ԲՈՒՐԴ ՉՓԽՈՂԸ ՀԵՌԱՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս աշխատանքից ազատել են Վայքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին, Վայքի գլխավոր բժիշկ Ռոբերտ Ասլանյանին, մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Արտաշես Գալստյանին: Սա եղել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի առաջարկով:Հիշեցնենք, որ վերջերս տեսագրություն էր տարածվել, որտեղ երեխայի հարազատները պատմում էին, որ  30 տարվա աշխատանքային փորձ ունեցող տիկին Հովհաննիսյանն ասել էր, թե «անալգին-դիմեդրոլ սրսկե՛ք, մինչեւ բուրդս չփխեմ, գամ»: Հետեւանքը եղել էր այն, որ ծննդկանի մոտ բարդություններ էին առաջացել, իսկ նորածնին տեղափոխել էին «Մուրացան»-ի հիվանդանոց, որտեղ 15 օր հետո նա մահացել էր:Ոստիկանությունը փաստի առթիվ քրեական գործ հարուցեց 130-րդ հոդվածի հատկանիշներով` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:«Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Շուշան Հունանյանի հետ, ով ասաց, որ ծննդաբերական բաժնի վարիչը նախարար Հարություն Քուշկյանի առաջարկով է աշխատանքից ազատվել: Մամլո խոսնակը նշեց, որ այդ դեպքից հետո նախարար Հարություն Քուշկյանի հանձնարարությամբ հանձնաժողով կազմվեց. «Տեղում ուսումնասիրություններ կատարելուց հետո մասնագիտական եզրակացություն կազմվեց եւ պարզվեց, որ կան կազմակերպչական եւ այլ բնույթի բացթողումներ, որի հիման վրա նախարարը մարզպետին առաջարկեց աշխատանքից ազատել մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետին, բժշկական տնօրենին եւ Մետաքսյա Հովհաննիսյանին»:Եւ այսպես, Հ.Քուշկյանը սեպտեմբերի 15-ին նամակով դիմել է Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանին եւ առաջարկել է զբաղեցրած պաշտոններից ազատել մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետին, կենտրոնի տնօրենին եւ ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին:Ըստ նախարար Քուշկյանի` այդ անձնակազմը «տեղում» չի եղել եւ պատշաճ չի կատարել իր աշխատանքը, ինչի պատճառով նման փաստի առաջ են կանգնել: «Կազմակերպչական աշխատանքների անբավարար մակարդակ է եղել»,-եզրափակեց Շուշան Հունանյանը: Տեղեկացանք նաեւ, որ մարզի առողջապահության եւ սոցիալական հարցերով բուժվարչության պետ Արտաշես Գալստյանին աշխատանքից ազատման հարցը քաղծառայության խորհուրդն է իրականացրել: «Ժողովուրդ»-ի աղբյուրների հավաստմամբ` Վայքի գլխավոր բժիշկ Ռոբերտ Ասլանյանն այժմ հիվանդ է եւ գտնվում է  Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում. կաթված է ստացել:«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի հետ, վերջինս, տեղեկանալով, որ իրեն լրագրող է անհանգստացնում, միանգամից ասաց. «Ես ձեզ ոչինչ չունեմ ասելու», անջատեց հեռախոսն ու այլեւս չպատասխանեց մեր զանգերին:Այսպիսով, ի վերջո, բժիշկներն ու համակարգի պատասխանատուներն իրենց պատիժը կրում են մարդկային կյանք խլելու համար: Հուսանք` հետեւությունը կլինի այն, որ այսուհետ բուրդ չեն չփխի, այլ կկատարեն իրենց մասնագիտական պարտականությունները:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս