«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված պատերազմից հետո Հայաստանի եւ Արցախի ղեկավարները մի քանի անգամ հանրությանը դիմեցին կոչով` կամավորագրվելու եւ առաջնագիծ մեկնելու համար: Շատ տղամարդիկ անմիջապես գնացին զինկոմիսարիատներ` գրանցվելու եւ մարտադաշտ մեկնելու, սակայն զինկոմիսարիատներում շատ շատերին տուն են ուղարկել` հայտնելով, թե երբ հարկ լինի, կկանչենք ձեզ. գերակշիռ մեծամասնությանը դեռ չեն էլ կանչել:
Գոնե մեր խմբագրություն բազմաթիվ մարդիկ են դիմում` զինվորագրվելու, կամավոր ռազմաճակատ մեկնելու պատրաստակամությամբ, որոնց բոլորին ուղղորդում ենք զինկոմիսարիատներ: Եւ, որպես ընդհանուր պատկեր, կարելի է արձանագրել, որ այս պահին մեր երկրում ունենք լիդերների, վստահելի առաջնորդների դեֆիցիտ: Մարդիկ, որոնք ունակ են ջոկատներ կազմելու, ռազմաճակատ մեկնելու, վաղուց գնացել են, իրենց տեղում են:
Եւ հիմա իրականում առաջնորդների խնդիր ունենք, որոնց հետ մարդիկ իրենց կազմակերպված, ինքնավստահ զգան եւ պատրաստ լինեն առաջնորդի հրամանով գնան կռվելու։
Հոկտեմբերին 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղական, տարածքային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին կոչ արեց ջոկատներ կազմել:
Եւ ի՞նչ իրավիճակ ունենք այսօր: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը, Երեւանի ամենամեծ համայնքի` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը կամ, օրինակ, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը եւ այլ պաշտոնյաներ հայտարարեցին զորահավաքի մասին: Իսկ քանի՞սն են հետեւել նրանց կոչին: Անցել է 8 օր, բայց ջոկատները դեռ կազմավորվում են ու կազմավորվում:
Իսկ, օրինակ, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը առանց կոչի, վաղուց կազմավորել են ջոկատներ ու անձամբ առաջնորդել դեպի առաջնագիծ: Այս օրինակները մարդիկ են, որոնք ունեն վստահություն եւ կարողացել են ջոկատ կազմավորել եւ բանակի հետ զուգահետ առաջնագծում մարտական առաջադրանք կատարել: Ահա լիդերների եւ առաջնորդին բնորոշ հատկանիշների բացակայություն ունեցող պաշտոնյաների տարբերությունը: Մեզ այսօր պետք են առաջնորդներ, որոնց հետ մարդիկ առանց մտածելու կգնան անգամ մահանալու:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: