ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատերազմի երկրորդ ճակատում իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1600-ով՝ հասնելով 80 հազար 410-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 26 դեպք:  Դրա հետ մեկտեղ որոշում է կայացվել երկարաձգել դպրոցների աշնանային արձակուրդը եւս երկու շաբաթով՝ մինչեւ նոյեմբերի 12-ը ներառյալ: Ակնհայտ է, որ Հայաստանը պատրաստ չէր կորոնավիրուսի երկրորդ ալիքին: Դա են վկայում նաեւ այն հայտարարությունները, որոնք ամեն օր արվում են՝ ցույց տալով, թե ինչ վիճակում են առողջապահական համակարգն ու մահճակալային ֆոնդը: Այնինչ այս ընթացքը պետք է օգտագործվեր առկա բացերը լրացնելու եւ կորոնավիրուսի երկրորդ ալիքին պատրաստվելու համար: Նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր. «Covid-19 սպասարկող այս պահին ունենք ծավալված 2315 սովորական մահճակալ եւ 281 վերակենդանացման մահճակալ: Այսինքն՝ դա մոտավորապես 2600 մահճակալ է եւ կավելանա մի փոքր էլ, շատ փոքր բժշկական կենտրոններում՝ միգուցե մինչեւ մոտ 200, եւ, հավանաբար, դրա վրա կանգ կառնի, քանի որ պարզապես ֆիզիկապես հնարավոր չէ ավելացնել»: Այսինքն՝ այս պահին կրկին շարունակվում են մահճակալների ավելացման աշխատանքներ, այնինչ դա կարելի էր անել այն ժամանակ, երբ կորոնավիրուսի ալիքը թեթեւացել էր, եւ առողջապահական համակարգը մի փոքր շնչում էր, պատերազմն էլ չէր սկսվել։ Այնինչ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կարծես թե, զարմացել է, որ գոյություն ունի կորոնավիրուսի երկրորդ ալիք, եւ միայն հիմա են որոշել մահճակալներ ավելացնել այն դեպքում, երբ այժմ բժշկական կենտրոնները պետք է օգնեն վիրավոր զինվորներին: Նկատենք, որ բժշկական հաստատություններից շատերը կրկին վերապրոֆիլացվել էին եւ դարձել էին սովորական հաստատություններ, այլ ոչ թե սպասարկում էին միայն կորոնավիրուսով հիվանդներին։ Ստացվում է՝ վարակի նահանջի «ոսկե ժամանակը» չօգտագործվեց 2-րդ ալիքին պատրաստվելու համար։ Ինչո՞ւ: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանին, սակայն նրանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր խորհրդարանում կայանալու է Արցախի կանանց եւ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած ռուս քաղաքական գործիչ Ելենա Սիմիրիկովայի հանդիպումը: Ըստ մեր տեղեկությունների՝ ռուս քաղաքական գործիչը հանդիպելու է արցախցի կանանց հետ՝ զրուցելու, նրանցից տեղեկանալու այն իրավիճակի մասին, որն առկա է: Տեղեկացանք նաեւ, որ ռուս քաղաքական գործչի հետ հանդիպումը նախատեսված է իրականացնել բաց ֆորմատով, եթե կողմերը հանկարծ չորոշեն ինչ-որ հարցեր քննարկել նաեւ փակ ձեւաչափով: Մենք տեղեկացանք նաեւ, որ խորհրդարանականներին իշխանական խմբակցության ղեկավարությունից հորդորել են այս ժամանակահատվածում շատ ակտիվ աշխատանքներ իրականացնել արտաքին հարթակներում, ներկայացնել նաեւ Արցախի տարհանված բնակիչների խնդիրների մասին, ինչի համար առաջիկայում նախատեսված են նման հանդիպումներ կազմակերպել խորհրդարանում: Այս հանդիպմանը ներկա կգտնվեն Ազգային ժողովի Հայաստան-Ռուսաստան բարեկամական խմբի պատգամավորները, որոնք տեղում կներկայացնեն այն իրավիճակը, որն առկա է Արցախում:

 

 

 

 

Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններին խոստանում են մի քանի հազար դոլար գումար, սակայն վճարում են 400 դոլար, որը Թուրքիայի նվազագույն աշխատավարձից ցածր է, եւ նրանց ուղարկում են կռվելու Ադրբեջանի համար ամենավտանգավոր տարածքներում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին նշում է լրագրող Անհար Կոչնեվան: Նա ուկրաինուհի լրագրող է, որը առեւանգվել էր Սիրիայում իսլամիստների կողմից դեռ 2012 թվականին երկրում կատարվող իրադարձությունների ժամանակ, երբ, որպես լրագրող, լուսաբանում էր այն, եւ կարողացավ ներկայացնել, թե ինչ իրավիճակ է Սիրիայում: «Ես գիտեմ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Իդլիբից է վարձկաններ ուղարկում Ադրբեջան: Երբ Սիրիայի բանակն ամբողջությամբ ազատագրի Իդլիբը, այնտեղի բոլոր հանցագործները կփախչեն Թուրքիա: Իսկ նրանք Էրդողանին այնտեղ պետք չեն, այդ պատճառով նա նրանց մի մասին Լիբիա է ուղարկել, մի մասին՝ Ադրբեջան: Որքան շատ այնտեղ մահանան, այնքան ավելի քիչ Թուրքիա կգնան», – նկատեց նա: Հավելենք, որ օրեցօր նոր տվյալներ են ի հայտ գալիս սիրիացի վարձկանների՝ Ադրբեջանում՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի պատերազմին մասնակցելու մասին, սակայն Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են հերքել այն:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բազմաթիվ քրեական գործերով անցնող վկաներ, կասկածյալներ գնացել են առաջնագիծ, ինչը նախաքննական մարմնին կանգնեցրել է խնդրի առջեւ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հոկտեմբերի 23-ին գրել էր, որ դատական համակարգում որոշակի գործընթացներ են տեղի ունենում, քանի որ շատ դատական նիստեր հետաձգվում են: Քրեակատարողական ծառայությունից հայտնել էին, որ կալանավորներին չեն կարող ուղեկցել դատարան, քանի որ ուղեկցող գումարտակն այս օրերին գտնվում է առաջնագծում, ուստի դատավորներին այլ ելք չի մնում, քան հետաձգել դատական նիստերը: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանի հետ, որը հայտնեց, թե ռազմական դրությունով, զորակոչով պայմանավորված, անկախ պաշտոնից, զորահավաքի պայմաններում ոչ միայն քննիչները, այլ նաեւ փաստաբանները, դատախազները մեկնել են առաջնագիծ. «Այսինքն՝ դատավարության կողմերը, ունենք նաեւ վկաներ, մեղադրյալներ, կասկածյալներ, որոնք նույնպես զորակոչվել են, ինչը վկայում է այն մասին, որ քրեական գործերի ընթացքը դանդաղելու է: Այո՛, կողմերի զորակոչով պայմանավորված, բնականաբար, կդանդաղեն, սակայն այն գործերը, որոնց ընթացքը հնարավոր է լուծեն դրանք, իհարկե, կլուծվեն, բայց ընդհանուր առմամբ դանդաղելու են»:

 




Լրահոս