շրջաններում, հետեւում է սահմանային իրադարձությունների զարգացմանը եւ համապատասխան միջոցներ է ձեռնարկում բոլոր խնդիրները լուծելու համար: Նա ընդգծել է, որ Իրանը հարգում է հարեւան երկրների տարածքային ամբողջականությունը, բայց չի կարող հաշտվել սահմանների բնույթի որեւէ փոփոխության հետ: Նշենք, որ Արցախում պատերազմի սկզբից ի վեր Իրանի տարածքում մի քանի հրթիռ է ընկել:
ԱՄՆ-Ն ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԻ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշումը Ալիեւի եւ Էրդողանի վրա՝ դադարեցնելու պատերազմը Լեռնային Ղարաբաղում: Ադամ Շիֆը նախ նշել է, որ խոսել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Արցախում հրադադարի ապահովման ջանքերի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի շարունակական մահաբեր ագրեսիայի մասին: «ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշումը Ալիեւի եւ Էրդողանի վրա՝ դադարեցնելու այս պատերազմը»,- գրել է կոնգրեսականը: Նշենք, որ հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը, սակայն ադրբեջանական կողմը, ժամը 08:45-ի սահմաններում կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարեւելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաեւ 09:10-ի սահմաններում՝ թիրախավորելով հարավարեւելյան ուղղությամբ դիրքերը՝ արձակելով հինգ հրետանային արկ: Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի՝ Թուրքիայի եւ վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին՝ Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել էր հրադադարի մասին, սակայն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։
ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
Միացյալ Նահանգները հուսով է, որ Ռուսաստանը կդառնա Եվրոպայի ու ԱՄՆ-ի «բարեկամական գործընկերը» եւ կհրաժարվի «ագրեսիայից»: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Ուլիոթը: «Թեեւ նախագահ (Դոնալդ) Թրամփը ձգտում Է լավ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ, Ռոնալդ Ռեյգանից հետո ոչ մի նախագահ այդպիսի վճռականություն չի դրսեւորել Մոսկվայի նկատմամբ»,-հայտարարել է Ուլիոթը:
«Նախագահ Թրամփը գիտի, որ խաղաղությունը ձեռք է բերվում ուժի օգնությամբ, իսկ մենք ուրիշ ճանապարհ ենք փնտրում Ռուսաստանի հետ՝ այն, որով Ռուսաստանը ձեռնպահ է մնում ագրեսիայից արտասահմանում եւ դառնում է ԱՄՆ-ի ու Եվրոպայի բարեկամական գործընկերը»,-հավելել է Ուլիոթը: Նա նաեւ ասել է, որ ամերիկյան վարչակազմը «զգուշավոր լավատեսությամբ» է վերաբերվում Ռուսաստանի ու Չինաստանի հետ սպառազինությունների նկատմամբ վերահսկության համաձայնագրի ձեռքբերմանը: ԱՄՆ-ն անցյալում Ռուսաստանին մեղադրում էր ընտրություններին միջամտելու մեջ, Մոսկվան դա հերքում է: