«ԱՅԴ ԵՐԿՈՒ ԱՅԼԱՆԴԱԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՔԱՆԴՎԵՆ». ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թուրքիան եւ Ադրբեջանը  իրականացնում են հանցավոր գործողություններ, որոնց ոչ մի  բացատրություն չկա: Թուրքիան շարունակում է իր  զավթողական ու հայասպան  քաղաքականությունը վարել, ուղղակի  փորձում են ծածկել սուտ ու կեղծ գաղափարներով»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում  նման տեսակետ է հայտնել երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող պատերազմական իրավիճակին:

 

«Ադրբեջանը՝ որպես պետություն, որքան ես հետեւում եմ,  դադարել է արդեն պետություն լինելուց: Ադրբեջանը կարծես անուղեղ մեքենա լինի, որի ուղեղն ինքը մեծ հաջողությամբ հանձնել է Թուրքիային: Սրան ուրիշ բացատրություն չկա, իրենց քաղաքական իշխանությունն արդեն զրոյական վիճակում է գտնվում:  Իսկ Թուրքիան իր հաղթողական քաղաքականությամբ շարունակում է ցույց տալ. ՆԱՏՕ-ն այստեղ շատ վատ ծառայություն է ցուցաբերում  Թուրքիայի գործողությունների վերաբերյալ, որն անհասկանալի է: ՆԱՏՕ-ն կարծես ինչ-որ մի կազմակերպություն լինի, որ չես հասկանում, թե ինչ ճանապարհով, ինչպես է ստացվել, որ իր  անդամ երկրներից մեկը  պատերազմում է, եւ նրանք ոչ մի ձայն  չեն հանում: Ըստ երեւույթին ինչ-որ մի ծրագիր կա, որ իրենք ուզում են ի կատար ածել, բայց այդ ծրագիրը հաստատ  վերջում բերելու է նրան, որ նրանք կազմաքանդեն Ադրբեջանը, իսկ հետո հերթը կհասնի նաեւ Թուրքիային, քանի որ  ոչ մի երկիր թույլ չի տա, որ նրանք ուրիշ գործողությունների դիմեն. սա գլոբալ հարց է»-նշում է մեր զրուցակիցը:

Արտավազդ Բայաթանի կարծիքով՝ այս իրադրության մեջ մենք ամեն ինչ նայում ենք մեր երկրի տեսանկյունից, բայց սա ավելի խորն է, եւ այն կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի:

«Ճիշտ է, մենք նայում ենք մեր տեսանկյունից, բայց սա համաշխարհային խնդիր է, այլապես գերտերությունները նման մասնակցություն չէին ունենա եւ նման հայտարարություններով հանդես չէին գա: Դա արդեն իսկ պարզ երեւում է: Իսկ Եվրամիությունը իմպոտենտ  մի կազմակերպություն է, անհասկանալի մի բան, ինչպես ՀԱՊԿ կազմակերպությունը: Տպավորությունն այնպիսին է՝ կա՛մ կան, կա՛մ չկան: Չես հասկանում, թե ինչ են, ինչ գործառույթ ունեն: Նրանք կխոսեն, երբ խնդրի լուծում պահանջվի, բայց քանի որ դա չի պահանջվում, նրանք, հանգիստ նստած, կշարունակեն  նայել այս մարդասպանությանը»,-նկատում է երգահանը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ինչպես ժամանակին արհեսատականորեն ստեղծվել է կեղծ պետություն՝ Ադրբեջանը, այնպես էլ պետք է կազմաքանդեն այն:

«Ժամանակին ստեղծվել է կեղծ պետություն, հերիք չի՝ մի հատ կեղծ պետություն են ստեղծել, մի հատ էլ բոլշեւիկյան կեղծ Թուրքիա ստեղծվեց. դե, ինչպես որ ստեղծվեց, այնպես էլ պետք է քանդեն, ուրիշ  ճանապարհ չկա, այլապես այս տարածքում խաղաղություն  ոչ մի անգամ չի լինի: Զավթողականությունը նրանց արյան մեջ է, նրանք հանգիստ չեն թողնի  ոչ մեկին, իսկ մենք էլ ոչ մի անգամ չենք զիջի, իսկ ինչո՞ւ պետք է զիջենք, առանց դրա էլ մեր հայրենիքը գողացել են: Ես կարծում եմ, որ այդ երկու այլանդակ պետությունները պետք է քանդվեն, այլապես ոչ մի խաղաղություն չի լինի:  Եթե այս տարածաշրջանը պայթեց, երրորդ համաշխարհային պատերազմ կլինի…»,-եզրափակում է Արտավազդ Բայաթյանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ԵՍ ԱՊՐԵԼ ԵՄ ՈՒ ԾԱՆՐ ԵՄ ՏԱՐԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ». ԱՐԾՎԻԿ

Ռուսաստանաբնակ երգչուհի, «Ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանի մասնակից Արծվիկ Հարությունյանը, անդրադառնալով Արցախում եւ Հայաստանում ստեղծված իրավիճակին, գրել է.

 

«Մենք այդ ամենն արդեն անցել ենք, եւ ես այդ ամենը տեսել եմ իմ աչքերով, ապրել եմ ու ծանր եմ տարել պատերազմը։ Ես դեռ երեխա էի, եւ այդ ժամանակվա հիշողություններն ընդմիշտ իմ սրտում եւ հիշողության մեջ են։ Ես միշտ կհիշեմ, թե ինչպես էինք գիշերը ազդանշանների ձայնի ներքո վազում դեպի ապաստարան, ինչպես մահացավ իմ մորաքրոջ եւ հորեղբոր որդին, ինչպես էր իմ եղբայրը՝ ամբողջ մարմինը բեկորների մեջ, պառկած վիրավոր։ Մենք այդ ամենն անցել ենք, եւ հույս ունեի, որ դա այլեւս երբեք չի կրկնվի։

Մեր ընտանիքում մենք գրեթե երբեք չենք խոսում դրա մասին։

Բայց սեպտեմբերի 27-ից ես նորից կարծես հայտնվեցի այդ ժամանակաշրջանում։ Ես հիմա ինձ զգում եմ, ինչպես այդ փոքրիկ վախեցած աղջիկը։ Չեմ կարող ոչ մի բանի մասին մտածել, ոչ էլ որեւէ բան անել։ Հրաժարվել եմ աշխատանքից։ Չեմ կարող ընդհանրապես ոչինչ անել եւ չեմ կարողանա, մինչեւ այդ պատերազմը չավարտվի։ Չնայած բանականությամբ հասկանում եմ, որ պետք է ապրել, որ պետք է ամեն ինչ անել մարդկանց ոգին բարձրացնելու համար, որպեսզի աշխարհն ավելի բարի եւ ավելի լավը դարձնենք գոնե սեփական ուժերով, ամեն ինչ հասկանում եմ, բայց չեմ կարող։

Ես խոնարհվում եմ բոլոր մայրերի, զինվորների, երիտասարդ տղաների առջեւ, որոնք պաշտպանում են իրենց ընտանիքները՝ անկախ ամեն ինչից։ Ես այնքան հպարտ եմ իմ ժողովրդով, այնքան հպարտ եմ, երբ տեսնում եմ՝ ինչպես ենք բոլորս համախմբվել։

Ես աղոթում եմ ամեն օր եւ խնդրում եմ աղոթել բոլորին, որ այն շուտ ավարտվի։ Պատերազմը սարսափելի է երկու կողմերի համար։ Նրանք կործանում են ընտանիքները, նրանք կործանում են սրտերը, նրանք կործանում են հույսն ու սերը, բարին ու լուսավորը։ Բայց պետք է պինդ լինենք եւ կլինենք»։

 

 

ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ

Լոնդոնի «Տոտենհեմի» կորեացի կիսապաշտպան Հյոն-Մին Սոնը, գոլի հեղինակ դառնալով «Բարնլիի» դեմ անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի հաղթական խաղում (1:0), սահմանել է ռեկորդ: 28-ամյա Սոնը Անգլիայի առաջնության առաջին ֆուտբոլիստն է, որը 6 եւ ավելի գոլ է խփում իր թիմի մեկնարկային 3 արտագնա խաղերում: Կորեացին այս մրցաշրջանում գոլերի թիվը հասցրեց 8-ի եւ գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Հյոն-Մին Սոնին գոլային փոխանցում կատարած Հարի Քեյնը եւս դարձել է ռեկորդի հեղինակ: Դա անգլիացի հարձակվողի 13-րդ միավորն էր «գոլ+փոխանցում» հաշվարկով: Պրեմիեր լիգայի մեկնարկային 6 տուրերի հաշվարկով դա ռեկորդ է:

 

 

ԳՈԼԸ ՆՎԻՐԵԼ Է ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

«Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Օկժետպեսի» դեմ ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 15-րդ տուրի խաղում խփած առաջին գոլը նվիրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարող հայ զինվորին: Գոլից հետո Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը ցուցադրել է զինվորական ժեստ: «Դուք գիտեք, որ հիմա իմ հայրեինք Հայաստանում ընթանում են ռազմական գործողություններ: Ցանկացա այդ ժեստով գոլերս նվիրել բոլոր հայրենակիցներիս, որոնք այս պահին բարդ իրավիճակում են հայրենիքում: Հույս ունեմ, որ շուտով ամեն բան կկագավորվի իմ հայրենիքում, եւ մարդիկ դարձյալ կկարողանան հանգիստ ապրել»,- Բարսեղյանի խոսքը մեջբերում է «Աստանայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ այդ խաղում Ղազախստանի գործող չեմպիոնն արտագնա հաղթանակ էր տարել 5:1 հաշվով, իսկ Տիգրան Բարսեղյանը դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ էր դարձել առաջին խաղակեսում: Ղազախստանի ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստը գոլերի թիվը հասցրեց 3-ի:

 

 

ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԵՌԱՆԱԼ

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից: «Նույնիսկ չեմ ունեցել հրաժարական տալու մասին մտքեր, քանի որ հիմա հրաշալի նախագիծ ենք կառուցում: Առջեւում կարեւոր հանդիպում ունենք Չեմպիոնների լիգայում: Վստահ եմ, որ այս մրցաշրջանում կունենանք տիտղոսներ: Ես կարող եմ դառնալ ակումբի առաջին նախագահը, որին կհեռացնե՞ն. մենք չենք պատրաստվում աշխատել վախի մթնոլորտում, ցանկանում ենք միայն առաջադիմել: Ոչ ոք վախեցած չէ: Մենք 22 տիտղոս ենք նվաճել 10 տարում: Դա լուրջ արդյունք է բոլոր նրանց համար, ովքեր վախեցած են»,-ասել է Բարտոմեուն: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնայի» պաշտոնական անդամները մտադիր են անվստահության քվե հայտնել Բարտոմեուին:

 




Լրահոս