Արդեն երկու օր է, ինչ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում տեղի ունեցած պսակադրությունը, որը թեկուզեւ խոցված, վիրավոր, բայց շարունակում է ապրել եւ ապրեցնել հայությանը:
Շատերն այն բնութագրեցին «Հարսանիք լեռներում»՝ միայն մի տարբերությամբ, որ հարսանեկան կոստյումի փոխարեն փեսացուն կրել է զինվորական հագուստ, իսկ հարսանեկան շքեղ զգեստը փոխարինվել է ազգային ճերմակ տարազով:
Հովհաննեսն ու Մարիամն այժմ գտնվում են Երեւանում:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է պսակադրության անցկացման տեղի գաղափարի, եկեղեցու խորհրդի եւ այն ուղերձի մասին, որն իր մեջ ամփոփում էր այն:
«Հարսանիքի օրն արդեն իսկ որոշված էր, քանի որ չորս տարի առաջ այս նույն օրն ենք մենք հանդիպել Շուշիում, եւ որոշ ժամանակ առաջ մենք որոշել էինք, որ պետք է պսակադրվենք Շուշիում: Եկեղեցին կոնկրետ որոշված չէր, բայց Ղազանչեցոցը հրետակոծությունից հետո վրավորվեց, մենք որոշեցինք՝ վերջին վիրակապը մենք դնենք այնտեղ եւ մեր ընտանիքի ստեղծման հիմնաքարը սկսենք այնտեղից: Ինձ թվում է՝ ստացվեց, քանի որ մեր այդ քայլով խաղաղության կոչ հղեցինք աշխարհին, որ մենք պատրաստ ենք պատերազմի, բայց մենք չենք ուզում պատերազմ: Մենք խաղաղության, սիրո կողմնակիցն ենք: Մենք դեմ ենք ագրեսիային, մենք դեմ ենք սպանություններին: Ցավալի է, որ երիտասարդ 18 տարեկան զինվորների համար սպանությունը դառնում է սովորական, ինչը նորմալ չէ: Բնականաբար, դա հետագայում իր բացասական ազդեցությունը կունենա անկասկած սպասվող խաղաղության մեջ, որպեսզի այդ դաժան ընթացքն ապրած երիտասարդները նորմալ վերադառնան հասարակության մեջ, եւ մենք պետք է իրականացնենք նմանատիպ միջոցառումներ, քայլեր: 90-ականներին, երբ սեղանի շուրջ խաղաղության կենաց էին խմում, ոչ բոլորն էին լիարժեքորեն գիտակցում դրա արժեքն ու կարեւորությունը: Մենք անհամբեր սպասում ենք այդ խաղաղությանը: Վաղը մեկնելու եմ առաջնագիծ, բայց անպայման հետ վերադառնալու ակնկալիքով»,- նշում է մեր զրուցակիցը:
Իսկ, ահա, Մարիամը մեզ հետ զրույցում անկեղծանում է, որ իրական վախի զգացողությունները հիմա էլ ավելի շատ են, քանի որ Հովհաննեսն արդեն վաղը պետք է մեկնի առաջնագիծ, դեռ կիսատ թողած մարտեր ունի ավարտին հասցնելու, եւ, միեւնույն ժամանակ, հայ կնոջը բնորոշ խիզախությամբ ընդգծում է, որ մեր մշակույթն ու հավատը հարատեւ են, եւ Արցախում շարունակելու են ստեղծվել հայկական ընտանիքներ:
«Ինձ թվում է՝ միայն ես չեմ, այլ բոլորս այս օրերին ապրում ենք զանգից զանգ, երբ գիտենք, որ մեր հարազատը, մեր սիրելին անվտանգ է գոնե այն պահին, երբ զանգում է, եւ սպասում ենք մյուս զանգին: Անկեղծ ասած, ես երբեք հարսանեկան սպիտակ զգեստի մասին չեմ երազել: Իմ ընտանիքում դժբախտություն էր եղել, եւ դրանից հետո առավելեւս չէի ուզում հարսանեկան շոր կրել, բայց սա ոչ թե հարսանեկան զգեստ էր, այլ հայկական տարազ էր: Ուզում էի ավանդական մեր տարազով լինել, որպեսզի թշնամին հասկանա, որ մեր մշակույթը եւ հավատքը հարատեւ են լինելու, եւ Արցախում հայակական ընտանիքներ դեռ ստեղծվելու են…»,-պատմում է Մարիամը:
Մեզ հետ զրույցի վերջում Հովհաննեսը եւս մեկ անգամ հորդորեց մեր հայրենակիցներին զերծ մնալ ավելորդ տեղեկություններ փոխանցելուց առաջնագիծ, իսկ մնացածը մեր տղաները կանեն, եւ հավելեց՝ պետք է միայն թեւ-թիկունքը ամուր պահել, որ տղաները հանգիստ լինեն:
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ԽՈՍԵԼԸ. ԸՆԿԵՐՆԵՐԻՑՍ ՄԻ ՔԱՆԻՍՆ ԱՐԴԵՆ ՉԿԱՆ». ԼԻԴՈՒՇԻԿ
«Ես նույնպես այս հաղթանակած սերնդից եմ, որոնք այս պահին առաջնագծում պաշտպանում եմ մեր հողերը, կռվում են բարբարոս թշնամում դեմ»,- ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է երգչուհի Լիդուշիկը՝ անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցող պատերազմական գործողություններին:
