Հայտնի «Լուսին» եւ մի շարք այլ հիթերի հեղինակ, երաժիշտ Արամ Ավագյանն արդեն երկար տարիներ ապրում եւ ստեղծագործում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Արամի հետ եւ նրան հարցեր ուղղեց, որոնց պատասխանները հետաքրքրում են շատ ու շատ ընթերցողների:Արամը խոսեց տարբեր թեմաներից, բայց ասաց, որ չի սիրում անձնական հարցեր, միայն նշեց, որ ամուսնացած է, ունի 3.5 տարեկան դուստր:-Արա՛մ ջան, ենթադրում եմ, որ այս հարցը Ձեզ բազմիցս տված կլինեն, բայց, այնուամենայնիվ, ինչո՞ւ մեկնեցիք Հայաստանից:-Գնալուս միակ նպատակն աշխատանքն էր: Մեծ ցանկություն ունեի աշխատել հանրահայտ մարդկանց հետ: Օրերից մի օր եղավ այդպիսի առաջարկ, ես էլ տեղափոխվեցի այստեղ:-Իսկ ի՞նչը Ձեզ դուր եկավ, որ որոշեցիք հաստատվել ու չվերադարձաք:-Սկզբնական շրջանում ոչինչ դուրս չեկավ, նույնիսկ պահ կար, որ ուզում էի վերադառնալ: Բայց հետո, ինչպես բոլորի մոտ, այնպես էլ իմ, կամաց-կամաց սկսեցի հարմարվել:Էստեղ բաներ կան, որ ինձ շատ են դուր գալիս, կա նաեւ հակառակը: Այստեղ օրենքը բոլորի համար է, կապ չունի` դու ով ես, պետք է ենթարկվես սահմանված կարգերին: Կարմիր լույսի տակ մեքենաները կանգնում են, սրճարաններում կամ ռեստորաններում չեն ծխում: Մարդիկ սիրալիր են միմյանց հանդեպ, մի խոսքով, ավելի հանգիստ է ամեն ինչ:-Ի՞նչ գործունեություն եք ծավալում ԱՄՆ-ում:-Գրում եմ երգեր, գործիքավորումներ եմ անում, աշակերտներ ունեմ: Զբաղվում եմ միայն երաժշտությամբ, եւ, իհարկե, ինձ համար կարեւոր մի բանով` իմ ընտանիքով: -Ասում են` արտերկրում ավելի դժվար է կայանալ, քան սեփական երկրում: Ձեզ համար ինչպե՞ս էր: Հեշտությա՞մբ են դռներ բացվել:-Եթե ուզում եք ճիշտն իմանալ, էստեղ շատ դժվար են բացվում դռները: Ես դեռ նոր եմ հասնում այդ դռներին եւ հուսամ, որ մոտ ժամանակում կկարողանամ դրանք բացել:-Արտասահմանում ինչպե՞ս են վերաբերում հայ արվեստագետներին: -Օրինակ` լավ նկարչի նկարը նայելիս ասում են` իրոք լավն է, նույնը կարելի է ասել արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների մասին: Բայց երբեմն լավը լինելն այնքան էլ կարեւոր չէ, ավելի կարեւոր է, թե դու ում ես ճանաչում: Ցավոք, այստեղ էլ կա դա, ինչպես նաեւ ամեն երկրում:-Ձեր կոլեգաներից շատերը պնդում են, որ Հայաստանն իր մասշտաբներով փոքր է մտքի թռիչք ունեցող արվեստագետի համար, այդ իսկ պատճառով նրանք իրենց գաղափարները ռեալիզացնում են արտերկրում: Դո՞ւք էլ եք այդ կարծիքին:-Համաձայն եմ ու մի բան էլ կավելացնեմ, նրանք հիմնականում չեն գնահատվում: Եւ հետո, արվեստագետը չպետք է ստեղծագործի միայն իր երկրի համար, այլ համայն աշխարհի մարդկության: -Հիշում եմ` կար ժամանակ, երբ Դուք զբաղվում էիք Սիլվա Հակոբյանի պրոդյուսինգով: Ինչո՞ւ դադարեցրիք համագործակցությունը:-Պրոդյուսերը պետք է իրեն նվիրի տվյալ արտիստին, նախ` ես հեռու էի Սիլվայից, հետո` ես էլ իմ պրոյեկտներն ունեմ եւ զբաղվում եմ դրանցով: Իսկ Սիլվան էլի իմ հարազատն է, ու ես միշտ նրա կողքին կլինեմ: -Ձեր տեսադաշտում հիմա կա՞ն այնպիսի տաղանդավոր կատարողներ, ում հետ կցանկանայիք համագործակցել:-Եթե հայերի մասին է խոսքը, գրեթե բոլորի հետ էլ աշխատել եմ: Իսկ եթե խոսքը վերաբերում է այլազգի կատարողներին, ապա ասեմ, որ այդ օրը հեռու չէ, շուտով կլսեք լավ լուրեր: -Հետեւո՞ւմ եք հայաստանյան իրադարձություններին` թե՛ մշակութային, թե՛ քաղաքական:-Ամեն օր ինտերնետում լուրերին տեղեկանում եմ, բայց հեռուստացույց, ցավոք, ժամանակ չի լինում նայելու: Չնայած, բացի սերիալներից, ուրիշ նորմալ բան գտնելը դժվար կլինի: -Հավանո՞ւմ եք հայաստանյան շոու բիզնեսը:-Համեմատած 10 տարի առաջվա, իհարկե, կա առաջխաղացում, ինչի համար շատ եմ ուրախանում: Չեմ կարող միանշանակ ասել, որ հավանում եմ, բայց ես էլ փորձում եմ իմ լուման դնել, օգնել, որ մարդիկ հավանեն: Դե թերություններ ո՞ր ասպարեզում չկան: -Ո՞ր հայ արտիստներին եք համարում կայացած: Անուններ կնշե՞ք:-Չեմ ուզում անուններ տալ, քանի որ շատ-շատ են, կեսին կհիշեմ, կեսին էլ կմոռանամ: Սիրուն չի լինի:-Լավ, ինչի՞ կարիք ունի այսօր Արամ Ավագյանը:-Հնարավորություն մեծ գործեր կատարելու: -Արդեն որոշե՞լ եք, թե որտեղ է լինելու Ձեր վերջին կանգառը: Տեսնո՞ւմ եք Ձեր ապագան Հայաստանում:-Չեմ կարծում, որ կա մեկը, ով գիտի, թե ապագայում իրեն ինչ է սպասվում: Գիտեմ, որ պետք է աշխատեմ ու սխալներ թույլ չտամ իմ ճանապարհին: Իսկ ապագան ցույց կտա, թե որտեղ կլինեն իմ կանգառները:ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
ԱՊԱԳԱՆ ՑՈՒՅՑ ԿՏԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