ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ պարտավորություն ունի Ռուսաստանի Դաշնությունը՝ Նիկոլ Փաշինյանի դիմելուց հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները:

Նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը:

Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և  1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

Իսկ պայմանագրի երկրորդ հոդվածում ասվում է. «Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք` համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով: Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին»:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս