ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿՄՆԱ ԱՆՓՈՓՈԽ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի հոկտեմբերի 27-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 4.25%: 2020թ. սեպտեմբերին արձանագրվել է 0.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%: Միեւնույն ժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է՝ կազմելով 1.3%։ Չնայած երրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում արձանագրված որոշակի դրական զարգացումներին՝ գնահատվում է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կորոնավիրուսի համավարակի նոր թափով տարածման եւ դրանից ածանցվող բարձր անորոշությունների պարագայում համաշխարհային պահանջարկի եւ տնտեսական ակտիվության վերականգնումը որոշակիորեն կհետաձգվի:

 

Միեւնույն ժամանակ, ապրանքահումքային շուկաներում պահպանվում է թույլ գնաճային միջավայր։ Նման իրավիճակում Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկեր երկրների ԿԲ-ները շարունակում են իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն: Այդուհանդերձ, ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում:

Երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում պահպանվել է ցածր տնտեսական ակտիվությունը եւ սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ, արձանագրվել է տնտեսական ակտիվության 7.5% նվազում, ինչը հիմնականում արտահայտվել է ծառայությունների ոլորտի զգալի կրճատմամբ։ Չնայած իրականացված հարկաբյուջետային խթանող քաղաքականությանը, ներքին պահանջարկը եռամսյակի ընթացքում սպասվածից որոշակի թույլ է եղել՝ առավելապես պայմանավորված մասնավոր սպառման ավելի խորը նվազմամբ: 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական հարձակումը եւ դրա հետ մեկտեղ հոկտեմբերի առաջին կեսին կորոնավիրուսի համավարակի բարձր տեմպերով տարածումը ձեւավորել են բացասական միջավայր թե՛ առաջարկի, թե՛ պահանջարկի զարգացումների տեսանկյունից։

Գնահատվում է, որ թողարկման ծավալների որոշակի կրճատմանը զուգահեռ միաժամանակ կավելանա տնտեսական աճի հեռանկարների հետ կապված անորոշությունը՝ դրանով իսկ որոշակի հետաձգելով տնտեսական ակտիվության եւ ներքին պահանջարկի վերականգնումը: Ստեղծված իրավիճակում կառավարությունը նախանշում է զգալի ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականության իրականացում:

Հաշվի առնելով վերոնշյալ փաստացի եւ սպասվող մակրոտնտեսական զարգացումները, այդ թվում՝ ռիսկի հավելավճարի որոշակի աճը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Նման պայմաններում կանխատեսվող հորիզոնում գնաճն աստիճանաբար կավելանա եւ ժամանակահատվածի վերջին կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Կենտրոնական բանկի խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո առկա են կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման երկկողմանի հավասարակշռված ռիսկեր, ուստի Կենտրոնական բանկը իրական ժամանակի ռեժիմով հետեւում է իրադարձությունների զարգացմանը եւ դրանց դրսեւորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

 

 

1600 ՆՈՐ ԴԵՊՔ

Հոկտեմբերի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 80410 դեպք, որոնցից 51814-ը` առողջացած, 1222-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27027 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 382938 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 3397 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1600 նոր դեպք: Ունենք 652 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71, 69, 58, 72, 71, 67, 58, 80, 74, 67, 69, 52, 83, 65, 76, 69, 79, 75, 74, 70, 72, 54, 74, 66, 72 եւ 61 տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 347 է:

 

 

18 ՎԱՐՁԿԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է

Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) հայտնել է, որ թուրքական կառավարության կողմից Սիրիայից Ադրբեջան ուղարկված եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կռվող վարձկաններից մահացել է եւս 18-ը։ Զոհվածների թվում է նաեւ Թուրքիայից աջակցություն ստացող «Ալ Համզա» դիվիզիայի հրամանատարը։ SOHR-ի աղբյուրների համաձայն՝ զոհված հրամանատարը հիմնականում պատասխանատու էր Լեռնային Ղարաբաղում կռվող «Ալ Համզա» դիվիզիայի խմբերին առաջնորդելու եւ ղեկավարելու համար: Ինչպես հայտնում է Կենտրոնը, Թուրքիայի կողմից աջակցություն ստացող խմբավորումների շրջանում զոհվածների ընդհանուր թիվը առնվազն 188 է՝ ներառյալ 123 գրոհայինները, որոնց մի մասի մարմինները տեղափոխվել են Սիրիա, իսկ մյուսներինը մնացել են Ադրբեջանում:

Նշվում է, որ միայն վերջին մի քանի օրվա ընթացքում SOHR-ի ակտիվիստներն արձանագրել են 36 գրոհայինի մահը։

 

 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ Է ՀՐԵՏԱԿՈԾԵԼ

Արցախաադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: Երեկոյան թշնամական ուժերն ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո:

 

 

ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԻՋՈՑ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն դպրոցների փակումը համարել Է կորոնավիրուսի եմ պայքարի անարդյունավետ միջոց: «Դպրոցների փակումը քիչ է նպաստում վարակի դեմ պայքարին, ուստի դրանք պետք է թողնել բաց»,- նշել է նա: «Ամենամեծ ներգործության տակ են լինում այն երեխաները, որոնք ապրում են բարդ պայմաններում»: Ավելի վաղ Կլյուգեն համավարակի ժամանակ դպրոցների փակումը համարել է «1,6 միլիարդ դպրոցականների ուսուցման ամենամեծ խախտումը պատմության մեջ ավելի քան 190 երկրներում» եւ պարզաբանել է, որ դպրոցները չեն եղել գլխավոր գործոնը վարակի տարածման հարցում: Օգոստոսի 31-ին ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային բյուրոն անցկացրել է վիրտուալ հանդիպում մայրցամաքի 53 երկրների համար, որը նվիրված էր դպրոցների բացմանը եւ COVID-19-ին, որտեղ քննարկվել են անվտանգ պայմաններում երեխաների ուսուցման ապահովման կոնկրետ գործողությունները:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ 11-ՐԴ ՏԵՂՈՒՄ

Հայաստանը կրկին 11-րդ տեղում է աշխարհում մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսի դեպքերի թվով: Մեր երկրում մեկ միլիոն բնակչության հաշվով կա վարակման 27119 դեպք եւ 412 մահվան դեպք (այս ցուցանիշով մենք 23-րդ տեղում ենք աշխարհում):

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Հայաստանը միլիոն բնակչության հաշվով վարակման դեպքերի թվով 18-րդ տեղում էր աշխարհում, սակայն վերջին օրերին դեպքերը սկսել են կտրուկ աճել: Մասնագետների կարծիքով` վիրուսի տարածման պատճառը քաղաքացիների կողմից հակահամաճարակային կանոններին չհետեւելն է:

 

 

3.8 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ

ՀՀ ազգային ժողովը վավերացրել է համաձայնագիր, որով Ճապոնիայի կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրելու է մոտ 3.8 մլն դոլար դրամաշնորհ: Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 72 «կողմ» ձայներ: Համաձայնագրը կնքվել է 2020թ. հունիսի 30-ին ՀՀ կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ: Դրամաշնորհը կազմելու է մոտ 3.8 մլն դոլար: Կառավարությունը նպատակահարմար է գտել այս գումարները ծախսելու լիաքարշ շտապ օգնության եւ «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ ձեռք բերելու վրա:

 

 




Լրահոս