Այսօր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն տարածեց՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատասխանին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Առաջին նախագահը, մասնավորապես նշել էր, որ Արցախի հարցում պետք է հույսներս դնենք միայն մեր վրա, ՌԴ-ն այդ հարցում օգնող չի կարող լինել։ Այս հայտարարությանն անդրադարձել է ԱԺ փոխոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Եթե Տեր-Պետրոսյանն ուզում է իմանալ, թե ինչ է ասել Պուտինը, թող զանգի նրան, ով գրեթե ամեն օր խոսում է Պուտինի հետ։
Փաշինյանի նամակը Պուտինին գրված է ժամանակակից ռուսերենով։ Դրա մասին տեղեկատվությունը հրապարակել է ՀՀ ԱԳՆ-ն ժամանակակից հայերենով։ ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ի հրապարակման, արձագանքել է ժամանակակից ռուսերենով։
Ինչպես տեսնում եք՝ խնդրո առարկա տեքստերը խեթերեն կամ սկյութերեն չեն։ Այնպես որ՝ հայ հանրությունը դրանք հասկանալու համար մեռած լեզուների մասնագետի կարիքը չունի։
Իսկ ՀՀ առաջին նախագահը լավ կլինի հրապարակի ԼՂ հարցի կարգավորման իր պատկերացումը, ստեղծված վիճակից ելքի իր առաջարկը։ Խորհրդավոր ակնարկներ անելու կարիք չկա։ Վարչապետի խոսնակը երեկ հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել առաջարկները։ Առայժմ ստացվել է մեկ առաջարկ՝ մեկնել Մոսկվա։ Վարչապետը հավանության է արժանացրել առաջարկը, որը մինչեւ օրս ի կատար չի ածվել։
Հույս ունենք ոչ այն պատճառով, որ առաջարկն արվել էր մերժվելու կանխավարկածով»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամացոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նույնպես արձագանքել է Պետրոսյանի մեկնաբանմանը․
«Վարչապետ Փաշինյանը, հիմք ընունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997թ. «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը, ՌԴ նախագահին դիմում է ուղղել՝ խնդրելով սկսել անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը։
ՌԴ ԱԳՆ-ն, իր հերթին, արձագանքելով վարչապետի դիմումին՝ վերահաստատել է ՌԴ դաշնակցային պարտավորությունները ՀՀ նկատմամբ, և վարչապետի նշած խորհրդակցություններն արդեն սկսված են։ Այսինքն, եթե ասենք պարզ՝ վարչապետի դիմումին ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն ասել է ԱՅՈ՝ բոլոր կետերով։
Բնականաբար, այս ամենը նախապես արվել է փոխադարձ համաձայնությամբ, և սա պետք է դիտարկել որպես կարևոր և հեռանկարային գործընթացների մեկնարկ՝ հրապարակային և ոչ հրապարակային դրսևորումներով։
Մեծարգո նախագահ,
Այս պատերազմը մեր ժողովրդի պատմության ամենակարևոր ու որոշիչ դրվագներից է։ Եթե կուզեք՝ ամենակարևորը։
Սա նախկինում ունեցած ամբիցիաների դրսևորման, նախկինում հնչեցրած կարծիքների ճշմարտացիության ապացուցման տեղը և պահը չէ։ Սա լրջանալու պահն է։ Հաղթանակ մեզ»։