ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեփանակերտի կենտրոնական շուկան՝ թիրախում. Արցախում իրավիճակի ամփոփում 12:00-ի դրությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները:

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքենա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ:

ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք:

Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում: Հակառակորդը շարունակում է բացի պաշտպանական բնագծերից թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:

Թշնամական ուժերը կիրառել են նաև Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո: Երեկ, հոկտեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած, Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից:

Առավոտյան ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վարկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը:

Այս անգամ Ստեփանակերտի կենտրոնական շուկան է ադրբեջանական ուժերի թիրախում: Ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը:

Հաջորդ պայթյունից ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:

Նախնական տվյալներով տուժածներ չկան:

Նշենք, որ հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերն, ընդհանուր առմամբ մայրաքաղաքում և շրջաններում պահպանվել էր հարաբերական հանգիստ իրավիճակը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս