ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԱԽՏՈՒՄ ԷՐ, ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԳՐԱՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հետաքրքիր է, թե ինչպես է կրկնվում պատմությունը 27 տարի անց. 1993թ. Ադրբեջանը տապալում էր հրադադարների բոլոր պայմանավորվածությունները. արդյունքները հայտնի են»,- այս մասին գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ կոչ անելով ընթերցել ԵԱՀԿ Մինսկի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովի գիրքը՝ արցախյան առաջին պատերազմի մասին: ArmLur.am-ը զրուցել է Կազիմիրովի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ էր եղել հեռավոր 90-ականներին:

 

-Պարո՛ն Կազիմիրով, կարո՞ղ եք ներկայացնել՝ ինչպիսին էր իրավիճակը հեռավոր 1993 թվականին, երբ Ադրբեջանը շարունակում էր խախտել հրադադարի ռեժիմը:

-1993 թվականին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի առաջին որոշումը հրապարակվեց ապրիլի 13-ին: Այդ հարցի քննարկման նախաձեռնողը եղել էր Ադրբեջանը, որը մինչ այդ արդեն կորցրել էր Քյալբաջարը: Բայց Ադրբեջանին դուր չեկավ այդ հռչակագիրը, քանի որ առաջին հորդորը կրակի անհապաղ դադարեցումն էր: Եվ այդ ժամանակ ՌԴ-ն եղավ նախաձեռնող, մենք նաեւ ներգրավեցինք Իտալիային, ԱՄՆ-ին, անգամ Թուրքիային: Եվ, ահա, այդ չորս պետություններով մենք դիմեցինք հակամարտող կողմերին, որպեսզի կատարեն հռչակագրի որոշումները: Ստեփանակերտն ու Երեւանը միանգամից համաձայնվեցին դրան, իսկ Բաքուն առհասարակ չարձագանքեց: Ահա, օրինակ, թե ինչպես էր Ադրբեջանն արձագանքում հրադադարի մասին որոշումներին:

-Իսկ ի՞նչ եղավ դրանից հետո: Ինչպե՞ս Ադրբեջանը սկսեց կատարել պարտավորությունները:

-Դրանից հետո ՄԱԿ-ի եւս երեք որոշում հրապարակվեց, եւ այդ բոլոր դեպքերում չէր ասվում, թե ով է խախտում պահանջները, սակայն չորրորդ դեպքում արդեն ուժ չկար թաքցնելու, թե ով է խախտում կանոնները, եւ արդեն ասվեց, որ դա կատարվում է Ադրբեջանի կողմից, եւ չորրորդ որոշման մեջ արդեն ասվում էր այդ մասին, սակայն կշտամբանք կար՝ ուղղված նաեւ հայերի հանդեպ, որ նրանք արձագանքում են հրադադարի խախտումներին: Ահա, 1993 թվականի պատմությունը, եւ դրանից հետո եւս խախտումներ եղան, անգամ՝ Հեյդար Ալիեւիի ժամանակ, եւ մի դեպք եղավ, որ վերջինս անգամ բացահայտ կերպով կշտամբեց իր կողմից խախտողներ կատարողներին: Իսկ դեկտեմբերին, չնայած մեր բոլոր առաջարկություններին, Ադրբեջանը հեռացավ  դրանից, եւ մեզ պատասխան ուղարկեցին, որը ընդհանրապես մեր առաջարկներին ի պատասխան չէր: Եվ Ադրբեջանն այդ ժամանակ նախապատրաստում էր գրոհ Հայաստանի դեմ, սակայն ձախողվեցին եւ ունեցան բազմաթիվ կորուստներ: Դրանից հետո արդեն Ադրբեջանը սկսեց ավելի ուշադիր հետեւել մեր բոլոր առաջարկներին, որոնք վերաբերում էին կրակը դադարեցնելուն: Ապրիլի 15-ին արդեն 1994 թվականին կայացավ ԱՊՀ ղեկավարների մասնակցությամբ ժողով, որին մասնակցում էին նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, որի ժամանակ հաղորդագրություն էր նախապատրաստվում, եւ Հեյդար Ալիեւը մեկ նախադասություն ջնջեց հետագայում ընդունված հռչակագրից, սակայն դա այնքան էլ կարեւոր չէր:

-Ստացվում է՝ այն ժամանակ եւս Ադրբեջանը չէր հետեւում ոչ մի կոչի, այս ժամանակ եւս: Ի՞նչ է պետք անել, որ Ադրբեջանը հետեւի այդ կոչերին:

-Ինչ վերաբերում է այժմյան իրավիճակին, ապա ասեմ, որ այն, որ Ադրբեջանը փորձում է իր քայլերը ցույց տալ որպես հակահարձակում, սակայն դա ծիծաղելի է, քանի որ Ադրբեջանը գործողություններ է վարում ամբողջ սահմանին, ընդ որում՝ հարձակողական գործողություններ է կատարում:  Նրանք միշտ էլ հայտարարություններ են արել, ապա վերադարձել հարձակման: Ես հիշում եմ, որ այն ժամանակ եւս Բաքուն հայտարարել էր, թե պատերազմն ավարտված չէ, այն շարունակվելու է: Այնպես որ, Ադրբեջանի հայտարարությունները՝ հակահարձակման մասին, ծիծաղելի են, եւ ոչ ոք չի էլ հավատում: Հիմա ավելի լարված է Իրանի հատվածում, պատերազմը շարունակվում է, պետք է հետեւել, թե հետագայում իրադարձությունները ինչպես կզարգանան: Սակայն հարցն այն է, որ 90-ականներին եւս, ինչպես հիմա, իհարկե Ադրբեջանի պոտենցիալն ավելի մեծ է, քան Հայաստանինն է: Այն ժամանակ եւս նրանք մտածում էին, թե իրենք հզոր են, սակայն հայերն ավելի պատրաստված են, ավելի ստեղծարար եւ գյուղից գյուղ հաղթում էին: Այսինքն՝ Ադրբեջանը շարունակում էր խախտել հրադադարը, իսկ իրականում կորցնում էր տարածքից տարածք: Ահա թե ինչպես են եղել իրադարձությունները հեռավոր 90-ականներին:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 6 ամսով արգելել է Հայաստան թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: Այս որոշումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 31-ից եւ կգործի վեց ամիս ժամկետով:

 

Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը, կրելով տնտեսական բնույթ, այնուամենայնիվ իրենից ենթադրում է նախեւառաջ անվտանգային բաղադրիչ, քանի որ փաստ է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանին՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմական եւ ահաբեկչական գործողություններին:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում է, որ տվյալ ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում այդ ապրանքների պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք հեշտությամբ կլրացվեն տեղական արտադրության շնորհիվ, ինչն, իհարկե, առավել նախընտրելի է: Այստեղ տեղին է նշել «Ալեքս տեքստիլ» -ի օրինակը, որը երկար տարիներ Հայաստանում գործում է:

Այս ընկերության արտադրանքը որակով ու ոճով չի զիջում օտարերկրյա հայտնի ապրանքանիշներին: Ավելին, կարող ենք արձանագրել, որ հայկական «Ալեքս տեքստիլ»-ի արտադրանքը մրցունակ է արտերկրի շուկաներում: Ասել է թե՝ աշխարհի տարբեր ծայրերում կարելի է գնել հագուստ եւ պիտակի վրա կարդալ՝ արտադրված է Հայաստանում, եւ թուրքական ապրանքներին ոչ ասելով՝ հայ սպառողը պետք է գիտակցի, որ այդպես խթանում է տեղական արտադրությանը: Դա թույլ կտա տեղական արտադրությունը խթանել, տեղական շուկայում այդ ապրանքները շրջանառել։ Բնականաբար, այս ամենի արդյունքում նոր աշխատատեղեր կստեղծվեն, եւ մեր բիզնեսը հարկեր կվճարի պետական բյուջե։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ

Ազգային ժողովի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորները հավանություն տվեցին օրենքների մի շարք փոփոխությունների, այդ թվում՝ ««Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթ (կողմ՝ 73, միաձայն); ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (կողմ՝ 73, միաձայն); ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծ (կողմ՝ 73, միաձայն); «Հարկային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթ (կողմ՝ 73, միաձայն):

Պատգամավորները վավերացրեցին նաեւ մի քանի վարկային համաձայնագրեր, այդ թվում՝ «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի վավերացում (կողմ՝ 73, միաձայն); «Հասարակական ենթակառուցվածք II, փուլ՝ 3 ծրագրի մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագրի վավերացում (կողմ՝ 73, միաձայն); «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ – փուլ 1» – մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագրի վավերացում (կողմ՝ 73, միաձայն); «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրի վավերացում (կողմ՝ 72, միաձայն):

 

 

ԵԹԵ ԹՈՒՅԼ ՏԱՅԻՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտմանը: «Մենք հստակ կիմանայինք, թե որ կողմն է խախտել ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը, եթե արդբեջանցիները թույլ տային միջազգային դիտորդներին մոնիտորինգ անցկացնել շփման գծում, ինչպես սահմանված է 2015 թվականի Ռոյս-Էնգել համաձայնագրում»,-նշել է նա՝ ընդգծելով, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք է պնդի դա: ԱՄՆ օրենսդիրներ Էդ Ռոյսն ու Էլիոթ Էնգելն առաջարկել էին երեք կոնկրետ քայլեր, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում բոլոր քաղաքացիների համար համապարփակ եւ տեւական խաղաղության հաստատմանը:




Լրահոս