«Ինձ համար շատ դժվար է խոսելը, քանի որ շատ ընկերներ ունեմ, որոնք այս պահին առաջնագծում են, մի քանիսն արդեն չկան, անմահացել են, մի քանիսից ընդհանրապես լուր չունեմ: Ուզում եմ, որ Աստված իրենց պահապան լինի: Ես զգում եմ մեր տղաների ուժն ու հզորությունը: Ուզում եմ միայն ասել՝ վստահ եմ, որ հաղթելու ենք, նորից մեր զինվորները վերադառնալու են տուն, հասնելու են իրենց մայրերին: Ուզում եմ, որքան հնարավոր է, շուտ ավարտվի, որպեսզի վերադառնանք մեր բնականոն կյանքին, բայց այս անգամ արդեն՝ ուրախ, որովհետեւ ազատագրելու ենք մեր հողերը: Արցախը լինելու է ազատ եւ անկախ »,-նշում է նա:
Մեր զրուցակիցը վստահ է, որ հաղթելու ենք, քանի որ այնտեղ իր սերունդն է կռվում:
Լիդուշիկի խոսքով՝ նա նույնպես փորձում է այդ հաղթանակի կերտման մեջ իմ ներդրումն ունենալ:
«Առհասարակ, ես չեմ սիրում դրանց մասին խոսել, բայց ես իմ ընտանիքի հետ միասին նույնպես աջակցում եմ Արցախից եկած ընտանիքներին, փոքրիկներին, զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաեւ մասնակցում եմ հատուկ նրանց համար կազմակերպված միջոցառումներին, որտեղ փորձում եմ իմ երգերով ուրախացնել նրանց, իրենց կողքին լինել»,-հավելում է սիրված երգչուհին:
Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՄՆԱԼ «ՅՈՒՎԵՆՏՈՒՍՈՒՄ»
Թուրինի «Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատաչին հայտարարել է, որ ակումբը բանակցություններ է վարում թիմի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ: «Դիբալան ցանկանում է մնալ «Յուվենտուսում», մենք եւս ցանկանում ենք նոր պայմանագիր կնքել նրա հետ: Այժմ ընթանում են բանակցություններ: Դիբալան բավականին ծանր շրջան է հաղթահարել եւ ապացուցել է բոլորին, որ արժանի է հանդես գալ «Յուվենտուսում»»,-ասել է Պարատաչին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դիբալայի տեղափոխությամբ հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»:
ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իր թիմի գլխավոր խնդիրը խաղային կայունության բացակայությունն է: ««Ռեալում» ես աշխատում էի շատ հզոր ֆուտբոլիստների հետ, եւ մեզ հաջողվել էր հասնել նրան, որ «Ռեալը» միշտ կայուն խաղ էր ցուցադրում: Պետք է անկեղծ լինեմ եւ խոստովանեմ, որ «Տոտենհեմի» թույլ կողմը խաղային կայունության բացակայությունն է: Այստեղ հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ, սակայն մեզ դեռեւս չի հաջողվել հասնել կայուն խաղի»,-ասել է Մոուրինյոն: Պրեմիեր լիգայի 5-րդ տուրից հետո «Տոտենհեմն» ունի 8 միավոր եւ 11-րդ տեղում է:
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՉԵՆ ԵԿԵԼ
Կատալոնական «Բարսելոնայի» եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտին հայտարարել է, որ ավարտված տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող էր վերադառնալ իր նախկին ակումբ՝ «Լիոն»: «Ինձ հետ կապ է հաստատել «Լիոնը», սակայն մենք բանակցություններ չենք վարել եւ համաձայնության չենք եկել, քանի որ «Բարսելոնան» չափից շատ գումար էր պահանջում իմ դիմաց»,- Ումտիտիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
26-ամյա Սամուել Ումտիտին «Լիոնի» սան է, ակումբի կազմում հանդես է եկել 2011-2016 թվականներին:
ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ մտադրություն չունի վերադառնալ իր նախկին ակումբ՝ Լոնդոնի «Տոտենհեմ»: «Ես բավականին ծեր եմ «Տոտենհեմ» վերադառնալու համար: Գործող պայմանագիր ունեմ «Ռեալի» հետ, սակայն չեմ որոշել՝ ինչ եմ անելու «Ռեալից» հեռանալուց հետո: Ակումբի ղեկավարության հետ լավագույն որոշումը կընդունենք իմ ապագայի վերաբերյալ»,- ասել է 35-ամյա Մոդրիչը: Հիշեցնենք, որ Մոդրիչը «Տոտենհեմից» «Ռեալ» է տեղափոխվել 2012 թվական: Նրա պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականի հունիս: